18:30 9 նոյեմբերի, 2026Երևանը մեկ շաբաթով դարձել է անիմացիայի, կոմիքսների և վիզուալ արվեստի սիրահարների հավաքատեղի։ Նոյեմբերի 7-ին Կինոյի տանը կայացավ «ՌեԱնիմանիա» (ReA) 18-րդ միջազգային փառատոնի հանդիսավոր բացումը, որն այս տարի մեկ հարկի տակ է համախմբել ավելի քան 100 անիմացիոն ֆիլմ։ Այցելուներին սպասվում են միջազգային կինոցուցադրություններ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր, հանդիպումներ անվանի արվեստագետների հետ, ինչպես նաև ոլորտի ներկայացուցիչների համար նախատեսված մասնագիտական ֆորումներ։ Փառատոնը կշարունակվի մինչև նոյեմբերի 14-ը։

Փառատոնը մեկնարկեց ռեժիսոր Սեբաստիան Լոդենբախի «Կարմեն. ընդվզող թռչունը» (Viva Carmen!) ֆրանսիական անիմացիոն երաժշտական դրամայով։ Բացման արարողության առանցքային իրադարձություններից էր հայազգի ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ և դերասան Սերժ Ավետիքյանին հատուկ մրցանակի հանձնումը՝ անիմացիոն արվեստում ներդրած նշանակալի ավանդի համար։ Փառատոնի շրջանակում հանդիսատեսի դատին կհանձնվեն նրա երեք կարճամետրաժ աշխատանքները՝ «Կյանքի գիծը», «Գեղեցիկ առավոտ» և «Շնային պատմություններ» ֆիլմերը։
Նոյեմբերի 9-ից 11-ը Հայաստանում անցկացվում է MarAni մասնագիտական ֆորումը, որը միավորում է անիմացիոն կինոյի, կոմիքսների, խաղային ինդուստրիայի և վիզուալ արվեստի ներկայացուցիչներին։ ՀԲԸՄ-ում գործող այս հարթակը նախատեսված է առաջին հերթին այն մասնագետների համար, որոնք փնտրում են միջազգային գործընկերներ, ներկայացնում են նոր նախագծեր և քննարկում համագործակցության հեռանկարները։

Ֆորումի կենտրոնական նախաձեռնություններից է CoReAct հարթակը, որտեղ այս տարի ներկայացված է հայ անիմատորների 12 նախագիծ։ Դրանք կներկայացվեն միջազգային ժյուրիին՝ հնարավորություն ստանալով գրավելու օտարերկրյա պրոդյուսերների ուշադրությունը։

Զուգահեռաբար շարունակվում են կրթական հանդիպումներն ու վարպետության դասերը։ Հրավիրված հյուրերի թվում են լեգենդար Prince of Persia խաղաշարի հեղինակ Ջորդան Մեքները, կոնցեպտ-նկարիչ և արտ-տնօրեն Իգոր Հերաս Ֆեռնանդեսը, նկարիչ-անիմատոր Արմին Թաղդիսիրադը և VR-անիմատոր Դեն Ֆրանկեն։ Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու նրանց մասնագիտական փորձին և բացահայտելու անիմացիայի, կերպարների ու վիզուալ աշխարհների ստեղծման գաղտնիքները։
Կինոյի տան երկրորդ հարկում արդեն գործում է ReAComics ցուցահանդեսը։ Ցուցադրության մեջ ներառված են կոմիքսների ReA չորրորդ ազգային մրցույթի մասնակիցների՝ թե՛ կայացած հեղինակների, թե՛ սկսնակ նկարիչների աշխատանքները։

Փառատոնի մեկ այլ ուշագրավ հարթակ է ARCANE - League of Legends ցուցահանդեսը, որը «ՌեԱնիմանիա»-ն՝ Rambalkoshe-ի հետ համատեղ, Հայաստանում ներկայացնում է առաջին անգամ։ Այն բացվել է նոյեմբերի 8-ին և այցելուների համար հասանելի կլինի մինչև նոյեմբերի 28-ը։ Ցուցադրությունը նվիրված է հանրահայտ անիմացիոն սերիալի գեղարվեստական տիեզերքին։
ReAComics-ի ծրագիրն ընդգրկում է նաև Սոֆյա Միրզոյանի «Ժասմինն ու Բիմբիմը» և Պակո Ռոկայի «Կնճիռներ» գրքերի շնորհանդեսները, Ջորդան Մեքների «Գոյատևում» (Replay) գրաֆիկական վեպի պաստառների ցուցահանդեսը՝ հենց հեղինակի մասնակցությամբ, ինչպես նաև Արտ Շպիգելմանի «Մաուս» ստեղծագործությանը նվիրված ցուցադրությունը։

Փառատոնի կինոծրագիրը կշարունակվի աշխարհի տարբեր ծայրերից բերված լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի ցուցադրություններով։ Ներկայացված կինոնկարների շարքում են Լուի Կլիշիի «Երկաթե տղան», Օլիվիե Կլերի «Լյուսիին փնտրելիս», Էրվին Հանի և Ռաուլ Գարսիայի «Ջութակահարուհին», Կոհեյ Կադովակիի «Տարբեր աշխարհներից», Լիա Նելսոնի «Հանգույցներ», Ադրիա Գարսիայի «Բարակուդայի գանձը» և Ալբերտո Վասկեսի «Դեկորադո» ֆիլմերը։

Առանձին ծրագիր է նվիրված նախորդ տասնամյակների հայկական անիմացիային։ Նոյեմբերի 12-ին Հայաստանի կինոյի հիմնադրամը կներկայացնի «Անիմացիա առանց կանոնների» հետահայաց ցուցադրությունը, որում ընդգրկված են «Կացին», «Մկների ժողովը», «Արձագանք» և այլ ֆիլմեր։

18-րդ «ՌեԱնիմանիա»-ն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ու մշակութային հիմնադրամների աջակցությամբ։