Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի

14:16   14 նոյեմբերի, 2026

Բրիթնի Սփիրսը պատրաստվում է կարիերայի նոր փուլի, սակայն այս անգամ երգչուհին բեմում չի լինի։ 44-ամյա փոփ աստղը ներկայացրել է զարդերի սեփական՝ BTiny ապրանքանիշը, որի ստեղծման վրա գաղտնի աշխատել է վերջին երկու տարիների ընթացքում։ Գործարար ոլորտում այս անսպասելի քայլը հաջորդել է երգչուհու աղմկահարույց ձերբակալությանը. ամիսներ առաջ նրան կասկածում էին ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ ավտոմեքենա վարելու մեջ։

Նոր ապրանքանիշի պաշտոնական կայքը գործարկվել է ուրբաթ՝ նոյեմբերի 13-ին։ Առայժմ զարդերը հնարավոր չէ գնել․ երկրպագուներին առաջարկվում է թողնել իրենց էլեկտրոնային փոստի հասցեն՝ վաճառքի մեկնարկի մասին առաջիններից մեկն իմանալու համար։ Կայքի գլխավոր էջում տեղադրված է Բրիթնիի խորհրդավոր ուղերձը․ «Լավ, ես մի բան էի թաքցնում։ Մի փոքրիկ բան… թեև, հնարավոր է՝ իսկապես ՇԱՏ ՓՈՔՐԻԿ (Tiny)»։ Դրա կողքին գրված է․ «23 տարի՝ մշակման փուլում»։

Դեռևս 2024 թվականի նոյեմբերին Սփիրսը երկրպագուներին պատմել էր զարդերի սեփական հավաքածուն ստեղծելու մտադրության մասին։ Այդ ժամանակ նա հրապարակել էր սպիտակ և դեղին ոսկուց՝ ադամանդներով ու փիրուզով զարդերի լուսանկար և խոստացել ներկայացնել «նրբագեղ, միանգամայն արտասովոր ու եզակի գործեր»։ 2025 թվականի մայիսին երգչուհու թիմը հայտ էր ներկայացրել ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշերի գրասենյակ՝ B Tiny ապրանքանիշը գրանցելու համար։

Նախագծին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ՝ սեփական ապրանքանիշի ստեղծումը Բրիթնիի վաղեմի երազանքն էր, որը նա փայփայում էր ավելի քան երկու տասնամյակ։ Վերջին մեկ տարվա ընթացքում երգչուհին ակտիվորեն զբաղվել է ապրանքանիշի մեկնարկի նախապատրաստական աշխատանքներով, իսկ վերջերս նույնիսկ մեկնել է Նյու Յորք՝ նոր ձեռնարկության հետ կապված գործնական հանդիպումների։

 



© NEWS.am STYLE