Արքայական գաղտնիք և 430 հազար դոլար արժողությամբ մարգարիտ. ընտանեկան առեղծված թաքցնող վզնոցի պատմությունը

22:21   13 նոյեմբերի, 2026

Վիկտորիա թագուհու հռչակավոր զարդի նմուշով ստեղծված մարգարտե և ադամանդե վզնոցը Ժնևի Phillips աճուրդում վաճառվել է 327 հազար ֆունտ ստեռլինգով (շուրջ 430 հազար դոլար)։ Գրեթե մեկ դար առաջ այն պատվիրել էր Գեորգ V-ի կինը՝ Մարիա թագուհին, որը հայտնի էր թանկարժեք քարերի հանդեպ իր մեծ սիրով։ Սակայն այս զարդի պատմությունը կապված է ոչ միայն արքայական շքեղության, այլև պալատական խարդավանքների ու մի առեղծվածի հետ, որը մինչ օրս բացահայտված չէ, գրում է Telegraph-ը։

Զարդերի հանդեպ Մարիա թագուհու սերն առասպելական էր։ 1938 թվականին Չիփս Չենոնն իր օրագրում նկարագրել է թագուհու հրապարակային ելույթներից մեկը. նրա պարանոցը զարդարում էր ադամանդե հինգ վզնոց, իսկ ողջ կերպարը բառացիորեն թաղված էր թանկարժեք քարերի մեջ։ Ներկա կանանցից մեկն այդ առիթով ասել էր. «Նա իրեն է վերցրել ամենալավը»։

кожер1.jpg (70 KB)

Մարիան պարզապես զարդեր չէր հավաքում. նա խնամքով հետևում էր թե՛ արքայական հավաքածուին, թե՛ իր անձնական գոհարներին՝ մանրամասն արձանագրելով դրանց ծագումն ու ձևափոխությունների պատմությունը։ Ինչպես նշում է գրող Ջասթին Պիկարդին, թագուհին ոչ միայն կոլեկցիոներ էր, այլև արքայական գանձերի իսկական պահապան։

Վզնոց, որը վիշտ պատճառեց պալատական տիկնանց

Բնօրինակ զարդի պատմությունը սկսվել է 1887 թվականին, երբ բրիտանական բարձրաշխարհիկ հասարակության մի խումբ կանայք Վիկտորիա թագուհու գահակալության ոսկե հոբելյանի առթիվ դրամահավաք նախաձեռնեցին։ Հաջորդ տարվա մարտին «Կայսրության դուստրերը» հավաքել էին ավելի քան 84 հազար ֆունտ ստեռլինգ։ Գումարը նախատեսված էր արքայազն Ալբերտի հուշարձանի կառուցման համար, սակայն հանգանակությունները զգալիորեն գերազանցեցին անհրաժեշտ շեմը։

Վիկտորիան կարգադրեց մնացած 70 հազար ֆունտն ուղղել բուժքույրերին աջակցող բարեգործական հիմնադրամին։ Սակայն կազմակերպիչների միջև վեճ ծագեց. ոմանք առաջարկում էին թագուհուն նաև անձնական նվեր մատուցել, իսկ մյուսները պնդում էին, որ ողջ գումարը պետք է ծառայի բացառապես բարեգործությանը։

Ի վերջո, կոմիտեն առաջարկեց Վիկտորիային նվիրել ադամանդե հուշանշան՝ ի հիշատակ այդ նվիրատվության։ Սակայն թագուհին կտրականապես մերժեց գաղափարը։ Իր գրառումներում նա դժգոհություն էր հայտնել իր հանդեպ ցուցաբերված անարդար վերաբերմունքից և հայտարարել, որ նման նվեր ստանալու դեպքում անմիջապես կփոխանակի այն մեկ այլ զարդի հետ։

Վերջիվերջո, վզնոցի ստեղծման համար հատկացվեց 5 հազար ֆունտ ստեռլինգ, իսկ պատրաստումը վստահվեց Carrington & Co. ոսկերչական տանը։ Զարդի էսքիզն անձամբ հաստատեց ինքը՝ Վիկտորիան։

кожер2.jpg (79 KB)

Զարդը քառատերևի տեսքով նրբահյուս հորինվածք էր՝ պատրաստված ադամանդներից ու բնական մարգարիտներից և պսակված թագով։ Մարգարիտները խորհրդանշում էին 1861 թվականին մահացած արքայազն Ալբերտի համար թափված արցունքները։ Ամուսնու մահից հետո Վիկտորիան ևս չորս տասնամյակ սև սգո զգեստներ էր կրում՝ դրանք համադրելով սպիտակ ժանյակի, մարգարիտների և ադամանդների հետ։

Չնայած սկզբնական տարաձայնություններին՝ վզնոցն այնքան դուր եկավ թագուհուն, որ նա այն հռչակեց գահի տոհմական մասունք։ Հետագայում զարդը դարձավ նրա ծոռնուհու՝ Եղիսաբեթ II-ի ամենասիրելի զարդերից մեկը։ 1952 թվականին՝ գահ բարձրանալուց հետո, միապետն այն կրեց խորհրդարանի բացման իր առաջին արարողության ժամանակ։

