«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին

16:36   14 նոյեմբերի, 2026

Մամուլի հրապարակումներում պնդվում է, որ տեխնոլոգիական հսկա Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը չափազանց ծանր է տարել իր պաշտոնավարման վերջին ժամերը։ Ըստ այդ հրապարակումների՝ նրա ենթադրյալ սիրային կապերը դարձել են աղմկահարույց սկանդալի և հրաժարականի պատճառ։ Bloomberg-ի տրամադրած տեղեկության համաձայն՝ միլիարդատերն անընդհատ կրկնել է՝ «Ինձ համար միևնույն է» և «Ես կ...տի կտոր եմ»։

Ինչպես հայտնում է պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին, նոյեմբերի 11-ին՝ ընկերությունից հեռանալուն նախորդած ժամերին, Հուանգն իրեն սովորականից բոլորովին այլ կերպ է պահել։ Զրուցակիցների խոսքով՝ նրա երբեմնի ինքնավստահությանը փոխարինել էին կտրուկ արտահայտություններն ու կատարվողի հանդեպ լիակատար անտարբերությունը։

Տեխնոլոգիական ոլորտի ամենաազդեցիկ դեմքերից մեկի անկումը կայծակնային էր։ Դեռ բոլորովին վերջերս Հուանգը համառորեն հերքում էր սինգապուրյան Megaspeed ընկերության ղեկավար Էլիս Հուանգի հետ սիրավեպ ունենալու լուրերը՝ վստահեցնելով, որ իրենց կապը զուտ գործնական է։ Նշենք, որ Էլիս Հուանգը նրա ազգականը չէ։

Սակայն չինական հետախուզության հետ կապերի մեջ կասկածվող կնոջ հետ սիրավեպի մասին հրապարակումներից հետո Nvidia-ի գլխավոր իրավախորհրդատու Թիմ Թեթերն անձամբ է գնացել Հուանգի տուն՝ բացատրություն պահանջելու։ Ըստ Bloomberg-ի և The Information-ի՝ այդ զրույցի ժամանակ էլ ընկերության ղեկավարը խոստովանել է իրենց կապի մասին։

Լրատվամիջոցների տվյալներով՝ տնօրենների խորհուրդը սկզբում չէր շտապում քայլեր ձեռնարկել, սակայն Թեթերը պնդել է, որ պետք է հանդես գալ հրապարակային հայտարարությամբ։

Իրավիճակն էլ ավելի է սրվել, երբ The New York Times-ը գրել է Հուանգի մեկ այլ ենթադրյալ սիրային կապի մասին՝ այս անգամ Nvidia-ի առողջապահական ուղղության փոխնախագահ Քիմբերլի Փաուելի հետ։ Տնօրենների խորհուրդը գիշերային արտահերթ նիստ է հրավիրել, որից հետո միլիարդատերը ստիպված է եղել հրաժարական տալ։

Հինգշաբթի օրը Reuters-ը հայտնեց Հուանգի արդեն երրորդ ենթադրյալ սիրավեպի մասին՝ կրկին Nvidia-ի աշխատակցուհու հետ, որի անունն առայժմ չի բացահայտվում։

The Information-ի տվյալներով, սկանդալից հետո գործարարը դիմել է ԱՄՆ խոշորագույն իրավաբանական ընկերություններից մեկի՝ Paul Weiss-ի օգնությանը։ Պարբերականի աղբյուրները պնդում են, թե Հուանգն ասել է, որ իրեն ամենից շատ մտահոգում է ոչ թե սեփական ճակատագիրը, այլ կինը, ինչպես նաև այն կանանց «կյանքը չկործանելու» ցանկությունը, որոնց անունները կապվում են այս պատմության հետ։

Դեռ մի քանի ամիս առաջ Nvidia-ի գործերը փայլուն էին։ Հոկտեմբերին ընկերության բաժնետոմսերը պատմական ռեկորդ էին սահմանել, իսկ Հուանգի անձնական կարողությունը, Forbes-ի գնահատմամբ, անցել էր 200 միլիարդ դոլարի սահմանը։ Նա մտերիմ հարաբերություններ ուներ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և գրեթե աստղային համբավ էր վայելում հայրենի Թայվանում։

