12:23 14 նոյեմբերի, 2026Լեգենդար Pink Floyd խմբի նախկին անդամ Ռոջեր Ուոթերսը հինգ տարվա համատեղ կյանքից հետո ամուսնալուծվում է կնոջից՝ Կամիլա Չավիսից։ Ինչպես հայտնում է PEOPLE պարբերականը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը, 83-ամյա երաժիշտն ամուսնալուծության դիմումը Նյու Յորք նահանգի Գերագույն դատարան է ներկայացրել նոյեմբերի 10-ին։
Գործը գրանցվել է որպես վիճարկվող ամուսնալուծություն, ինչը նշանակում է, որ ամուսինների միջև դեռևս կան չլուծված հարցեր, որոնց շուրջ նրանց առայժմ չի հաջողվել համաձայնության գալ։
Ուոթերսը Չավիսի հետ ամուսնության մասին հայտնել էր 2021 թվականի հոկտեմբերին՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակելով հարսանեկան արարողության լուսանկարները։ Այն ժամանակ երաժիշտը կադրերին կից հուզիչ գրառում էր արել․ «Ես այնքան երջանիկ եմ։ Վերջապես գտա այն միակին»։
Զույգի ծանոթության պատմությունը սկսվել էր հարսանիքից դեռ շատ առաջ։ 2018 թվականին արգենտինական Infobae պարբերականին տված հարցազրույցում Ուոթերսը պատմել էր, որ ապագա կնոջն առաջին անգամ տեսել է իր համերգներից մեկի ժամանակ։ Չավիսն աշխատում էր տրանսպորտային ծառայությունում և վարում էր այն մեքենան, որով երաժշտին տեղափոխում էին ելույթի վայր։
«Երկու շաբաթ նույն վայրում էի, և մեզ անընդհատ հյուրանոցից մարզադաշտ էին տանում ու հետ բերում։ Ես նստում էի հետևի նստատեղին, իսկ թիկնապահս՝ նրա կողքին, ու նրանք զրուցում էին։ Չգիտեմ ինչու, բայց նրա մեջ ինչ-որ բան գրավեց ինձ»,- հիշել էր արտիստը։
Ուոթերսի խոսքով՝ մի օր էլ ինքը որոշել է խոսեցնել աղջկան ու նրան անսովոր հաճոյախոսություն է արել․ «Ներեցեք, Ձեզ երբևէ ասե՞լ են, որ հիասքանչ այտոսկրեր ունեք»։ Երաժիշտը նկատել է նրա արձագանքն ու խոստովանել, որ հենց այդ պահից էլ ամեն ինչ սկսվել է։
Չավիսի հետ ամուսնությունը հինգերորդն էր ռոք-լեգենդի համար։ Ուոթերսի առաջին կինը Ջուդիթ Թրիմն էր, ում հետ նա ամուսնացած է եղել 1968–1975 թվականներին։ Այնուհետև՝ 1976-ից 1992 թվականներին, նրա կինն է եղել Քերոլայն Քրիստին։ 1993 թվականին երաժիշտն ամուսնացել է Պրիսցիլա Ֆիլիպսի հետ, սակայն նրանց միությունն ավարտվել է 2001-ին։
2012 թվականին Ուոթերսն ամուսնացել է դերասանուհի և ռեժիսոր Լորի Դյորնինգի հետ, սակայն երեք տարվա համատեղ կյանքից հետո՝ 2015-ին, զույգը բաժանվել է։
Երաժիշտը երեք երեխա ունի՝ որդին՝ Հարրին, և դուստրը՝ Ինդիան՝ Քերոլայն Քրիստիի հետ ամուսնությունից, ինչպես նաև որդին՝ Ջեքը՝ Պրիսցիլա Ֆիլիպսից։