20:16 13 նոյեմբերի, 2026Ժամանակը, թերևս, միակ բանն է, որ հնարավոր չէ գնել փողով։ Սակայն դա չի խանգարում միլիարդատերերին հարյուր հազարավոր դոլարներ ծախսել՝ դրա ընթացքը դանդաղեցնելու փորձերի վրա։ Հարուստ մարդիկ առողջության հանդեպ հոգածությունը վերածում են լայնածավալ ներդրումային նախագծի. նրանք վարձում են բժիշկների և երկարակեցության մասնագետների ամբողջական թիմեր, տանը տեղադրում թթվածնային խցիկներ, փորձարկում գենային տեխնոլոգիաներ և արհեստական բանականությանը վստահում իրենց կյանքի գրեթե յուրաքանչյուր ոլորտի վերահսկողությունը, գրում է WSJ-ն։
Ծերացման դեմ պայքարին առանձնահատուկ լրջությամբ մոտեցողներից մեկը 76-ամյա ամերիկացի միլիարդատեր, անշարժ գույքի ոլորտի ներդրող Լարի Քոնորն է։ Օհայո նահանգի Մայամիսբերգ քաղաքում գտնվող նրա գրասենյակներում կանոնավոր աշխատում են անձնական մարզիչներ, յոգայի հրահանգիչներ և մերսողներ։ Նրա ֆիզիկական ու հոգեբանական վիճակին հետևում է շուրջ 15 մասնագետ, իսկ առողջարարական պրոցեդուրաների բարդ համակարգն օգնում է օրգանիզմը պահել լավագույն մարզավիճակում։
Քոնորն ունի առնվազն երեք բժիշկ, որոնց կարող է զանգահարել օրվա ցանկացած ժամի։ Բացի այդ, նա պարբերաբար պարապում է ֆիզիկական և մտավոր աշխատունակության բարձրացման մարզչի հետ, որն աշխատում է նաև NBA-ի և NFL-ի աստղերի հետ։
Միլիարդատերը համոզված է, որ նման ներդրումները տալիս են իրենց պտուղները։ Նա հպարտությամբ ցույց է տալիս մի գրաֆիկ, որտեղ երևում է, թե ինչպես է վերջին տասնամյակի ընթացքում աստիճանաբար նվազել իր արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Քոնորը հետիոտնային արշավների է մեկնել Ալյասկայի վայրի բնության գիրկը, ինչպես նաև մասնակցել է Միջազգային տիեզերակայան կատարած 17-օրյա առաքելությանը։ Տիեզերքում նա զբաղվել է սրտի առողջության հետազոտություններով և, իհարկե, ուսումնասիրել անկշռության պայմաններում բջիջների ծերացման գործընթացները։
Երկրի վրա նա մեկ այլ արտասովոր սովորություն էլ ունի. 30 տարեկանից հետո Քոնորը դադարել է նշել իր ծննդյան օրը։ Նրա աշխատակիցները գիտեն, որ չարժե անգամ հիշատակել այդ ամսաթիվը կամ շնորհավորել նրան տոնի առթիվ։
Կանչով բժիշկներ և առողջության կառավարման ամբողջական բաժիններ
Ունևոր մարդիկ պատրաստ են տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուր հազարավոր դոլարներ վճարել անձնական բժիշկների ծառայությունների համար, որոնք պատասխանում են հաղորդագրություններին նույնիսկ երեկոյան ժամը 11-ին, ինչպես նաև երկարակեցության մասնագետների, որոնք կյանքի երկարացման զանազան մեթոդներ են առաջարկում։
Ըստ UBS-ի տվյալների՝ ավելի քան 10 միլիոն դոլարի ակտիվներ ունեցող ներդրողները բժշկական սպասարկման վրա ծախսում են մոտ չորս անգամ ավելի շատ գումար, քան ավելի համեստ կարողության տեր մարդիկ։
Օրգանիզմը կատարյալ վիճակում պահելու ձգտումն այնքան մեծ է, որ երկարակեցության որոշ մասնագետներ համագործակցություն են հաստատում ֆինանսական խորհրդատուների հետ՝ հարուստ հաճախորդներին հասանելիություն ստանալու համար։
Անհատական բժշկության ծառայություններ մատուցող Private Medical ընկերության գլխավոր տնօրեն Սանջայ Բանքերն իրենց սպասարկման մոդելն անվանում է «ընտանեկան գրասենյակ՝ ձեր առողջության համար»։
