14:17 10 նոյեմբերի, 2026Էլոն Մասկը դժվար շաբաթ է ունեցել: Նա հարյուր միլիոնավոր դոլարներ է ծախսել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների վրա, բայց նրա կողմից աջակցվող հանրապետական թեկնածուները պարտվել են: Այժմ էլ միլիարդատիրոջը քննադատել է հոլիվուդյան դերասան Ռոբերտ Դե Նիրոն:
Օսկարակիրը, Տրիբեկա կինոփառատոնի համահիմնադիր Ջեյն Ռոզենտալի հետ միասին, Նյու Յորքում ներկայացրել է ռեժիսոր Ալեքս Գիբնիի «Մասկ» վավերագրական ֆիլմը: Deadline-ի փոխանցմամբ՝ ֆիլմը քննադատաբար ուսումնասիրում է աշխարհի ամենահարուստ մարդու կյանքն ու գործունեությունը:
Ներկայացնելով ֆիլմը՝ Դե Նիրոն օգտվել է առիթից՝ ընդգծելու միլիարդատիրոջ քաղաքական ծախսերը:
«2024 թվականին Էլոն Մասկը մոտ 300 միլիոն դոլար է ծախսել՝ Թրամփին օգնելու հաղթել ընտրություններում: Իսկ անցյալ շաբաթ նա գրեթե կես միլիարդ դոլար է նվիրաբերել հանրապետականներին աջակցելու համար: Ինչպե՞ս անցավ ամեն ինչ», - հարցրել է դերասանը: Նրա խոսքից հետո հնչել են ծափահարություններ և ծիծաղ:
Դե Նիրոն նաև հիշատակել է Մասկի մեկ այլ անհաջողության մասին՝ այն հայտարարությունը, որ Tesla-ն հաջորդ ամռանը կդադարեցնի այդքան գովազդված Cybertruck էլեկտրական բեռնատարի արտադրությունը։
«Մասկի փողի և ժողովրդավարության միջև պայքարում հաղթեց ժողովրդավարությունը։ Այս անգամ։ Բայց ինչպես իր անհեթեթ Cybertruck-ը, Մասկը փախչելու տեղ չունի», - ասել է դերասանը։
Նա կոչ է արել հեռուստադիտողներին չսահմանափակվել ընտրությունների արդյունքները տոնելով, այլ մնալ զգոն և պատրաստ գործողությունների։
«Սա կարևոր ֆիլմ է։ Հուսով եմ, որ այն ձեզ վրա նույնքան կազդի, որքան ինձ վրա, և դուք ուրիշներին կպատմեք դրա մասին», - ավելացրել է Դե Նիրոն։
Ռեժիսոր Ալեքս Գիբնին, իր հերթին, շնորհակալություն է հայտնել դերասանին աջակցության համար՝ անվանելով նրան դիմադրությանը մեծ ներդրում ունեցածներից մեկը։
Ջեյն Ռոզենտալը խոստովանել է, որ սկզբում տատանվել է, թե արժե՞ դիտել գրեթե չորս ժամ տևողությամբ ֆիլմը։
«Չորս ժամ, Ալեքս, լո՞ւրջ։ Չորս ժամը Էլոն Մասկի ընկերակցությամբ չափազանց մեծ փորձություն է։ Բայց ֆիլմը դարձավ աներևակայելիորեն գրավիչ պատմություն իսկապես նողկալի կերպարի մասին, որին մենք չենք կարող անտեսել», - կատակել է նա։
Ռոզենտալը նաև հիշել է հին չինացի զորավար և «Պատերազմի արվեստը» գրքի հեղինակ Սուն Ցզիին, որը մոտ 2500 տարի առաջ կոչ է արել մեզ ճանաչել մեր թշնամիներին։
«Մասկ» ֆիլմը բացահայտում է այդ անվան հետևում կանգնած մարդուն, և մենք չենք կարող հայացքը կտրել», - ընդգծել է նա։
Վավերագրական ֆիլմը տևում է 3 ժամ 52 րոպե։ Այն ԱՄՆ կինովարձույթում վաստակել է ավելի քան 700,000 դոլար։
Կիրակի օրը ֆիլմը նաև արժանացել է Critics’ Choice Documentary Awards–ի «Լավագույն կենսագրական վավերագրական ֆիլմ» մրցանակին։ Պրեմիերան կայացել է Վենետիկի կինոփառատոնում, իսկ հետագայում ցուցադրվել է Տորոնտոյի, Ցյուրիխի, Լոնդոնի և այլ քաղաքների կինոփառատոներում։