21:21 11 նոյեմբերի, 2026Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի հավաքականի աստղ Ջուդ Բելինգհեմը սովոր է, որ իրեն տարիքից ավելի հասուն են համարում։ Սակայն 23-ամյա ֆուտբոլիստը խոստովանում է, որ խաղադաշտից դուրս ամենևին էլ այնքան ինքնուրույն չէ, որքան կարող է թվալ։ Նա չգիտի ճաշ պատրաստել, մեքենա չի վարում և կենցաղային շատ հարցերում նախկինի պես ապավինում է ընտանիքի ու ընկերների օգնությանը։
Այս մասին Բելինգհեմը պատմել է բրիտանական Vogue-ին տված ծավալուն հարցազրույցում՝ ամսագրի շապիկին իր առաջին հայտնվելու առիթով։ Ֆուտբոլիստը մասնակցել է նաև 1960-ական և 1970-ական թվականների գեղագիտությամբ ոգեշնչված ֆոտոշարքի։

«Ֆուտբոլային առումով ես ինձ հասուն եմ զգում, քանի որ արդեն գրեթե 400 հանդիպում եմ անցկացրել։ Բայց առօրյա կյանքում, անկեղծ ասած, ինձ դեռ այդքան մեծահասակ չեմ զգում։ Ես չգիտեմ պատրաստել, չգիտեմ մեքենա վարել… Իմ գործում ես լավն եմ, բայց մնացած ամեն ինչում՝ ոչ այնքան։ Ինձ օգնում են ընկերներս ու ընտանիքս՝ խոհարարը, մաքրության աշխատողը, մայրս և մյուս հարազատներս», — խոստովանել է մարզիկը։
Նրա խոսքով՝ մանկուց իր ամբողջ կյանքը նվիրված է եղել ֆուտբոլին։ Նա ամեն օր աշխատում է իր վրա, իսկ հանգստանալու և կենցաղային ամենասովորական հմտությունները յուրացնելու համար ժամանակ գրեթե չի մնում։ Այնուամենայնիվ, Բելինգհեմը վստահ է, որ ամեն ինչ իր ժամանակն ունի։
Այսօր դժվար է պատկերացնել, որ մանուկ հասակում Ջուդն ամենևին չէր երազում ֆուտբոլիստ դառնալու մասին։ Նա մեծացել է Բիրմինգհեմի մոտակայքում գտնվող Ստաուրբրիջ քաղաքում և ավելի շատ սիրում էր խաղալ ընկերների հետ, մայրիկի համար երիցուկներից պսակներ հյուսել ու ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։ Նրա հայրը՝ նախկին ոստիկան և կիսապրոֆեսիոնալ ակումբներում հանդես եկած արդյունավետ ֆուտբոլիստ Մարկը, երազում էր, որ որդին գնա իր հետքերով։
Սակայն փոքրիկ Ջուդը չէր կիսում հոր ոգևորությունը. ֆուտբոլը նրան չափազանց կոպիտ խաղ էր թվում։ Ամեն ինչ փոխվեց, երբ այս մարզաձևով հետաքրքրվեց նրա կրտսեր եղբայրը՝ Ջոբը։ Հենց այդ ժամանակ էլ Բելինգհեմն աստիճանաբար տարվեց ֆուտբոլով։

Յոթ տարեկանում նա ընդունվեց «Բիրմինգհեմ Սիթիի» ակադեմիա, իսկ 16 տարեկանում նորամուտը նշեց հիմնական թիմում՝ դառնալով ակումբի պատմության ամենաերիտասարդ խաղացողը։ 2020 թվականին նրան ձեռք բերեց Դորտմունդի «Բորուսիան»՝ պատանի կիսապաշտպանի համար վճարելով շուրջ 25 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Երեք տարի անց նա տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»՝ մինչև 115 միլիոն ֆունտ արժողությամբ գործարքի շրջանակում։
Իսպանիայում իր առաջին մրցաշրջանում Բելինգհեմը թիմի հետ նվաճեց երկրի առաջնության չեմպիոնի տիտղոսը և Չեմպիոնների լիգայի գավաթը։ Այսօր նա իր սերնդի ամենաճանաչելի ֆուտբոլիստներից մեկն է։
Չնայած աստղային կարգավիճակին՝ Բելինգհեմը կարևոր է համարում մնալ այնպիսի մարդ, որից երիտասարդ երկրպագուները կարող են օրինակ վերցնել։ Նա ընդունում է, որ ֆուտբոլ չի եկել օրինակելի կերպար դառնալու մտադրությամբ, սակայն ժամանակի ընթացքում գիտակցել է այն պատասխանատվությունը, որն ուղեկցում է փառքին։