Առաջին լուրջ խնդիրներն ի հայտ եկան հոկտեմբերի վերջին, երբ The New York Times-ը գրեց, որ Հուանգը կարող էր հայտնվել չինական հետախուզության հատուկ գործողության թիրախում, որտեղ շրջանառվում էր նաև Էլիս Հուանգի անունը։ Մի քանի օր անց Financial Times-ը հայտնեց ամիսներ առաջ պատրաստված գաղտնի կառավարական զեկույցի մասին, որտեղ նրանց հարաբերությունները ներկայացված էին որպես սիրային։

Կիրակի օրը Nvidia-ի տնօրենների խորհուրդը հայտարարեց ներքին քննություն սկսելու մասին՝ գործընթացում ներգրավելով Wachtell, Lipton, Rosen & Katz իրավաբանական ընկերությանը։ Վերջինս նախկինում զբաղվել էր Նյու Յորքի նախկին նահանգապետ Էնդրյու Կուոմոյին առաջադրված սեռական ոտնձգությունների մեղադրանքների քննությամբ։

Նույն օրը Հուանգն էլեկտրոնային նամակ է ուղարկել ընկերության բոլոր աշխատակիցներին՝ ընդունելով սիրային կապի փաստը և ներողություն խնդրելով բաժնետերերից ու գործընկերներից։ Նա առանձին ներողություն է խնդրել նաև իր ընտանիքից։

Գործարարն ավելի քան 40 տարի ամուսնացած է Լորիի հետ։ Նրանց երկու երեխաներն ու փեսան նույնպես աշխատում են Nvidia-ում։

Bloomberg-ի տեղեկություններով՝ փակ դռների հետևում Հուանգը վստահեցրել է ընկերության ղեկավարությանը, թե Էլիսի հետ կապն իր ամուսնական անհավատարմության միակ դեպքն է եղել։ Սակայն ավելի ուշ մամուլում լուրեր տարածվեցին Nvidia-ի աշխատակցուհիների հետ ևս երկու սիրավեպի մասին։

Նրա անմիջական վերահսկողության տակ էին անգամ այնպիսի մանրուքներ, ինչպիսին կրտսեր աշխատակիցների վարձատրության չափն է։

Միլիարդատերը հայտնի էր նաև նրանով, որ էլեկտրոնային նամակներին պատասխանում էր գրեթե ակնթարթորեն՝ օրվա ցանկացած ժամի։ Սակայն վերջին օրերին, ինչպես նկատում է Bloomberg-ը, նա սկսել էր զգալիորեն ուշ արձագանքել նամակներին։

Կառավարման նման խիստ կենտրոնացվածությունն անհանգստացրել էր ներդրողներին, որոնք մտավախություն ունեին, թե առանց Հուանգի ընկերությունը կկորցնի իր նախկին դիրքերը։ Այս իրադարձությունների ֆոնին Nvidia-ի շուկայական արժեքը նվազել է ավելի քան 450 միլիարդ դոլարով։

Չնայած ծագած սկանդալին՝ ընկերության նախկին ղեկավարն ազդեցիկ պաշտպաններ ունի։ Դոնալդ Թրամփը բազմիցս հրապարակավ աջակցել է Հուանգին։

Հինգշաբթի օրը հեռուստահաղորդավար Սթիվեն Ա. Սմիթի հետ զրույցում նախագահը նշել է, որ գործարարը պետք է լքեր պաշտոնը միայն այն դեպքում, եթե ապացուցվեր, որ Էլիսն իսկապես չինացի լրտես է։ Թրամփը նաև հավելել է, որ Հուանգն այժմ «դժոխքի միջով է անցնում» և ամենից շատ մտածում է կնոջ ու ընտանիքի մասին։

Nvidia-ի նախկին ղեկավարը պատրաստվում է ցուցմունք տալ ԱՄՆ Կոնգրեսում։ Նա համաձայնել է փակ ձևաչափով հանդիպել Ներկայացուցիչների պալատի՝ Չինաստանի հարցերով, արտաքին հարաբերությունների և հետախուզության հանձնաժողովների նախագահների հետ։

 



© NEWS.am STYLE