Իսկ գերհարուստ մարդկանց միավորող Tiger21 փակ ցանցը դեկտեմբերին իր հաստիքացուցակում նույնիսկ սեփական բժիշկ է ներառել, որն օգնում է ակումբի անդամներին կողմնորոշվել բժշկական սպասարկման հարցերում։
Որոշ ձեռնարկատերեր և ընկերությունների ղեկավարներ առողջացման ու կյանքի երկարացման անհատական ծրագրերն արդեն իսկ ներդնում են անմիջապես իրենց ընտանեկան գրասենյակների և բիզնեսի կառուցվածքում։
Լարի Քոնորը տասնամյակներ շարունակ աշխատում է անշարժ գույքի բարդ ոլորտում։ Նրա ընկերությունը կառավարում է ավելի քան 15 հազար բնակարան ԱՄՆ-ի ողջ տարածքում։ Ինչպես որոշ մրցակիցների դեպքում, Քոնորի բիզնեսն էլ է ունեցել դատական վեճեր և բացասական արձագանքներ նախկին վարձակալների կողմից, որոնք ընկերությունից հեռացել են կոնֆլիկտով։ Ղեկավարության ներկայացուցիչները պնդում են, որ նման դեպքերը կազմում են բնակիչների ընդհանուր թվի ընդամենը չնչին տոկոսը։
Քոնորի գլխամասային գրասենյակում գործում է հինգ հոգուց բաղկացած հատուկ բաժին, որը կոչվում է LSC Department՝ միլիարդատիրոջ անվան սկզբնատառերով։ Աշխատակիցները պատասխանատու են Քոնորի և նրա ընտանիքի կյանքի ամենատարբեր ոլորտների, այդ թվում՝ բժշկական հետազոտությունների կազմակերպման համար։
Այս տարի միլիարդատերը Mayo Clinic-ում կանցնի 68 տարբեր հետազոտություն։ Դրանց թվում են ամբողջ մարմնի ՄՌՏ-ն և գլխուղեղի բարձր ճշգրտության սկանավորումը։
Ինքը՝ Քոնորը, հստակեցնում է, որ այդ բաժնի շատ աշխատակիցներ իր առողջության մասին հոգ տանելուն հատկացնում են աշխատանքային ժամանակի միայն մի մասը, իսկ բոլոր ծառայությունները վճարվում են բացառապես իր անձնական միջոցներից։ Ընդ որում, նրա գլխավոր նպատակը ոչ թե պարզապես հնարավորինս երկար ապրելն է, այլ մնացած տարիների ընթացքում կյանքի բարձր որակը պահպանելը։
Նրա խոսքով՝ ինքը Mayo Clinic-ին նվիրաբերել է ավելի քան 15 միլիոն դոլար, որն ուղղվել է հիմնականում ծերացման հետազոտություններին, ինչպես նաև ֆինանսավորել է երկարակեցությանը նվիրված գիտական նախագծեր։
Հարուստ հաճախորդների ընտանեկան գրասենյակների հետ աշխատող Withers Bergman իրավաբանական ընկերության գործընկեր Ուիլյամ Կամբասը պատմել է, որ իրենց հետ համագործակցող ընտանիքներից մեկն առանձին ներդրումային կապիտալ է հատկացրել առողջության և այլ ուղղությունների համար։ Նախատեսվում է ներդրումներից ստացվող կայուն եկամտի մի մասն ուղղել ընտանիքի անդամների առողջարարական ծրագրերին։
15 հազար դոլար արժողությամբ ներարկումներ և փորձարկումներ Ամազոնի ջունգլիներում
Որոշ միլիոնատերեր ու միլիարդատերեր է՛լ ավելի հեռուն են գնում։
Ավելի քան 100 միլիոն դոլար կարողություն ունեցող մարդկանց միավորող R360 փակ ակումբի հիմնադիր Չարլի Գարսիան որդու հետ մեկնել է Հարավային կիսագնդում՝ Ամազոնի ջունգլիների սրտում գտնվող շքեղ համալիր։ Այնտեղ անցկացվում էր երկարակեցությանը նվիրված հատուկ ռետրիտ, որը կազմակերպել էր բիոհաքեր Դեյվ Էսփրին. վերջինս, իր իսկ խոսքով, օրական 150 սննդային հավելում է ընդունում։
Ուղևորությունից երկու շաբաթ առաջ Գարսիան դաստակին ամրացրել էր գլյուկոզայի մակարդակի անընդհատ մոնիթորինգի տվիչ։ Բժիշկները համալիր հետազոտություն էին անցկացրել՝ ուսումնասիրելով արյան, մեզի, կղանքի և թքի նմուշները։ Արդյունքում նա ստացել էր իր առողջական վիճակի վերաբերյալ 75 էջանոց զեկույց։
