Birkin-ն այլևս կարգավիճակ չի երաշխավորում․ ինչո՞ւ են կոլեկցիոներները հիասթափվում Hermès-ի լեգենդար պայուսակից

21:19   10 նոյեմբերի, 2026

Hermès Birkin պայուսակները տասնամյակներ շարունակ համարվել են ոչ միայն շքեղության խորհրդանիշ, այլև շահավետ ներդրում։ Սակայն կոլեկցիոն աքսեսուարների շուկան փոխվում է․ սոցիալական ցանցերը պաշտամունքային մոդելները չափազանց ճանաչելի են դարձրել, վերավաճառքի շուկան գերհագեցած է, իսկ ունևոր գնորդներն ավելի հաճախ են կասկածում՝ արդյո՞ք սովորական Birkin-ը կարող է պահպանել և մեծացնել իր արժեքը։

Այս մասին գրում է The Times-ը՝ վերլուծելով, թե ինչպես է փոխվում շքեղ պայուսակների հավաքորդության աշխարհը, և ինչու են անգամ Hermès-ի ամենանվիրված երկրպագուները վերանայում իրենց սովորությունները։

Աքսեսուարից մինչև կոլեկցիոն նմուշ

Այսօր պարզապես Birkin ունենալն այլևս բավարար չէ․ իսկական կոլեկցիոներները փնտրում են հազվագյուտ գույներով, անսովոր նյութերից պատրաստված և արտադրությունից հանված մոդելներ։ Նրանք կարող են տարիներով սպասել չափսի, կաշվի, մետաղական դետալների ու երանգի որոշակի համադրության, կապ պահպանել տարբեր երկրներում Hermès-ի խորհրդատուների հետ, հետևել աճուրդներին ու մասնավոր դիլերների առաջարկներին։

Օրինակ՝ Դուբայում բնակվող գործարար Կիրան Չհաբրիան Hermès-ի պայուսակներ սկսել է գնել դեռևս 2002 թվականին։ Հազվագյուտ վառ վարդագույն՝ Rose Tyrien երանգի Birkin-ը գտնելու համար նրանից երկու տարի է պահանջվել։ Նրա հավաքածուում կան նաև Himalaya մոդելը, ծոպերով պայուսակ, վինտաժային Teddy Kelly, Shadow Birkin և Kelly Doll նմուշներ։

Հազվագյուտ պայուսակների բարձր արժեքի մասին են վկայում աճուրդային ռեկորդները։ 2025 թվականին Ջեյն Բիրկինի օրիգինալ պայուսակը՝ երկարամյա օգտագործման նկատելի հետքերով նախատիպը, Փարիզի Sotheby's աճուրդում վաճառվեց 8,6 միլիոն եվրոյով։ Դրա համար տասը րոպե շարունակ պայքարում էին աճուրդի ինը մասնակիցներ։

Այս տարի Rouge Sellier երանգի հազվագյուտ Hermès Faubourg Birkin 20 մոդելը, որից, ենթադրաբար, տասից պակաս օրինակ կա, Christie's-ում վաճառվեց 635 հազար եվրոյով՝ ավելի քան կրկնակի գերազանցելով նախնական գնահատման ստորին շեմը։ Ավելի ուշ այդ մոդելի սպիտակ տարբերակը Հոնկոնգի աճուրդում վաճառվեց 4,3 միլիոն հոնկոնգյան դոլարով՝ ավելի քան 400 հազար ֆունտ ստեռլինգով։

Instagram-ն ու TikTok-ն արժեզրկե՞լ են Birkin-ի բացառիկությունը

Չնայած աճուրդային տպավորիչ ցուցանիշներին՝ լեգենդար Birkin-ը յուրօրինակ ինքնության ճգնաժամ է ապրում։ Որոշ ունևոր կանայք խոստովանում են, որ սկսել են կաշկանդվել այդ պայուսակները կրելուց․ Instagram-ում և TikTok-ում լայն տարածման պատճառով դրանք այլևս հազվագյուտ չեն թվում։

