860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի

17:10   14 նոյեմբերի, 2026

Ճապոնական նորաձևության doublet բրենդը ներկայացրել է 2026 թվականի աշուն-ձմեռ հավաքածուի ամենաարտասովոր աքսեսուարներից մեկը՝ էմոջիների պատկերներով կաշվե պայուսակներ։ Դիզայներներն առօրյայում օգտագործվող թվային խորհրդանիշները վերածել են ծավալուն պատկերների՝ առաջարկելով սեփական էմոցիաները բառացիորեն կրել ձեզ հետ։ Յուրաքանչյուր մոդելի արժեքը շուրջ 860 դոլար է։

эмодзи1.jpg (23 KB)

Հավաքածուն ստացել է EMOJI LEATHER BAG անվանումը։ Դրա հեղինակը բրենդի հիմնադիր և կրեատիվ տնօրեն Մասայուկի Ինոն է, որը հայտնի է դիզայներական հեգնական լուծումների և առօրյա իրերի անսպասելի մեկնաբանությունների հանդեպ իր սիրով։

Նոր շարքում ներկայացված է պայուսակների երեք տարբերակ՝ հայտնի էմոջիների ծավալուն պատկերներով՝ արցունքներն աչքերին ծիծաղող դեմք, մեծ աչքերով աղերսող դեմք և սրտխառնոց արտահայտող կանաչ դեմք։

Յուրաքանչյուր պատկեր ստեղծվել է կաշվե դետալների միացման և ճշգրիտ կարի բարդ տեխնիկայի միջոցով, ինչի շնորհիվ սովորական թվային խորհրդանիշները եռաչափ տեսք են ստացել։ Պայուսակները պատրաստված են կովի փափուկ բնական կաշվից և ներկայացված են երկու գույնով՝ սև և ուղտագույն։

эмодзи2.jpg (23 KB)

Չնայած արտասովոր արտաքինին՝ աքսեսուարները նախատեսված են ամենօրյա օգտագործման համար։ Յուրաքանչյուր մոդել ունի հանվող ուսագոտի, ուստի պայուսակը կարելի է կրել ինչպես ձեռքում, այնպես էլ ուսին։

Այս զվարճալի դիզայնի հետևում որոշակի փիլիսոփայություն է թաքնված։ doublet-ում կարծում են, որ մարդկային էմոցիաներն անտեսանելի են, և առաջարկում են դրանք դարձնել շոշափելի՝ բառացիորեն ի ցույց դնելով ներքին ապրումները։ Ստեղծողների մտահղացմամբ՝ արտասովոր աքսեսուարի միջոցով սեփական զգացմունքները բացահայտ ցուցադրելու հնարավորությունն օգնում է ազատվել էմոցիոնալ բեռի մի մասից և ավելի թեթև զգալ։

 



© NEWS.am STYLE