Սակայն ծրագրի գլխավոր իրադարձությունը փորձարարական պրոցեդուրաներն էին։ Գարսիան և նրա որդին ձեռքերում փորձարարական գենային պատրաստուկների ներարկումներ են ստացել, որոնք, ենթադրաբար, պետք է լավացնեն հիշողությունը և նպաստեն մկանային զանգվածի աճին։ Յուրաքանչյուր պրոցեդուրայի արժեքը կազմել է մոտ 15 հազար դոլար։
Ռետրիտի մասնակիցները ներգրավվել են նաև բուսական պատրաստուկների կիրառմամբ այսպես կոչված երկարակեցության արարողություններում, որոնք անցկացնում էին շամանները։ Որոշ հյուրեր, այդ թվում՝ ինքը՝ Գարսիան, օգտագործել են փսիլոցիբին՝ հոգեակտիվ նյութ, որը պարունակվում է հալյուցինոգեն սնկերի մեջ։
«Սրանցից ոչ մեկը հաստատված չէ ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղորայքի վարչության (FDA) կողմից,— անվրդով տեսքով խոստովանել է Գարսիան։— Ըստ էության, ես հանդես եմ գալիս փորձանոթային լաբորատոր առնետի դերում, բայց դա ինձ ձեռք է տալիս»։
Բացի այդ, նա մասնակցել է մեկժամյա շնչառական պրակտիկայի, որն, իր խոսքով, օգնել է հասնել գիտակցության փոփոխված վիճակի։
«Ես հայտնվեցի մի վիճակում, որում նախկինում երբեք չէի եղել»,— պատմել է ձեռնարկատերը։
Ամազոնյան ուղևորության մասնակիցներից շատերը R360 ակումբի անդամներ էին։ Գարսիայի գնահատմամբ՝ ակումբի անդամներն առողջության և երկարակեցության վրա տարեկան ծախսում են առնվազն 200 հազար դոլար։
Մասնակիցների մոտ մեկ հինգերորդը սեփական տներում տեղադրել է հիպերբարիկ խցիկներ՝ հատուկ հերմետիկ սարքավորումներ, որոնցում բարձր ճնշման տակ թթվածնային թերապիա է անցկացվում։
Սակայն գիտնականները հորդորում են չտարվել նման փորձարկումներով։
Չիկագոյի Իլինոյսի համալսարանի պատվավոր պրոֆեսոր Ս. Ջեյ Օլշանսկին, որն իր հետազոտությունները նվիրել է ծերացման ուսումնասիրությանը, խորհուրդ է տալիս զգուշությամբ վերաբերվել կյանքի երկարացման ծայրահեղ մեթոդներին, հատկապես եթե դրանք հաստատված չեն FDA-ի կողմից։
Նրա խոսքով՝ կյանքի տևողությունը երկարացնելու երկու ամենաարդյունավետ միջոցները գրեթե ոչինչ չարժեն. դրանք առողջ սնունդն ու կանոնավոր ֆիզիկական ակտիվությունն են։
Արհեստական բանականությունը դարձել է միլիարդատիրոջ անձնական ուղեղը
R360 ակումբի մեկ այլ անդամի՝ ձեռնարկատեր Ջասթին Դի Ռեցեի համար առողջությունն ու լավ ինքնազգացողությունը դարձել են ընտանեկան գրասենյակի նույնքան կարևոր մասը, որքան ներդրումներն ու կապիտալի կառավարումը։
Նրա ընտանեկան գրասենյակի 24 աշխատակիցներից ութը տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտի մասնագետներ են։ Նրանք ստեղծել են մի համակարգ, որը ձեռնարկատերն անվանում է իր «երկրորդ ուղեղը»։ Այն հավաքում և վերլուծում է նրա օրգանիզմի վերաբերյալ տվյալները, իսկ հետո օգնում կառավարել առօրյա կյանքը։
Ամեն առավոտ Դի Ռեցեն կշռվում է, պարբերաբար չափում բիցեպսների ու ձկնամկանների շրջագիծը, հետևում քնի որակին և սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի օգտագործմանը։ Այս և տասնյակ այլ ցուցանիշներ մուտքագրվում են արհեստական բանականության վրա հիմնված հավելված։
Համակարգն ավտոմատ կերպով պատվիրում է մթերքները և կազմում սննդակարգը։ Օրինակ՝ ձեռնարկատիրոջ ամենօրյա նախաճաշը ներառում է ձիթապտղի յուղի չափաբաժին և բիզոնի անյուղ միս, որն օրգանիզմն ապահովում է սպիտակուցով։
ԱԲ-գործակալները մշակում են ճաշացանկը, կազմում մարզումների ծրագրերը և նրան գրանցում կանխարգելիչ բժշկական հետազոտությունների։ Եթե լաբորատոր անալիզների պատասխաններն ուշանում են, համակարգն ինքնուրույն հիշեցնում է այդ մասին և վերահսկում դրանց ստացումը։
