«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան

13:37   14 նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին մի հյուրի, ում մեջ զարմանալիորեն ներդաշնակ են զինվորական կեցվածքը, գաստրոնոմիայի հանդեպ կիրքն ու հանրային լինելու սերը։ Անդրե Ռաշը ամերիկացի շեֆ-խոհարար է, ԱՄՆ բանակի վետերան և Սպիտակ տան նախկին շեֆ-խոհարար, ով աշխատել է չորս նախագահական վարչակազմերի օրոք։ Նրա մկանուտ կազմվածքը վաղուց դարձել է յուրօրինակ այցեքարտ, իսկ բանակային կոփվածությունը զգացվում է նաև խոհանոցում, որտեղ նա սովոր է խիստ կարգապահության և լիակատար նվիրումի. հենց սա էլ դարձել է նրա խոհարարական փիլիսոփայության հիմքը։

Ռաշը Հայաստան է ժամանել FlyConnect Global AI, Startup & Creator Summit 2026 միջազգային գագաթնաժողովի շրջանակներում, իսկ NEWS.am STYLE-ի թիմը բաց չթողեց նրան անձամբ ողջունելու և մի քանի հարց ուղղելու հնարավորությունը։

Սա Ձեր առաջի՞ն այցն է Հայաստան։ Ի՞նչ գիտեիք մեր երկրի մասին մինչև այստեղ գալը։

Այո, ես առաջին անգամ եմ Հայաստանում։ Այս երկրի մասին միշտ միայն լավ բաներ եմ լսել։ Ես Լոս Անջելեսից եմ ու այնտեղ շատ հայ ընկերներ ունեմ։ Իհարկե, Լոս Անջելեսում փորձել եմ հայկական խոհանոցը, բայց հիմա առանձնահատուկ ուրախ եմ անձամբ այստեղ գտնվելու համար։ Երկար ճանապարհ եմ կտրել-անցել Լոս Անջելեսից ու մեծ ոգևորությամբ եմ սպասում առաջիկա օրերին։

Ո՞րն է այն գլխավոր ուղերձը, որ կցանկանայիք փոխանցել FlyConnect Global AI, Startup & Creator Summit-ի մասնակիցներին։

Միասնականությունը։ Հենց միասնականությունը։ Այստեղ հավաքվում են մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից, և սա նրանց համախմբելու հրաշալի հնարավորություն է։ Ինձ համար Հայաստանը թերագնահատված երկրներից է․ շատերը քիչ բան գիտեն նրա մասին և հազվադեպ են անդրադառնում նրան, քանի որ նրանց ուշադրությունը սևեռված է այլ ուղղությունների վրա։ Բայց ինձ համար Հայաստանն իսկապես առանձնահատուկ է։ Հենց այդ պատճառով էլ որոշեցի Արթուրի հետ գալ այստեղ՝ մասնակցել նախատեսված միջոցառումներին, պատմել Հայաստանի, նրա ժողովրդի ու մշակույթի մասին և, ամենակարևորը, միավորել մարդկանց ու տարածել միասնականության գաղափարը։

Կա՞ արդյոք հայկական որևէ ուտեստ, որը կուզեիք առաջնահերթ փորձել։

Այո։ Բոլորը՝ առանց բացառության։

Ինչպե՞ս Ձեզ հաջողվեց Սպիտակ տան շեֆ-խոհարարի աշխատանքային փորձը վերածել սոցիալական ցանցերում հաջողված անձնական բրենդի։

Ես պարզապես մեկտեղեցի այն ամենը, ինչ սովորել եմ Սպիտակ տանն ու բանակում, ինչպես նաև այն, ինչ ինձ տվել են դաստիարակությունս ու կյանքի փորձը։ Ես սիրում եմ դա համեմատել մի մեծ թասի հետ, որի մեջ խառնվում են ամենատարբեր բաղադրիչները։ Խոսքը սննդի, ֆիթնեսի, մշակույթի, սիրո, ընտանիքի և, իհարկե, հումորի մասին է։ Ես ուզում էի ստեղծել մի բան, որը հոգեհարազատ կլինի ոչ թե մարդկանց ինչ-որ նեղ շրջանակի, այլ բացարձակապես բոլորին։

Հենց դա է ինձ հատկապես դուր գալիս նաև այս ուղևորության մեջ. այստեղ ամենատարբեր մարդիկ են հավաքվել, և հիմա մենք բոլորս միասին ենք։



© NEWS.am STYLE