Նման կոլեկցիոներներից մեկը, որը New York Magazine-ին ներկայացել է որպես Տանյա, ունի չորս Birkin և Hermès-ի ևս 25 պայուսակ։ Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերում հայտնի մոդելի ամենուրեք հայտնվելը ստիպել է իրեն այլ աչքով նայել սեփական հավաքածուին։

Ապրանքանիշի երկրպագուների ֆորումներում կարծիքները բաժանվել են։ Ոմանք կարծում են, որ սոցցանցերում անընդհատ հանդիպող հրապարակումներն իսկապես զրկել են Birkin-ին նախկին բացառիկությունից։ Մյուսները հակադարձում են․ եթե մարդուն տհաճ է նույն պայուսակը տեսնել ուրիշների մոտ, ուրեմն նրան գրավել է ոչ թե բուն Hermès-ը, այլ ապրանքանիշի անհասանելիությունն ու սեփական կարգավիճակն ընդգծելու հնարավորությունը։

Շուկայի վրա լրացուցիչ ճնշում են գործադրում նաև վերավաճառքն ու կեղծիքները։ Որքան շատ պայուսակ է հայտնվում շրջանառության մեջ, այնքան դժվար է պահպանել դրանց բացառիկ հազվագյուտ լինելու ընկալումը։

Ոչ ամեն Birkin է հաջող ներդրում

Christie's աճուրդի տան մասնագետները նշում են, որ վերջին տարիներին շքեղ պայուսակների շուկան վերածվել է հավաքորդության լիարժեք ուղղության։ Սակայն բարձր արժեքն այսօր պայմանավորված չէ միայն ապրանքանիշի անվամբ։

Առանձնապես մեծ պահանջարկ ունեն անսովոր չափսերի, գույների և նյութերի հազվագյուտ Birkin ու Kelly մոդելները, Quelle Idole և Kelly Doll Picto տարբերակները, ինչպես նաև Kelly Pochette-ը։ Կոլեկցիոներների հետաքրքրությունն են շարժում նաև 2000-ականների սկզբի արխիվային նմուշները։

Կարևոր դեր ունեն իրի ծագման պատմությունը, պահպանվածության վիճակը և հազվագյուտությունը։ Օրինակ՝ մթերային զամբյուղի տեսքով Chanel պայուսակը, որը ստեղծվել էր 2014 թվականի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրության համար, 2025 թվականի դեկտեմբերին Christie's-ում վաճառվեց 152 400 դոլարով։ Դրա արժեքը բացատրվում է ոչ միայն նորաձևության տան անունով, այլև նրանով, որ այն ցուցադրության համար ստեղծված հազվագյուտ աքսեսուար է։

Չհաբրիան, որն ավելի քան քսան տարի Hermès-ի պայուսակներ է հավաքել, այժմ թերահավատորեն է վերաբերվում յուրաքանչյուր նման գնում ներդրում համարելու գաղափարին։ Նրա կարծիքով՝ շուկան կարող է «օճառի պղպջակ» լինել, որը վաղ թե ուշ պայթելու է։ Աճուրդային ռեկորդային գները սովորաբար վերաբերում են հազվագյուտ չափսերի ու պահանջված երանգների անթերի նմուշներին, այլ ոչ թե զգեստապահարաններում պահվող բոլոր պայուսակներին։

Ինչպե՞ս պահպանել հարյուր հազարավոր դոլարներ արժեցող պայուսակը

Կոլեկցիոներների համար կարևոր է ոչ միայն աքսեսուարը գնելը, այլև այն ճիշտ պահելը։ Խորհուրդ է տրվում պայուսակների ներսը թեթևակի լցնել՝ ձևը պահպանելու համար, դրանք պահել «շնչող» կտորե պատյաններում և տեղադրել միմյանցից հեռու, որպեսզի կաշին ու մետաղական դետալները չվնասվեն։

