«Նեշվիլի ամենաատելի մարզիկի կնոջը» ծաղրել են փառքի հետևից ընկնելու և ձախողված նախագծերի համար

15:23   16 նոյեմբերի, 2026

Սոցցանցերում հերթական սկանդալը կրկին ուշադրություն է հրավիրել երգչուհի և հեռուստահաղորդավարուհի Ջեսի Ջեյմս Դեքերի վրա։ Այս անգամ 38-ամյա աստղը տեսանյութ է հրապարակել ինքնաթիռից. նկատելով իր նստատեղի կողքին հայտնված ուղևորի բոբիկ ոտքը՝ նա փակել է քիթն ու սկսել հեղուկացիր շշից ինչ-որ բան փչել անկոչ «հարևանի» վրա։

«Ինքնաթիռում ինչ-որ մեկի ոտքերից ահավոր հոտ է գալիս»,— տեսանյութին կից գրել է Դեքերը։ Հոլովակը 3,5 միլիոն դիտում է հավաքել, սակայն օգտատերերը ոչ միայն քննարկել են երգչուհու արարքը, այլև կասկածել, որ տեսանյութը բեմադրված է՝ զուտ դիտումներ հավաքելու համար։

Սա երգչուհուն ուղղված առաջին մեղադրանքը չէ։ Նրան պարբերաբար քննադատում են սադրիչ հրապարակումների, ինտիմ կյանքի մասին չափից դուրս անկեղծ պատմությունների և ամեն գնով ուշադրության կենտրոնում մնալու ձգտման համար։ Նեշվիլի բարձրաշխարհիկ շրջանակների ներկայացուցիչներից մեկը նրան անվանել է «անտեղի սադրանքների առաջամարտիկ»։

Դեքերի ճանապարհը դեպի փառք սկսվել է երաժշտությունից։ Նա բեմում է երկու տարեկանից, իսկ 15-ում արդեն մեկնում էր Նեշվիլ՝ երգչուհի դառնալու երազանքով։ 2009 թվականին նա թողարկեց իր դեբյուտային՝ Jessie ալբոմը, որը զբաղեցրեց 23-րդ հորիզոնականը Billboard 200 հիթ-շքերթում։ Երկրորդ՝ Southern Girl City Lights ալբոմը 2017 թվականին գլխավորեց Billboard-ի քանթրի երաժշտության աղյուսակը։

Սակայն այս հաջողությունները մեծ երաժշտական կարիերայի վերածել նրան չհաջողվեց. հաջորդ թողարկումները նկատելի արդյունքներ չգրանցեցին։

«Նա չուներ համապատասխան երգեր և ռեսուրսներ։ Նրա կերպարը արհեստական ու կեղծ էր թվում»,— կարծում է քանթրի երաժշտության փորձագետներից մեկը։

Մեկ այլ իրազեկ աղբյուր պնդում է, որ այսօր Դեքերն ավելի շատ հայտնի է որպես ինֆլյուենսեր, քան երգչուհի. «Հավանաբար նա զգաց, որ կորցնում է ժողովրդականությունը, և սկսեց կառչել ցանկացած հնարավորությունից՝ ջրի երեսին մնալու համար»։

Երգչուհին անցում կատարեց ռեալիթի շոուներին։ Eric & Jessie: Game On նախագիծը պատմում էր նրա հարսանիքի և NFL-ի նախկին խաղացող Էրիկ Դեքերի հետ ընտանեկան կյանքի մասին։ Հեռուստադիտողները հաճախ էին ծաղրում ամուսիններին՝ անկողնային կյանքի մասին չափից դուրս անկեղծ զրույցների համար։

Ջեսին և Էրիկը ծանոթացել են 2011 թվականին, ամուսնացել 2013-ին և ունեն չորս երեխա։ Ընտանեկան կյանքը դարձել է նրա սոցցանցային կերպարի կարևոր մասը, որտեղ աստղի հրապարակումներին հետևում է ավելի քան հինգ միլիոն մարդ։