Առողջության մասին հոգածությունը ներառված է նույնիսկ ընտանեկան գրասենյակի պաշտոնական առաքելության մեջ։
«Մեր նպատակն այն է, որ նույնիսկ այն բանից հետո, երբ ես ու կինս հեռանանք կյանքից, որոշումները շարունակեն կայացվել այնպես, կարծես մենք դեռ այստեղ ենք»,— հեռախոսով պատմել է 39-ամյա Դի Ռեցեն։ Այդ պահին նա գտնվում էր Ֆլորիդա նահանգի Սանի Այլս քաղաքի լողափին և լրացնում էր քայլերի իր օրական նորման։
Միլիարդատերերն ուզում են ապրել մինչև 100 տարի և ավելի
Ունևոր ներդրողները գնալով ավելի ակտիվ են ներդրումներ կատարում կյանքի երկարացման հետ կապված հավակնոտ նախագծերում։ Վերջին 25 տարվա ընթացքում նրանք ավելի քան 5 միլիարդ դոլար են ուղղել երկարակեցության ոլորտում աշխատող ստարտափներին։
Ընդ որում, իրենք՝ ներդրողները, ավելի ու ավելի հաճախ են ակնկալում ապրել առնվազն մինչև 100 տարի։
Համաձայն UBS-ի հարցման, որին մասնակցել է ավելի քան 5 հազար ներդրող ամբողջ աշխարհից, ունևոր հարցվածների կեսից ավելին ակնկալում է ապրել մինչև հարյուր տարեկան։
Այս սպասումներն արդեն իսկ ազդում են մոլորակի ամենահարուստ մարդկանց ֆինանսական ռազմավարությունների վրա, այդ թվում՝ այն բանի, թե ինչպես են նրանք ներդնում կապիտալը և պլանավորում այն փոխանցել ժառանգներին։ Ըստ UBS-ի տվյալների՝ տասը միլիարդատերերից ավելի քան չորսը մտադիր են կամ արդեն սկսել են երկարաժամկետ ներդրումներ կատարել՝ հաշվի առնելով կյանքի սպասվող տևողության աճը։
Իսկ առայժմ նրանք փորձում են առավելագույնս արդյունավետ տնօրինել իրենց ամեն մի օրը։
Օրինակ՝ Լարի Քոնորն ընդհանրապես չի զբաղվում էլեկտրոնային փոստով։ Նրա օգնականները նախ ստուգում են նամակները, տպում դրանք, իսկ հետո պատասխաններ պատրաստում նրա անունից։
Միլիարդատիրոջ աշխատանքային գրաֆիկը գծագրված է հինգ րոպեի ճշգրտությամբ։ Գործնական հանդիպումների արանքում նա ժամանակ է գտնում սքվոշ խաղալու, յոգայով զբաղվելու և ինտենսիվ մարզումների համար։
Ընդ որում, ինքը՝ Քոնորը, կարծես թե առանձնապես ուշադիր չի հետևում, թե կոնկրետ որքան գումար է ծախսում առողջության պահպանման վրա։ Երբ նրան հարցրել են ծախսերի մասին, նա սկզբում ենթադրել է, որ խոսքը տարեկան մոտ 30 հազար դոլարի մասին է։ Սակայն ավելի ուշ աշխատակիցներից մեկը հստակեցրել է, որ փաստացի գումարը հասնում է վեցանիշ թվի, այն էլ՝ առանց հաշվի առնելու LSC հատուկ բաժնի աշխատակիցների աշխատավարձերը։
Շատ աշխատանքային օրեր միլիարդատերն ավարտում է իր գրասենյակի նախասրահում գտնվող մարզասրահում մարզվելով։ Աշնանային մի օր անձնական մարզիչը նրա հետ ինտերվալային մարզում է անցկացրել վազքուղու վրա և ուժային վարժությունների երկու համալիր։
Երբ պարապմունքն ավարտվել է, և եկել է ձգումների ժամանակը, Քոնորը մարզչին խնդրել է ավելացնել ևս մեկ՝ լրացուցիչ մարզում։
Նրա աշխատանքային օրը սկսվել էր առավոտյան 7:45-ին, բայց նույնիսկ մոտ 12 ժամ անց նա և իր գործընկերները դեռ գրասենյակում էին։ Ընկերության աշխատակիցներն աշխատում են նաև շաբաթ օրերին։
«Նա հաճախ ասում է մոտավորապես այսպիսի մի բան. "Հե՜յ, միգուցե ես հավերժ եմ ապրելու",— պատմել է Ռայան Էռնստը, որը երկար տարիներ աշխատում է Քոնորի հետ և համակարգում նրա բարեգործական նախագծերը։— Երբեմն ինձ թվում է, թե նա հենց դրա վրա էլ հույս է դնում»։