«Չի կարելի քեզ պահել ինչպես պատահի, իսկ հետո շարունակել ներկայացնել քաղաքը կամ երկիրը ամեն անգամ, երբ հագնում ես նրանց մարզաշապիկը։ Դու ոգեշնչում ես մարդկանց։ Ուզես թե չուզես, նոր սերունդը քեզ է նայում։ Ես նախընտրում եմ դա որպես արտոնություն ընկալել։ Միշտ ասել եմ, որ խաղադաշտից դուրս ուզում եմ ջենթլմեն լինել», — պարզաբանել է ֆուտբոլիստը։
Նա պատմել է նաև մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ ունեցած զվարճալի զրույցի մասին։ Մոուրինյոն հիշել է «Ռոմայում» աշխատելու տարիների մի դեպք. իննամյա մի տղա ֆուտբոլային գուլպաների հետևի մասում երեք անցք էր բացել՝ բացատրելով, որ Բելինգհեմն այդպես է անում սրունքի մկանների լարվածությունը թուլացնելու համար։ Մարզիչը երեխային պատասխանել էր, որ ինը տարեկանում նա դեռ այնպիսի մկաններ չունի, որոնց համար նման միջամտության կարիք լինի։
Հարցազրույցի ընթացքում ֆուտբոլիստը բազմիցս անդրադարձել է ընտանիքի թեմային։ Նա ջերմությամբ է խոսել ծնողների, կրտսեր եղբոր և Ճամայկայում ապրող հարազատների մասին։ Ուսի վիրահատությունից հետո նա մեկնել էր Ճամայկա՝ վերականգնվելու։ Նրա խոսքով՝ մորական կողմի ճամայկայական և հորական կողմի իռլանդական արմատներն իր ինքնության կարևոր մասն են։

Բելինգհեմը նշում է, որ փորձում է երկրպագուներին վերևից չնայել։ Նույնիսկ երբ խաղից հետո ստիպված է լինում տասնյակ ինքնագրեր բաժանել, նա հասկանում է, թե պատանի երկրպագուների համար որքան կարևոր են շփման այդ մի քանի վայրկյանները։
Միևնույն ժամանակ, հանրության մշտական ուշադրության կենտրոնում լինելը հեշտ չէ։ Ֆուտբոլիստը պատմել է, որ նախորդ մրցաշրջանում լարվածությունն ու խաղերի խիտ գրաֆիկը երբեմն ամբողջությամբ կլանում էին իրեն։ Այդ շրջանում նա սկսել է դիմել մասնագետի օգնությանը, որն իրեն սովորեցրել է ավելի լավ հաղթահարել սթրեսը։
«Պատահում է, որ 14 օրում չորս խաղ ես անցկացնում։ Վերադառնում ես տուն և մտածում միայն վերականգնվելու մասին։ Երբ ավարտում ես, արդեն քնելու ժամանակն է», — կիսվել է նա։
Բելինգհեմը պատմել է նաև այն մարդկանց մասին, որոնք օգնել են իրեն հաղթահարել ճնշումը։ 2024 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ, երբ Անգլիայի հավաքականը քննադատությունների թիրախում էր, նրա հետ կապ է հաստատել Դեյվիդ Բեքհեմը և խորհուրդ տվել ուշադրություն չդարձնել թիմի շուրջ բարձրացած բացասական աղմուկին։
Նրան աջակցել է նաև Անգլիայի հավաքականի և «Արսենալի» նախկին հարձակվող Յան Ռայթը։ Երբ մամուլում սկսել են հայտնվել Բելինգհեմի հասցեին քննադատական հրապարակումներ, Ռայթը նախազգուշացրել է նրան, որ առջևում կարող են բարդ ժամանակներ լինել։
«Ես միշտ մի փոքր լարվում եմ, երբ նա ինձ գրում է։ Միանգամից մտածում եմ՝ «Էլի ի՞նչ են ասել իմ մասին»», — կատակել է ֆուտբոլիստը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ բարձր է գնահատում իրենց մտերմությունը և միշտ ուրախ է հավաքականի խաղերի ժամանակ հանդիպել Ռայթին։
Հարցազրույցի առանձին հատված նվիրված է նորաձևությանը։ Բելինգհեմը պատմել է, որ ոգեշնչվում է 1960-ական և 1970-ական թվականների գեղագիտությամբ՝ դասական կոստյումները համադրելով փողոցային ոճի տարրերի հետ։ Նրա կուռքերի թվում են Էլվիս Փրեսլին, Մայքլ Քեյնը և անցյալ տասնամյակների դերասանների մարմնավորած Ջեյմս Բոնդը։

Vogue-ի ֆոտոշարքում ֆուտբոլիստը ներկայացել է լայն դարձածալերով էլեգանտ կոստյումներով, վերարկուներով և վինտաժային կերպարներով։ Լուսանկարներից մեկում նա նույնիսկ ցուցադրում է իր ժամանակավոր վարորդական վկայականը՝ խորհրդանշական մանրամասն այն խոստովանության ֆոնին, որ դեռ չի տիրապետում մեքենա վարելու հմտությանը։
Անձնական կյանքի մասին Բելինգհեմը նախընտրում է ավելի քիչ խոսել։ 2025 թվականի սկզբից նրան սիրավեպ են վերագրում ամերիկացի մոդել և ինֆլյուենսեր Էշլին Կաստրոյի հետ, սակայն նրանք հազվադեպ են միասին երևում հանրության առջև և գրեթե չեն մեկնաբանում իրենց հարաբերությունները։
Հարցազրույցի վերջում ֆուտբոլիստը խոստովանել է, որ չի ցանկանում կատարյալ մարդու տպավորություն թողնել։
«Դու սխալներ ես գործում, ընդունում դրանք և փորձում դասեր քաղել։ Ես երբեք չեմ ուզում, որ մարդիկ մտածեն, թե անթերի եմ», — ասել է Բելինգհեմը։