Արևի ուղիղ ճառագայթները կարող են գունաթափել կաշին, բարձր ջերմաստիճանը՝ չորացնել այն, իսկ ներսում չափից շատ իրեր դնելը՝ ձևախախտել պայուսակը։ Անգամ կողպեքը կարող է քերծվածքներ թողնել, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս այն առանձին պահել։

Պակաս լուրջ վտանգ չէ նաև գողությունը։ Ապահովագրական փորձագետ Մեթյու Էշթոնը պատմել է ավելի քան 700 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ պայուսակների հավաքածուի մասին, որը հափշտակվել էր, ենթադրաբար, մանրակրկիտ ծրագրված կողոպուտի ժամանակ։ Գողությունից հետո վեճ էր առաջացել ապահովագրական ընկերության հետ․ տիրուհին պայուսակներն առանձին չէր նշել թանկարժեք իրերի ցանկում, և ապահովագրողը կասկածի տակ էր դրել վնասի փոխհատուցման կարգը։

Փորձագետները թանկարժեք հավաքածուների տերերին խորհուրդ են տալիս նախապես առանձին ապահովագրություն ձևակերպել յուրաքանչյուր արժեքավոր իրի համար, պահպանել կտրոնները, իսկության հավաստագրերը, լուսանկարներն ու գնահատման փաստաթղթերը։ Կարևոր է նաև ստուգել՝ արդյոք ապահովագրությունը տարածվում է տնից դուրս տեղի ունեցած գողության դեպքերի վրա։

Պայուսակը՝ որպես ժառանգություն, ոչ թե պարզապես կարգավիճակի խորհրդանիշ

Որոշ կոլեկցիոներների համար Birkin-ն ու Kelly-ն ոչ միայն շքեղության առարկաներ են, այլև ընտանեկան ժառանգություն։ Ամերիկացի դերասանուհի Քայլ Ռիչարդսը, որը 2017 թվականի կողոպուտի ժամանակ զրկվել էր պայուսակների իր հավաքածուից և ժառանգած զարդերից, սկսել է վերականգնել հավաքածուն։ Նա պատմել է, որ ձգտում է յուրաքանչյուր մոդելից չորս օրինակ ձեռք բերել՝ իր դուստրերից յուրաքանչյուրի համար մեկական։

Միևնույն ժամանակ Չհաբրիան ուշադրություն է հրավիրում երկակի ստանդարտների վրա․ ժամացույցներ, ավտոմեքենաներ, գինի կամ արվեստի գործեր հավաքող տղամարդկանց հաճախ համարում են նրբաճաշակ գիտակներ, մինչդեռ կանանց պայուսակների հավաքածուները հաճախ ընկալվում են որպես մակերեսային սպառողականության դրսևորում։

Ինքը՝ գործարար կինը, ժամանակի ընթացքում սկսել է ավելի քիչ գնումներ անել։ Hermès-ը և Louis Vuitton-ը պարբերաբար վերադառնում են իրենց արխիվներին և վերաթողարկում այն մոդելները, որոնք կոլեկցիոներները տարիներ շարունակ փնտրել են որպես հազվագյուտ նմուշներ։ Դա նրան ստիպել է հասկանալ, որ սակավությունը կարող է ժամանակավոր լինել, իսկ իրը ձեռք բերելու ցանկությունը՝ շատ ավելի կայուն։

Գլխավոր դասը, թերևս, այն է, որ պայուսակն արժե գնել առաջին հերթին այն պատճառով, որ այն իսկապես դուր է գալիս, այլ ոչ թե այն պատճառով, որ վաճառողը գնումը ներկայացնում է որպես բացառիկ հնարավորություն։ Չէ՞ որ Ջեյն Բիրկինի օրիգինալ Birkin-ը 8,6 միլիոն եվրո արժեցավ ոչ թե իր անթերի վիճակի, այլ պատմության շնորհիվ․ տիրուհին այն կրել էր տարիներ շարունակ, զարդարել կպչուն պիտակներով ու կախազարդերով՝ վերածելով բացարձակապես եզակի իրի։



© NEWS.am STYLE