Ինչո՞ւ էր Մարիա թագուհուն անհրաժեշտ զարդի կրկնօրինակը

Այս պատմության ամենաուշագրավ մանրամասն այն է, որ Մարիա թագուհին երբեք չի լուսանկարվել Վիկտորիայի բնօրինակ վզնոցով։ Այդուհանդերձ, 1928 թվականին նա պատվիրեց դրա կրկնօրինակը։ Այդ որոշման դրդապատճառները մինչ օրս մնում են անհայտ։

Կրկնօրինակը պատրաստելու համար Մարիան դիմեց Լոնդոնի ամենանորաձև ոսկերչական տներից մեկին՝ Hennell-ին։ Այն բնօրինակից տարբերվում էր նյութերով. բնական մարգարտի փոխարեն օգտագործվել էր աճեցված մարգարիտ, իսկ արծաթի և ոսկու համադրության փոխարեն՝ պլատին։

Սկզբնապես զարդը գնահատվում էր 110–165 հազար ֆունտ ստեռլինգ, սակայն վերջնական արժեքը գերազանցեց 327 հազար ֆունտը՝ գրեթե կրկնակի գերազանցելով նախնական գնահատման առավելագույն շեմը։

кожер3.jpg (43 KB)

Սա հռչակավոր վզնոցի միակ կրկնօրինակը չէ։ 1963 թվականին արքայադուստր Ալեքսանդրան իր ամուսնուց՝ Անգուս Օգիլվիից, որպես հարսանեկան նվեր ստացավ զարդի մեկ այլ կրկնօրինակ։ Դրանում նույնպես թագը բացակայում էր, իսկ մարգարտե տարրերը հնարավոր էր փոխարինել փիրուզե կաբոշոններով։

Մարիա թագուհին պատվիրել է նաև պատմական այլ զարդերի կրկնօրինակներ, այդ թվում՝ 18-րդ դարի թագի մոտիվներով 1919 թվականին ստեղծված ծոպավոր տիարան և հռչակավոր Cambridge Lover’s Knot տիարան, որը պատրաստվել էր 1914 թվականին՝ իր տատիկին պատկանող զարդի նմուշով։

Արքայական գոհարներ՝ անգամ ռմբակոծությունների ժամանակ

Մարիայի ազդեցությունը դուրս էր գալիս ոսկերչական հավաքածուի սահմաններից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա սատարում էր բրիտանական ինքնությունն ընդգծելու արքունիքի ձգտմանը. պնդում էր, որ արքայական ընտանիքի կանայք և պալատականները կրեն բացառապես բրիտանական գործվածքներից կարված հագուստ և նախապատվությունը տան տեղացի դիզայներներին։ Նորաձևության պատմաբանների կարծիքով՝ հենց Մարիան է դրել այն ոճի հիմքերը, որը պահպանվում է բրիտանական արքայական ընտանիքում մինչ օրս։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թագուհին, որն արդեն անցել էր 70-ի շեմը, որդու՝ Գեորգ VI-ի պնդմամբ լքեց Լոնդոնը և հաստատվեց Գլոստերշիր կոմսության Badminton House քաղաքամերձ կալվածքում։ Նրա զարմուհին՝ Բոֆորտի դքսուհին, հիշում էր, որ Մարիան, ժամանելով ավելի քան 50 սպասավորների ուղեկցությամբ, արագորեն իր ձեռքը վերցրեց տան կառավարումը։

Մի գիշեր՝ օդային տագնապի ժամանակ, դքսուհին ապաստարանում էր հայտնվել հին ու կեղտոտ խալաթով, մինչդեռ նրա մորաքույրը նստած էր անթերի հագնված, մարգարիտներով զարդարված և հանգիստ խաչբառ էր լուծում։

Անգամ ռմբակոծությունների ժամանակ Մարիան չէր մոռանում թանկարժեք զարդերի մասին. նա պահանջում էր, որ տարհանման պահին պալատական ծառայողներն իրենց հետ վերցնեն գոհարները, որպեսզի ռումբի հարվածի դեպքում հնարավոր լինի փրկել դրանք։

Պատերազմից հետո թագուհին, ի նշան վեց տարվա հյուրընկալության համար երախտագիտության, զարմուհուն նվիրեց Վիկտորիայի վզնոցի կրկնօրինակը։ Դքսուհին երեխաներ չուներ և իր մահից մեկ տարի առաջ՝ 1986 թվականին, վաճառեց զարդը։

Այդ ժամանակվանից ի վեր վզնոցը մասնավոր հավաքորդների ձեռքից ձեռք էր անցնում, մինչև որ հայտնվեց Ժնևի աճուրդում։ Այժմ զարդի պատմության մեջ նոր էջ է բացվում, սակայն գլխավոր առեղծվածը մնում է նույնը. ինչո՞ւ էր Մարիա թագուհին ցանկացել ունենալ մի զարդի կրկնօրինակ, որն ինքը երբեք չէր կրել։



© NEWS.am STYLE