Սակայն հետևորդները բազմիցս մեղադրել են նրան սադրիչ պահվածքի և դաստիարակության կասկածելի մեթոդների մեջ։ Մասնավորապես, երգչուհուն քննադատել են կրծքով կերակրելու ընթացքում գինի խմելու, ինչպես նաև դստեր լուսանկարների համար, որոնցում օգտատերերը արևայրուքի անհավասար հետքեր էին նկատել։

Չնայած հակասական համբավին՝ Դեքերը գովազդային պայմանագրերից կարողացել է վաստակել ավելի քան 10 միլիոն դոլար։ Նա նաև հրատարակել է չորս գիրք, այդ թվում՝ Just Jessie հուշագրությունը և խոհարարական երեք ժողովածու։ Վերջին գիրքը՝ The Secret Sauce-ը, լույս է տեսել անցյալ ամիս։

Սակայն աստղի հանդեպ դժգոհություններ կան նաև սոցցանցերից դուրս։ Նեշվիլի երաժշտական ոլորտի աղբյուրը պատմել է, որ նրա հետ աշխատելը բարդ էր՝ չափազանց բարձր ֆինանսական պահանջների պատճառով։

Ոչ պակաս հարցեր է առաջացնում նաև նրա բիզնեսը։ 2014 թվականին Դեքերը հիմնադրեց Kittenish հագուստի բրենդը, սակայն գնորդները բողոքում էին ապրանքների ցածր որակից, առաքման ուշացումներից և անբարեհամբույր սպասարկումից։ Trustpilot հարթակում խանութի վարկանիշն ընդամենը 1,7 միավոր է։

2026 թվականի մարտին բրենդը համագործակցության պայմանագիր կնքեց հագուստ արտադրող Topson Downs ընկերության հետ, որը պետք է օգնի կարգավորել արտադրությունն ու վաճառքը։ Ինքը՝ Ջեսին, խոստովանել է, որ նախկինում ընկերությունը լուրջ խնդիրներ է ունեցել՝ կայքի խափանումներից մինչև չկատարված պատվերներ։

Քննադատներին չի համոզել նաև երգչուհու նոր նախաձեռնությունը՝ JJD Fit ֆիթնես-հավելվածը։ Ամսական 9,99 դոլարով բաժանորդները հասանելիություն են ստանում մարզումներին, սննդակարգի վերաբերյալ խորհուրդներին և գինու ակումբին։ Ընդ որում, պարբերականի տվյալներով, նախագծում ներգրավված չեն որակավորված մարզիչներ և սննդաբաններ։

Կասկածներ է հարուցում նաև հենց հիմնադրի կոմպետենտությունը։ Դեքերը նախկինում խոստովանել էր, որ ֆիթնեսի փորձագետ չէ, իսկ նրա մարզական փորձը սահմանափակվել է YouTube-ով մարզումներ դիտելով և մարզչի հետ մի քանի շաբաթ տևած պարապմունքներով։

2021 թվականին նա պատմել էր իր «գաղտնի դիետայի» մասին, որը ճաշին ներառում էր ընդամենը երկու կտոր կարագով հաց։ Բացի այդ, երգչուհին բացահայտ խոսել է պլաստիկ վիրահատությունների և կրծքի իմպլանտները (որոնց ծավալը գերազանցում է 400 խորանարդ սանտիմետրը) կրկին փոքրացնելու մտադրության մասին։

2024 թվականին Դեքերը նաև խոստովանել է, որ չորս հղիությունից հետո կցանկանար որովայնի ձգում անել՝ թուլացած մաշկից ազատվելու համար։

Ինքը՝ աստղը, դատելով ամենից, առանձնապես չի մտահոգվում քննադատություններից։ Մարտին նա պարային տեսանյութ էր հրապարակել՝ կից թողնելով սադրիչ գրառում.

«Ոմանք ձեզ կասեն, թե ես աշխարհի ամենաքաղցր աղջիկն եմ, մյուսները՝ թե իսկական վհուկ եմ։ Հավատացե՛ք թե՛ մեկին, թե՛ մյուսին։ Յուրաքանչյուրն ստացել է իմ այն տեսակը, որին արժանի է եղել»։

 



© NEWS.am STYLE