Միլիոններն այստեղ անզոր են. ի՞նչ կանոններ են գործում գերհարուստների փակ աշխարհում

21:17   12 նոյեմբերի, 2026

Մի աշխարհում, որտեղ փողով կարելի է սեղան ամրագրել ամենանորաձև ռեստորանում, համար վարձել հինգաստղանի հյուրանոցում կամ հայտնվել փակ երեկույթի, իրական շքեղությունը բոլորովին այլ իմաստ է ստանում։ Այսօր ամենաարժեքավոր արտոնությունները հնարավոր չէ պարզապես գնել. դրանք կախված են անձնական կապերից, համբավից և այն մարդկանց վստահությունից, որոնք պատրաստ են երաշխավորել քեզ համար։

Հենց այս սկզբունքն է ընկած հարուստ հանրության համար նախատեսված փակ ակումբների գործունեության հիմքում։ Դրանց անդամ դառնալու համար բավարար չէ միայն անդամավճարը վճարելու հնարավորությունը. անհրաժեշտ է նաև համապատասխանել համայնքին։ Թե ինչու են անձնական ծանոթությունները վերածվում շքեղության նոր արժույթի, Observer-ում հրապարակված իր հոդվածում պատմում է պրեմիում կենսակերպի ոլորտում մասնագիտացած Quintessentially միջազգային ընկերության ամերիկյան ստորաբաժանման գլխավոր տնօրեն Լորեն Ուիլթը։

Ուիլթը պատմում է, որ մի անգամ օգնել է իր ծանոթներից մեկին անդամագրվել հայտնի մասնավոր ակումբին։ Վճարման հարցում խնդիր չկար, և կինն արդեն ստացել էր առաջին երաշխավորագիրը հաստատության հիմնադիրներից մեկից։ Սակայն ակումբը պահանջեց նաև երկրորդը, և այստեղ արդեն փողն անզոր գտնվեց։ Ուիլթը նրան ծանոթացրեց իր գործարար շրջապատից մեդիաոլորտում աշխատող մի մարդու հետ։ Նրանք ընդհանուր լեզու գտան, և վերջինս համաձայնեց հանդես գալ որպես երաշխավոր։ Ամեն ինչ ստացվեց ոչ թե առևտրային պայմանավորվածության շնորհիվ, այլ այն պատճառով, որ մարդկանց միջև իսկապես կապ ստեղծվեց։

Ցուցադրական շքեղությունից՝ դեպի փակ ակումբներ

Դեռ մի քանի տասնամյակ առաջ Նյու Յորքում կարգավիճակն ընդգծում էին ամենահայտնի գիշերային ակումբների VIP սեղաններով ու թանկարժեք խմիչքներով։ Այսօր ունևոր խավը գնալով ավելի հաճախ է նախընտրում բոլորովին այլ միջավայր՝ փակ ակումբներ, որտեղ կարելի է հանգիստ շփվել կողմնակի անձանց համար փակ դռների հետևում։

Այստեղ կարևոր են ոչ թե բարձր երաժշտությունն ու հարստության ցուցադրումը, այլ գաղտնիությունը, անվտանգությունն ու վստահությունը, որ զրույցները չեն տարածվի համայնքից դուրս։ Ուիլթի համոզմամբ՝ հենց սա է, որ հնարավոր չէ գնել փողով։

Boston Consulting Group-ի (BCG) 2025 թվականի հետազոտությունը հաստատում է այս միտումը. ամենաբարձր գնային սեգմենտի հաճախորդների 80 տոկոսը մարդաշատ ու անդեմ հաստատությունների փոխարեն նախընտրում է բացառիկ վայրեր՝ մեկուսի մթնոլորտով, անդորրով և անհատական սպասարկմամբ։

Quintessentially-ում աշխատած 13 տարիների ընթացքում Ուիլթն ականատես է եղել, թե ինչպես է փոխվում շքեղության ընկալումը։ Նրա հաճախորդները կարող են իրենց թույլ տալ գրեթե ամեն ինչ, բայց ամենից շատ գնահատում են այն, ինչը հնարավոր չէ ապահովել պարզապես վճարելով՝ սեղան այն ռեստորանում, որտեղ ամրագրումները կատարվում են ամիսներ առաջ, հեղինակավոր ակումբի անդամություն կամ այն սենյակում հայտնվելու հնարավորություն, որտեղ կարևոր զրույց է ընթանում։

Նման հնարավորություններն ընձեռվում են ծանոթությունների և, հատկապես, վստահելի մարդու երաշխավորության շնորհիվ։

2026 թվականին ԱՄՆ-ում և Չինաստանում ավելի քան 2000 հարուստ սպառողների շրջանում McKinsey-ի անցկացրած հետազոտությունը նույնպես մատնանշում է առաջնահերթությունների փոփոխությունը. տպավորություններն ու բացառիկ փորձառություններն ավելի ու ավելի են մրցակցում նյութական գնումների հետ։ Ընդ որում, բացառիկությունը գնալով ավելի քիչ է պայմանավորվում արհեստական պակասուրդով և ավելի շատ՝ որոշակի շրջանակում ընդունված լինելու հանգամանքով։

