«Մերկ» ճշմարտություն՝ եդեմական պարտեզում. Քենդալ Ջեներն իր տեկիլայի նոր գովազդում հրաժարվել է հագուստից և անսպասելի շրջադարձով զարմացրել երկրպագուներին  

11:53   14 նոյեմբերի, 2026

Համաշխարհային նորաձևության ամենապահանջված դեմքերից մեկը՝ սուպերմոդել Քենդալ Ջեները, քաջ գիտի՝ ինչպես մեկ ակնթարթում իր վրա սևեռել ողջ հանրության ուշադրությունը։ Աղջիկը, ով իր փայլուն կարիերան կառուցել է բրենդային հագուստներ ցուցադրելու շնորհիվ, այս անգամ որոշել է կոտրել կարծրատիպերը. իր հիմնադրած «818 Tequila» բրենդի նոր, համարձակ գովազդային արշավում նա հայտնվել է գրեթե մերկ վիճակում՝ այդպիսով խորհրդանշելով խմիչքի բացառապես մաքուր ու բնական բաղադրությունը։

«Ոչինչ ավելորդ» (Nothing Extra) խորագիրը կրող գովազդային հոլովակը հանդիսատեսին տեղափոխում է Եդեմական պարտեզ հիշեցնող գեղատեսիլ մի վայր։ Տեսանյութում Ջեները շրջում է բարձր խոտերի մեջ՝ տպավորություն ստեղծելով, թե իր հագին բացարձակապես ոչինչ չկա, իսկ մարմնի բաց հատվածները նա վարպետորեն քողարկում է փարթամ բույսերով ու տերևներով։

Կադրից դուրս հնչող ձայնն էլ ավելի է թեժացնում ինտրիգը. «Որոշ բաներ զարդարանքի կարիք չունեն։ Դրանք շատ ավելի լավն են մերկ վիճակում՝ իրենց բնական էությանը մոտ։ 818 Tequila-ն հենց այդպիսին է. առանց հավելյալ համերի, քաղցրացուցիչների և արհեստական հավելումների։ Այն գրեթե մերկ է, ինչը նշանակում է, որ Քենդալ Ջեները...»։ Եվ հենց այս պահին սուպերմոդելը, կոտրելով հանդիսատեսի սպասումները, հեգնական ժպիտով հայտնվում է էկրանին՝ հագին ճերմակ, նրբագեղ զգեստ, իսկ ձեռքին՝ 2021 թվականին իր իսկ ստեղծած տեկիլայով լի բաժակը, ու հավելում. «Բոլորովին էլ մերկ չէ»։

Ռեժիսոր Մաքս Բարթիքի նկարահանած այս սրամիտ հոլովակի հիմնական նպատակը խմիչքի մաքրության վրա ուշադրություն հրավիրելն է, քանի որ այն պատրաստվում է ընդամենը երեք բաղադրիչից՝ 100 տոկոսանոց կապույտ ագավայից, ջրից և խմորիչից՝ զերծ մնալով գույնը կամ համը փոխող արհեստական նյութերից։ Ինչպես նշել է ինքը՝ Քենդալը, իրենք տարիներ են ներդրել այս բրենդի ստեղծման մեջ և ցանկացել են անել մի անսպասելի քայլ, որը մարդկանց կստիպի երկրորդ անգամ նայել էկրանին՝ ի վերջո գլխավոր լուսարձակն ուղղելով հենց խմիչքի վրա։



© NEWS.am STYLE