15:20 9 նոյեմբերի, 2026Հայազգի բրիտանացի դերասան Էնդի Սերկիսը, որը «Մատանիների տիրակալը» եռերգությունում կենդանացրել է Գոլումին, խոստովանել է, որ ժամանակի ընթացքում դադարել է հանդիսատեսին համոզել, որ շարժման գրանցման տեխնոլոգիան դերասանական արվեստի լիարժեք ձև է: Նրա խոսքով՝ շատերը դեռևս սխալ են հասկանում, թե ինչպես են ստեղծվում թվային կերպարները:
The Times-ին տված հարցազրույցում Սերկիսն ասել է, որ երբեք առանձնապես չի անհանգստացել այն փաստի համար, որ հանդիսատեսը իրեն հիմնականում կապում է համակարգչային տեխնոլոգիաների միջոցով ստեղծված կերպարների հետ: Գոլումից բացի, դերասանը խաղացել է Քինգ Քոնգի դերը համանուն ֆիլմում և Կեսարի դերը՝ «Կապիկների մոլորակը» եռերգությունում:
«Այս տեխնոլոգիան լիովին սխալ է հասկացվում: Ես նախկինում իսկական քարոզիչ էի. կարող էի ժամերով բացատրել, որ շարժման գրանցման դերը դերասանական խաղ է, բայց տեսնում էի, թե ինչպես են մարդկանց աչքերը մթնում: Կյանքը շատ կարճ է: Ես հանգստացել եմ: Հիմա պարզապես մտածում եմ. «Եթե հասկանաք, հրաշալի է», - նշել է դերասանը:
Սերկիսը շեշտել է, որ Գոլումի կերպարը ստեղծվել է հիմնականում իր դերասանական խաղի միջոցով, իսկ համակարգչային գրաֆիկան պարզապես օգնել է այն կենդանացնել էկրանին։
«Գոլումի նման կերպարները ստեղծվում են դերասանի կողմից, ինչպես որ դիմահարդարման և պրոթեզավորման թիմերը վերափոխել են Ջոն Հերթին «Փիղ-մարդը» ֆիլմում։ Սակայն ինչ-ինչ պատճառներով շատերի համար ավելի հեշտ է հասկանալ դերասանի խաղը ֆիզիկական դիմակի միջոցով, քան թվայինի», - բացատրել է նա։
Սերկիսը կկրկնի Գոլումի դերը «Մատանիների տիրակալը. Գոլումի որսը» ֆիլմում, որտեղ նար նաև ռեժիսորն է։ Ֆիլմի թողարկումը նախատեսված է 2027 թվականի դեկտեմբերի 17-ին։
Իան Մաքքելենը (Գենդալֆ), Էլայջա Վուդը (Ֆրոդո) և Լի Փեյսը (Թրանդուիլ թագավոր) կկրկնեն իրենց դերերը ֆրանշիզում։ Դերասանական կազմում են նաև Քեյթ Ուինսլեթը, Ջեյմի Դորնանը, Լեո Վուդոլը և Անյա Թեյլոր-Ջոյը։