Մեծ Բրիտանիա վերադառնալը թանկ է նստում. Արքայազն Հարրին հրաժարվել է ԱՄՆ-ում 1 միլիոն դոլար աշխատավարձից  

12:21   10 նոյեմբերի, 2026

Արքայազն Հարրին հրաժարվել է ամերիկյան բիզնեսի ամենաբարձր վարձատրվող աշխատանքներից մեկից։ Սասեքսի դուքսը այլևս սոցիալական ազդեցության գլխավոր տնօրենը չէ BetterUp-ում, որը տեխնոլոգիական ընկերություն է և մասնագիտանում է հոգեկան բարեկեցության և առցանց մարզչական գործունեության մեջ։ Նրա պաշտոնն այժմ «ավագ խորհրդատու» է։

Փոփոխությունները տեղի են ունեցել Հարրիի, Մեգան Մարքլի և նրանց երեխաների Մեծ Բրիտանիա վերադառնալուց մի քանի ամիս անց։ Daily Mail-ի տվյալներով՝ արքայազնը նախկինում այս պաշտոնում տարեկան վաստակում էր մոտ 1 միլիոն դոլար։ Նա միացել է ընկերությանը 2021 թվականին, կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ նա և իր կինը հրաժարվեցին բրիտանական թագավորական ընտանիքի ավագ անդամների պաշտոններից և տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Նոր պաշտոնը ենթադրում է ընկերության առօրյա գործունեության մեջ ավելի քիչ ակտիվ դերակատարում: Դուքսի աշխատավարձը ներկայումս անհայտ է։

BetterUp-ի գործադիր տնօրեն և արքայազնի ընկեր Ալեքսի Ռոբիշոն հայտարարել է կադրային փոփոխությունների մասին՝ շնորհակալություն հայտնելով Հարրիին հինգ տարվա համագործակցության համար: Սակայն նա չի հիշատակել դուքսի Մեծ Բրիտանիա վերադառնալու մասին։

«Իր նոր դերում նա կկենտրոնանա մեր խոշորագույն կորպորատիվ հաճախորդներից մի քանիսի հետ հիմնական նախագծերի վրա՝ համագործակցելով մեր թիմի և մեր գործընկեր ընկերությունների ղեկավարների հետ», - ասել է Ռոբիշոն։

Նա հավելել է, որ նոր ձևաչափը թույլ կտա Հարրիին ավելի շատ ժամանակ հատկացնել իր ներդրումային պորտֆելի զարգացմանը, նոր բիզնես հնարավորությունների բացահայտմանը և իրեն մոտ գտնվող բարեգործական նախաձեռնություններին աջակցելուն։



© NEWS.am STYLE