Գլխավոր արժույթը երաշխավորությունն է

Հարուստ մարդու համար փակ ակումբների մեծ մասի անդամավճարը հազվադեպ է լուրջ խոչընդոտ դառնում։ Շատ ավելի բարդ է երաշխավորություն ստանալը։ Ակումբներն ուզում են իրենց շարքերում տեսնել մարդկանց, որոնք կհարստացնեն համայնքը, ուստի հիմնվում են գործող անդամների կարծիքի և նոր թեկնածուների համար երաշխավորելու նրանց պատրաստակամության վրա։

Ուիլթի կարծիքով՝ պետք է սկսել ոչ թե սեզոնի ամենաքննարկվող ակումբը փնտրելուց, այլ հասկանալուց, թե որքանով է այն համապատասխանում տվյալ մարդուն։ Կարևոր է հաշվի առնել նրա հետաքրքրությունները, շփման շրջանակը, ակնկալիքներն ու այն արժեքները, որոնք միավորում են համայնքի անդամներին։ Միայն դրանից հետո կարելի է համապատասխան ծանոթություններ ու երաշխավորություններ փնտրել։

Ինքը՝ Ուիլթը, Լոս Անջելեսում ապրած տարիներին իր անդամակցած ակումբներից մեկում երաշխավորել է մոտ մեկ տասնյակ մարդու անդամակցության համար, և բոլոր թեկնածություններն էլ հավանության են արժանացել։ Նա դա բացատրում է ոչ թե պատահական հաջողությամբ, այլ նրանով, որ լավ գիտի համայնքի սկզբունքները. այնտեղ գնահատում են հետաքրքրությունն արվեստի ու բարեգործության հանդեպ, ինչպես նաև կենսափորձի և հայացքների բազմազանությունը։

Ընդ որում, պակաս կարևոր չեն նաև այն ծանոթությունները, որոնք տեղի չեն ունենում։ Եթե մարդը չի համապատասխանում տվյալ ակումբին, ավելի ազնիվ է ուղիղ ասել այդ մասին և օգնել նրան գտնել մեկ այլ համայնք։ Հակառակ դեպքում երաշխավորություններն աստիճանաբար կկորցնեն իրենց արժեքը։

Նման մոտեցումն ունի նաև տնտեսական բացատրություն։ Ըստ BCG-ի տվյալների՝ ամենահարուստ հաճախորդները կազմում են շքեղության առարկաների շուկայի հաճախորդների 1 տոկոսից էլ պակաս մասը, բայց ապահովում են դրա շրջանառության 23 տոկոսը։ Հետևաբար, այս լսարանի հետ աշխատող ընկերությունների համար հարաբերությունների որակը հաճախ ավելի կարևոր է, քան հավանական հաճախորդների քանակը։

Մուտք դեպի մեծ հնարավորությունների աշխարհ

Նույն սկզբունքը գործում է ոչ միայն մասնավոր ակումբներում, այլև այն հարթակներում, որտեղ հատվում են բիզնեսը, մշակույթը, քաղաքականությունն ու բարեգործությունը։

2026 թվականի հոկտեմբերին Սինգապուրում կայացած Milken Institute Asia Summit գագաթնաժողովի ընթացքում Quintessentially-ն հանդես եկավ որպես պրեմիում սպասարկման և կոնսիերժ ծառայությունների կազմակերպման գործընկեր։ Միջոցառման մասնակիցներին առաջարկվեց միանալ ինստիտուտի Ասիա-խաղաղօվկիանոսյան խորհրդին՝ մի համայնքի, որտեղ ծանոթություններն ու գաղափարների փոխանակումը շարունակվում են նաև պաշտոնական ծրագրի ավարտից հետո։

Ընկերությունը նաև կապեր է զարգացնում միջազգային մշակութային կազմակերպությունների, այդ թվում՝ Art Basel-ի հետ։ Նման հարթակները միավորում են բիզնեսի, արվեստի և ունևոր շրջանակների ներկայացուցիչներին այնպիսի միջավայրում, որտեղ շփումը չի սահմանափակվում զուտ գործնական գործարքներով։

Խոսքը վերաբերում է նաև ավելի մտերմիկ միջավայրում ստացվող տպավորություններին՝ թանգարանային փակ էքսկուրսիաներին, մշակութային հաստատությունների պատմությանը ծանոթանալուն և այնպիսի վայրեր այցելելուն, որտեղ սովորական զբոսաշրջիկները, որպես կանոն, չեն հայտնվում։ Օրինակ՝ ակումբների անդամների համար կարող են կազմակերպվել հատուկ շրջայց Ուիթնիի թանգարանում կամ այցելություն Dom Pérignon-ի մառաններ, որտեղ ներկայացվում են շամպայնի արտադրության գաղտնիքները։

