Աշխարհն առանց համացանցի․ մասնագետները սովորեցնում են գոյատևել առանց սմարթֆոնների և բանկային քարտերի  

22:22   10 նոյեմբերի, 2026

Ժամանակակից կյանքը մեծապես կախված է համացանցից․ դրա միջոցով ենք վճարում գնումների համար, օգտվում բանկային ծառայություններից, տոմսեր գնում և հետևում նորություններին։ Բայց ի՞նչ կլինի, եթե մի օր համացանցը մի քանի ժամով կամ նույնիսկ մի քանի օրով անհասանելի դառնա։ Արտակարգ իրավիճակների հարցերով փորձագետները խորհուրդ են տալիս նախապես հոգալ ոչ միայն սննդի ու ջրի պաշարների, այլև համացանցից ու բջջային ցանցերից անկախ կապի միջոցների մասին, գրում է Independent-ը։

Մինչև վերջերս հնարավոր աղետներին նախապատրաստվելը համարվում էր չափազանց զգուշավոր մարդկանց զբաղմունք։ Այսօր, սակայն, այն արդեն պաշտոնական հանձնարարականների մաս է դառնում։ Մեծ Բրիտանիայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել պահուստավորել պահածոներ, խմելու ջուր, լապտերներ և ձեռքով լիցքավորվող ռադիոընդունիչներ։

Start Prepping UK կայքի հիմնադիր Դենի խոսքով՝ համացանցը խոցելի համակարգ է․ դրա աշխատանքը կախված է էլեկտրաէներգիայից, մալուխներից և ենթակառուցվածքների բազմաթիվ այլ տարրերից։ Դրանցից որևէ մեկի խափանումը կարող է մարդկանց զրկել համացանցից օգտվելու հնարավորությունից։

Ինքնավար կապի միջոցների նկատմամբ հետաքրքրությունն արդեն նկատելիորեն աճել է։ Sgt Prepper’s Shop խանութի համասեփականատեր Ջեք Բրաունի խոսքով՝ կառավարության հանձնարարականների հրապարակմանը հաջորդած մեկ շաբաթվա ընթացքում պատվերների ավելի քան 80%-ում ռադիոընդունիչներ են եղել։

Խելացի տունը կարող է անօգնական մնալ

Փորձագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել այն սարքերին, որոնք կառավարվում են բացառապես հավելվածների կամ ձայնային օգնականների միջոցով։ Դրանց թվում են խելացի կողպեքները, սովորական անջատիչներ չունեցող լուսավորությունը, տեսադռնազանգերն ու ջեռուցման համակարգերը։ Եթե ավտոմեքենայի դռները բացվում են սմարթֆոնով, խորհուրդ է տրվում միշտ ձեռքի տակ պահել պահեստային քարտ-բանալին։

«Որքան շատ ցանցին միացված սարքեր ունեք տանը, այնքան շատ են հաքերների համար հնարավոր մուտքի կետերը։ Բայց անկախ նրանից, թե ինչ սարքերից եք օգտվում, անհրաժեշտ է պատրաստ լինել վատթարագույն սցենարին»,— նշում է Բրաունը։

Դենը ևս խորհուրդ է տալիս խուսափել այն սարքերից, որոնք անհարկի կախված են համացանցից։ Նրա խոսքով՝ նույնիսկ այնպիսի առօրյա սարք ընտրելիս, ինչպիսին Wi-Fi կապով էլեկտրական ատամի խոզանակն է, արժե մտածել կապի կամ էլեկտրաէներգիայի անջատման հետևանքների մասին։

UK Prepper Hub-ի հիմնադիր Դարեն Ռոուդսը համոզված է, որ յուրաքանչյուր ժամանակակից սարք պետք է ունենա թվային տեխնոլոգիաներից անկախ այլընտրանք։ Նրա տանը կան դիզելային տաքացուցիչ, արևային մարտկոց և Jackery շարժական էլեկտրակայան։ Սակայն նման սարքավորումները կարող են արժենալ մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար ֆունտ ստեռլինգ։

Կանխիկ գումար և թղթե քարտեզներ՝ հավելվածների փոխարեն

Խափանումներին պատրաստվելու ամենապարզ միջոցներից մեկը մի քանի օրվա համար բավարար կանխիկ գումար ունենալն է՝ ցանկալի է մանր թղթադրամներով ու մետաղադրամներով։

