Կայ Դոլբաշյանն ընդգրկվել է Հոլիվուդի ամենահեռանկարային երիտասարդների ցանկում․ The Hollywood Reporter

13:51   12 նոյեմբերի, 2026

Ամերիկահայ պրոդյուսեր Կայ Դոլբաշյանն ընդգրկվել է The Hollywood Reporter ամսագրի ամենամյա Next Gen 2026 ցանկում։ Ամսագիրը ներկայացնում է ժամանցի ոլորտի՝ մինչև 35 տարեկան 35 ամենահեռանկարային երիտասարդ ղեկավարներին ու մասնագետներին։

32-ամյա Դոլբաշյանը 1.21 պրոդյուսերական ընկերության նախագծերի մշակման բաժնի ղեկավարն է (Head of Development) և համակարգում է կինոյի ու հեռուստատեսության համար նախատեսված նախագծերը։ Նա մասնակցել է Netflix-ի «Ուենզդեյ» սերիալի ստեղծմանը, ինչպես նաև եղել է NEON ստուդիայի «Միասին» ֆիլմի գործադիր պրոդյուսերը։ Ֆիլմում գլխավոր դերերը մարմնավորում են Դեյվ Ֆրանկոն և Էլիսոն Բրին։

Այժմ Դոլբաշյանն աշխատում է Warner Bros.-ի «50 ֆուտանոց կնոջ հարձակումը» (Attack of the 50 Foot Woman) ֆանտաստիկ ֆիլմի ռիմեյքի վրա։ Նախագիծը կապված է Մարգո Ռոբիի և Թիմ Բյորթոնի անունների հետ։

The Hollywood Reporter-ի հատուկ անդրադարձում պրոդյուսերին հարցրել են, թե որ հորինված կերպարի հետ է նա իրեն նույնացնում։ Դոլբաշյանը պատասխանել է հայկական հումորով․

««Անմշակ ադամանդներ» ֆիլմի Առնոյի հետ։ Մենք երկուսս էլ անհամբեր հայեր ենք ու երկուսս էլ անչափ ցանկանում ենք աշխատել Ադամ Սենդլերի հետ»։

Next Gen ցանկը հրապարակվում է ամեն տարի՝ առանձնացնելով երիտասարդ մասնագետների, որոնք արդեն նկատելի դիրքեր են զբաղեցնում կինոյի և հեռուստատեսության ոլորտում։ Նախկինում ցանկում ընդգրկվել են Դոննա Լենգլին, Արի Էմանուելն ու Քևին Ֆայգին, որոնք հետագայում դարձել են Հոլիվուդի ամենաազդեցիկ ղեկավարներից։

 



© NEWS.am STYLE