Ցուցահանդեսի կամ էքսկուրսիայի տոմս կարելի է գնել։ Բայց այդ իրադարձությունների հետևում կանգնած մարդկանց համայնքի մի մասը դառնալը բոլորովին այլ պատմություն է։

Ինչո՞ւ են ճամփորդություններն ու առողջ ապրելակերպը նույնպես անձնական կապեր պահանջում

Ճամփորդությունների և առողջ ապրելակերպի ոլորտում իրավիճակը զարգանում է նույն տրամաբանությամբ։ Լավ հյուրանոցում համար ամրագրելն այսօր ավելի հեշտ է, քան երբևէ, իսկ տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունն ընտրությունն էլ ավելի հասանելի են դարձնում։ Սակայն տարբերակների առատությունը դեռ չի նշանակում, որ մարդն անպայման կգտնի հենց իրեն հարմար առաջարկը։

2026 թվականի մարտին ԱՄՆ-ի 1029 ճամփորդների շրջանում Կոռնելի համալսարանի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ պրեմիում և լյուքս սեգմենտի զբոսաշրջիկներն ուղևորության տարբերակները գնահատելիս գնալով ավելի ակտիվ են օգտվում արհեստական բանականությունից։ Այնուամենայնիվ, տեղեկատվության ճշգրտության, առաջարկների թափանցիկության և անհատական կարիքներին համապատասխանության վերաբերյալ կասկածները դեռևս սահմանափակում են վստահությունը նման գործիքների նկատմամբ։

Այս իրավիճակում առանձնահատուկ արժեք է ստանում ոչ թե ուղևորությունն ամրագրելու հնարավորությունը, այլ այն մասնագետի օգնությունը, որը հասկանում է հաճախորդի կարիքները և ունակ է խնդիր լուծել աշխարհի ցանկացած կետում։ Օրինակ՝ բժշկական օգնություն կազմակերպել ընտանեկան հանգստի ժամանակ հիվանդացած երեխայի համար կամ ամուսնության տարեդարձի առթիվ հյուրանոցի համարում տեղադրել զույգի հարսանեկան լուսանկարները։

Նույնը վերաբերում է նաև վելնեսի և երկարակեցության ոլորտին։ Շքեղ սպա-կենտրոնը վաղուց սովորական չափանիշ է դարձել թանկարժեք հանգստավայրերի համար, իսկ մասնագիտացված ռետրիտների ու առողջարարական ծրագրերի թիվը շարունակում է աճել։ Բայց ուղևորության համար վճարելու հնարավորությունը դեռ չի նշանակում, որ ընտրված ծրագիրն իսկապես կհամապատասխանի տվյալ մարդուն։ Դրա համար անհրաժեշտ են փորձ, մասնագիտական գնահատական և վստահություն խորհուրդ տվողի նկատմամբ։

Շքեղություն, որը հնարավոր չէ վաճառքի հանել

Ուիլթի կարծիքով՝ առաջիկա տարիներին շքեղության շուկայում ավելի մեծ արժեք են ստանալու ոչ թե նյութական բարիքները, այլ այն, ինչն անհնար է զանգվածաբար վերարտադրել՝ մասնագիտական փորձառությունը, անհատական վերաբերմունքն ու վստահությունը։

Այն ընկերությունները, որոնք շարունակում են բացառիկ վայրեր ու համայնքներ մուտք գործելու հնարավորությունը վաճառել որպես սովորական ծառայություն, վտանգում են ամենակարևորը՝ հաճախորդների վստահությունը։ Չէ՞ որ մեկ անհաջող երաշխավորությունը կարող է արժեզրկել նաև հետագա բոլոր առաջարկները։ Ուստի կարևոր է ազնիվ լինել ոչ միայն այն մարդու հետ, որը խնդրում է ծանոթություն կազմակերպել, այլև ակումբի, ռեստորանի կամ այդ շղթայի ցանկացած այլ մասնակցի հետ։

«Մենք կարող ենք բացել դուռը, բայց չենք կարող խոստանալ, թե ինչ տեղի կունենա դրանից այն կողմ, և չպետք է ձևացնենք, թե դա հնարավոր է»,— ընդգծում է Ուիլթը։

Ի վերջո, հարստությունն իսկապես թույլ է տալիս տպավորիչ կենսակերպ ստեղծել։ Սակայն փակ համայնքում տեղ ունենալը որոշվում է այլ կանոններով։ Իսկական արտոնությունը ոչ թե պարզապես ներս մտնելու համար փող ունենալն է, այլ այնպիսի մարդ լինելը, որին այնտեղ իսկապես սպասում են։



© NEWS.am STYLE