Ցանցային խնդիրների ժամանակ հատկապես խոցելի են դառնում առցանց բանկերը։ Վերջերս տասը ժամ տևած խափանումը խաթարել էր Revolut-ի աշխատանքը՝ հաճախորդներին զրկելով գնումների դիմաց վճարելու հնարավորությունից։ Բրաունը խորհուրդ է տալիս հաշիվներ ունենալ առնվազն երկու կամ երեք տարբեր բանկերում․ եթե մեկը ենթարկվի կիբեռհարձակման կամ բախվի տեխնիկական խափանման, մյուսները կարող են շարունակել աշխատանքը։

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս գրի առնել բանկային տվյալները, կարևոր հեռախոսահամարներն ու ապահովագրական պոլիսների տվյալները և դրանք պահել ապահով տեղում։ Մեքենայում արժե ունենալ ճանապարհային թղթե քարտեզ, իսկ տանը՝ նշումների տետր, առաջին օգնության և նորոգման հրահանգներ, կենցաղային տեխնիկայի տպագիր ուղեցույցներ ու կարևոր փաստաթղթերի պատճեններ։

Դենն ավելի հեռուն է գնացել և կոշտ սկավառակի վրա պահպանել «Վիքիպեդիայի» անցանց տարբերակը։ Այդպես նույնիսկ համացանցի լիակատար անջատման դեպքում տեղեկատվական նյութերը նրան հասանելի կլինեն։

Ռադիոկապ՝ սմարթֆոնների փոխարեն

Որոշ էնտուզիաստներ յուրացնում են կապի ավելի բարդ միջոցներ, որոնք համացանց կամ բջջային ցանց չեն պահանջում։ Դրանցից մեկը LoRa (Long Range) տեխնոլոգիան է, որը թույլ է տալիս ռադիոազդանշանի միջոցով մեծ հեռավորությունների վրա փոխանցել փոքր ծավալի տվյալներ, օրինակ՝ տեքստային հաղորդագրություններ։ Դրա համար հարկավոր չեն Wi-Fi, բջջային ցանց կամ SIM քարտ։

Համապատասխան սարքերն ու ծրագրային ապահովումը հնարավորություն են տալիս ստեղծել բազմահանգույց ցանց, որտեղ սարքերը հաղորդագրությունները փոխանցում են միմյանց։ Դրա շնորհիվ կապը կարող է պահպանվել անգամ հանգույցներից մեկի շարքից դուրս գալու դեպքում, եթե հաղորդագրության փոխանցման այլ ուղի կա։

Փորձագետները խորհուրդ են տալիս նաև օգտվել սիրողական ռադիոկապից ու CB ռադիոկայաններից։ Իսկ Ռոուդսը, որն ապրում է հաճախակի հոսանքազրկումներ ունեցող գյուղական վայրում, մի քանի տարեց հարևանների ռացիաներ է նվիրել, որպեսզի արտակարգ իրավիճակներում նրանք կարողանան կապ հաստատել իր հետ։

Արտակարգ իրավիճակներում կարևոր է նաև փոխօգնությունը

Տարածված կարծրատիպի համաձայն՝ աղետներին պատրաստվող մարդիկ ստորգետնյա թաքստոցներում սնունդ են կուտակում և պատրաստ են շրջապատից պաշտպանել իրենց պաշարները։ Փորձագետները, սակայն, ընդգծում են՝ արտակարգ իրավիճակում հատկապես կարևոր է փոխօգնությունը։

«Միասնական համայնքը շատ ավելի դիմակայուն է․ յուրաքանչյուրն ունի հմտություններ, որոնք կարող են չունենալ մյուսները, հետևաբար մարդիկ կարող են օգնել միմյանց»,— ասում է Ռոուդսը։

Դենը նույնպես խորհուրդ է տալիս նախապես ծանոթանալ հարևանների հետ և բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Նրա խոսքով՝ խոշոր աղետներից հետո մարդիկ հաճախ ինքնուրույն միավորվում են փոխօգնության խմբերում։

Եթե լայնածավալ կիբեռհարձակումը մարդկանց զրկի համացանցից և քարտերով վճարելու հնարավորությունից, տեղական համայնքները կարող են սեփական ուժերով ուղիներ փնտրել՝ բնակիչների կարիքները հոգալու համար։

Մասնագետները վստահ են․ առանց սովորական թվային գործիքների կյանքին պատրաստվելու համար պետք չէ սպասել աղետի։ Բավական է նախապես մտածել, թե ինչպես կարելի է առօրյա կարիքները հոգալ առանց սմարթֆոնի, բանկային քարտի և համացանցի։

 



© NEWS.am STYLE