15:14 14 նոյեմբերի, 2026Քիմ Քարդաշյանը կրկին նորաձևության սադրանքի է դիմել՝ ընդգծելով իր կազմվածքն անսովոր լողափնյա կերպարով։ Ռեալիթի շոուների 46-ամյա աստղն ու SKIMS բրենդի հիմնադիրը լուսանկարների նոր շարք է հրապարակել, որտեղ ծովափին բոկոտն կեցվածք է ընդունել՝ կրելով մարմինը գրեթե չծածկող, կիսաթափանցիկ մինի զգեստ։
Նոր ֆոտոշարքի համար Քիմն ընտրել է բրիտանացի դիզայներ Մարկ Ֆասթի «Գարուն-ամառ 2027» հավաքածուի տպավորիչ նմուշներից մեկը։ Նուրբ կապտականաչավուն երանգով զգեստը գործված է միահյուսված թելերից և նրբագեղ ցանց է հիշեցնում։ Սովորական կտորի փոխարեն այստեղ բարակ գործված շերտերի ու խոշոր բացվածքների բարդ համադրություն է, որն ի ցույց է դնում կուրծքը, որովայնը, գոտկատեղն ու կողերը։
Բարձր օձիքով այս մոդելն ամբողջանում է ավելի խիտ գործվածքով, կարճ ու կիպ կիսաշրջազգեստով։ Իր կերպարը Քիմը համալրել է զգեստին համահունչ զանգվածեղ, գործված ապարանջաններով։ Աստղն արձակել է երկար, մուգ վարսերը, նախապատվությունը տվել վարդագույն նուրբ երանգներով բնական դիմահարդարմանն ու հրաժարվել կոշիկներից։
Լուսանկարներում Քարդաշյանը կեցվածք է ընդունել ճերմակ ավազին՝ փիրուզագույն ջրերի ֆոնին։ Կադրերից մի քանիսը խոշոր պլանով արված սելֆիներ են, որոնք թույլ են տալիս մանրամասն զննել զգեստի արտասովոր դիզայնը, իսկ վերջին լուսանկարում հեռուստաաստղն իր կերպարը ցուցադրում է ամբողջությամբ։
Երկրպագուները չեն թաքցրել իրենց հիացմունքը։ Ոմանք Քիմին նմանեցրել են ծովային աստվածուհու, մյուսներն էլ նրան անվանել են նորաձևության իսկական թագուհի։
Ըստ ամենայնի՝ լուսանկարներն արվել են հոկտեմբերին, երբ Քարդաշյանը մեկնել էր Ֆիլիպիններ՝ ծննդյան տարեդարձը նշելու սիրեցյալի՝ «Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հետ։