22:19 11 նոյեմբերի, 2026Ռեժիսոր Դենիել Լոմբրոզոյի «Manhood» վավերագրական ֆիլմն անդրադառնում է տղամարդկանց բարդույթներին՝ ցույց տալով, թե ինչպես է սեռական օրգանը մեծացնելու ցանկությունը հանգեցնում թանկարժեք միջամտությունների, իսկ ինքնավստահություն ձեռք բերելու խոստումը դառնում ներարկումների օգտին գլխավոր փաստարկը։ Ինչպես գրում է The Guardian-ը, ֆիլմը պատմում է Տեխաս նահանգի Դալաս քաղաքի մի կլինիկայի հաճախորդների և մի մարդու մասին, որը երազում է նման ծառայությունները դարձնել նույնքան սովորական, որքան բոտոքսի ներարկումները։
Պատմության կենտրոնում Բիլ Մուրն է, որը խթանում է PhalloFill միջամտության տարածումը։ Այն ենթադրում է հիալուրոնաթթվի ներարկում՝ առնանդամի շրջագիծը մեծացնելու նպատակով։ Մուրը հաճախորդներին համոզում է, որ արդյունքը կարող է ոչ միայն փոխել արտաքին տեսքը, այլև բարելավել սեռական կյանքը, հարաբերություններն ու ինքնագնահատականը։
Սակայն ֆիզիկական փոփոխությունների ձգտման հետևում ֆիլմը բացահայտում է շատ ավելի բարդ խնդիրներ՝ անցյալի հոգեբանական տրավմաներ, միայնություն, ամոթ և սեփական անձի ցավագին համեմատություն այլ տղամարդկանց հետ։
Հերոսներից մեկը Ռուբենն է՝ երեք փոքրահասակ երեխաների հայր, որը նախորդ հարաբերություններից ևս երկու երեխա ունի։ Նրա ընտանիքը ֆինանսական դժվարություններ է կրում, իսկ զուգընկերուհին՝ Լանան, չի հասկանում, թե ինչու է նա ցանկանում գումար ծախսել մի օրգանի մեծացման վրա, որն առանց այդ էլ նորմալ գործում է։ Աստիճանաբար պարզվում է, որ նրա սևեռուն ցանկության հիմքում մանկության ծանր հոգեբանական տրավման է․ մոտ տասը տարեկանում նա սեռական բռնության է ենթարկվել մեկ այլ դպրոցականի կողմից։
Ֆիլմի մեկ այլ մասնակից՝ Դևիդը, Մուրին է դիմում մեկ այլ մասնագետի մոտ անհաջող միջամտությունից հետո։ Դրա հետևանքով նրա մոտ կոշտ գոյացություններ են առաջացել, որոնք զգալիորեն փոխել են սեռական օրգանի արտաքին տեսքը։ Դևիդը ճանաչում է ձեռք բերել OnlyFans հարթակում՝ իր գրավիչ արտաքինի շնորհիվ։ Մուրը ոչ միայն օգնում է նրան հաղթահարել անհաջող միջամտության հետևանքները, այլև աստիճանաբար դառնում է նրա խորհրդատուն ու մտերիմ ընկերը։ Ֆիլմում ցուցադրվում է, թե ինչպես է Դևիդը մտերմանում Մուրի և նրա զուգընկեր Քլինթի հետ։
Մյուս հաճախորդների պատմությունները նույնպես անսպասելի են։ Տղամարդկանցից մեկը վրդովվում է, որ առնանդամի փոքր չափը հաճախ ներկայացվում է որպես ամենատարբեր բացասական հատկանիշների և նույնիսկ հանցավոր վարքի բացատրություն։ Մեկ ուրիշը գլխուղեղի անվիրահատելի ուռուցք ունի և իր որոշումը բացատրում է մնացած ժամանակն իր պատկերացումների համաձայն ապրելու ցանկությամբ։
Ռեժիսորն անդրադառնում է միանգամից մի քանի թեմայի՝ պոռնոգրաֆիայի և արտաքին տեսքի անիրատեսական չափանիշների ազդեցությանը, տղամարդկանց անվստահությանը, այսպես կոչված «մանոսֆերայի» գաղափարներին և տրավմատիկ փորձառությանը, որը կարող է տարիներ շարունակ ազդել մարդու ինքնազգացողության վրա։ Միևնույն ժամանակ ֆիլմը հստակ պատասխան չի տալիս այն հարցին, թե ինչու են տղամարդիկ այդքան ցավագին վերաբերվում իրենց մարմնի չափերին։
The Guardian-ի մեկնաբան Ջեք Սիլը նշում է, որ վավերագրական ֆիլմը միաժամանակ կարեկցանք և զարմանք է առաջացնում, սակայն դրա պատումը տրոհվում է առանձին պատմությունների և չի ամբողջանում մեկ համոզիչ մտքի շուրջ։ Այդուհանդերձ, գլխավոր եզրակացությունն ուրվագծվում է․ հոգեբանական խնդիրները, միայնությունն ու վերապրած տրավմաները շատ ավելի բարդ են, քան թվում է, և կոսմետիկ ներարկումները դժվար թե կարողանան դրանք վերացնել։