Կարմիր գորգից մինչև Chanel-ի փակ ընթրիք. ինչպե՞ս են Ռոբերտ Դե Նիրոն ու նրա երիտասարդ ընտրյալը վայելում Նյու Յորքի աստղային գիշերները  

15:40   13 նոյեմբերի, 2026

Հոլիվուդի կենդանի լեգենդ Ռոբերտ Դե Նիրոն և նրա սիրելին՝ Թիֆանի Չենը, հերթական անգամ ապացուցեցին, որ տարիքն ընդամենը թիվ է, երբ խոսքը վերաբերում է իսկական էլեգանտությանն ու ներդաշնակությանը։ Զույգը դարձել է Նյու Յորքի ամենասպասված աշխարհիկ իրադարձություններից մեկի՝ Ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA) ամենամյա բարեգործական կինոերեկոյի գլխավոր զարդը։

Հեղինակավոր Chanel նորաձևության տան հովանու ներքո անցկացվող 18-րդ գալա-երեկոն այս տարի նվիրված էր կինոաշխարհի մեկ այլ տիտանի՝ ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգի մեծարմանը։ Աստղային հյուրերի շարքում Դե Նիրոն և Չենը առանձնանում էին իրենց ոճային և միմյանց լրացնող կերպարներով։

ротиф.jpg (59 KB)

83-ամյա կրկնակի օսկարակիր դերասանը հավատարիմ էր մնացել իրեն հատուկ դասական զուսպ շքեղությանը՝ կրելով մուգ մոխրագույն կոստյում, որը համադրել էր ավելի բաց երանգի պոլո-սվիտերի և շագանակագույն դասական կոշիկների հետ։ Նրա կողքին Թիֆանի Չենը պարզապես շլացնում էր իր համարձակ և գայթակղիչ տեսքով. նա ընտրել էր խորը լանջաբացվածքով սև մինի զգեստ՝ այն համադրելով բարձրակրունկ, մինչև ազդրերը հասնող կաշվե երկարաճիտ կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացնում էին նուրբ արծաթագույն թևնոցը, մինիմալիստական վզնոցը և օղ-ականջօղերը։

Ի դեպ, զույգի համար այս շաբաթը չափազանց հագեցած է աշխարհիկ միջոցառումներով։ Ընդամենը մեկ օր առաջ նրանք կրկին լուսարձակների կենտրոնում էին Նյու Յորքում՝ «Focker-in-Law» ֆիլմի պրեմիերային, որտեղ Դե Նիրոյի խաղընկերներն են Բեն Սթիլերն ու փոփ-աստղ Արիանա Գրանդեն։

ротиф1.jpg (151 KB)

Հիշեցնենք, որ Ռոբերտ Դե Նիրոյի և Թիֆանի Չենի սիրավեպի պատմությունը սկիզբ է առել դեռևս 2015 թվականին՝ հանրահայտ «Պրակտիկանտը» (The Intern) կատակերգության նկարահանման հրապարակում, որտեղ Չենը փոքրիկ դերակատարում ուներ։ Սակայն նրանց ռոմանտիկ հարաբերությունների մասին առաջին լուրերը մամուլում հայտնվեցին միայն 2021 թվականի օգոստոսին՝ դերասանի և նրա նախկին կնոջ՝ Գրեյս Հայթաուերի ամուսնալուծությունից երեք տարի անց։ Այն ժամանակ պապարացիները զույգին նկատել էին Ֆրանսիայի հարավում՝ զբոսանավի վրա ջերմ գրկախառնությունների և համբույրների պահին։

2023 թվականի ապրիլին զույգի սերը պսակվեց դստեր՝ Ջիա Վիրջինիա Չեն-Դե Նիրոյի ծնունդով. փոքրիկը դարձավ լեգենդար դերասանի յոթերորդ երեխան։ Խոսելով բազմազավակ հայրության բարդությունների և գաղտնիքների մասին՝ Դե Նիրոն իր վերջին հարցազրույցներից մեկում անկեղծացել է, որ իդեալական ծնող լինելու հատուկ բանաձև գոյություն չունի.

«Ամեն ինչ կայանում է պարզապես ճիշտ կառավարման մեջ։ Եվ, անկեղծ ասած, հնարավոր չէ խուսափել մեղքի այն թեթև զգացումից, որ երբեմն երեխաներիդ կողքին չես լինում այն պահերին, երբ պետք է լինեիր կամ կարծում ես, թե պետք է լինեիր», — խոստովանել է կինոաստղը։



© NEWS.am STYLE