11:38 16 նոյեմբերի, 2026ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ թոռնուհին՝ 19-ամյա Քայ Թրամփը, պատմել է լեգենդար գոլֆիստ Թայգեր Վուդսի հետ իր հարաբերությունների մասին։ Թայլերն արդեն երկար ժամանակ է ինչ հանդիպում է նրա մոր՝ Վանեսա Թրամփի հետ։
Golfweek-ին տված հարցազրույցում Քայը խոստովանել է, որ շատ մտերիմ է 50-ամյա մարզիկի հետ և խորհրդի համար պարբերաբար դիմում է նրան։
«Նա պարզապես լավագույնն է։ Ես նրան շատ եմ սիրում։ Նա հրաշալի մարդ է և միշտ օգնում է ինձ, երբ խնդրում եմ»,— կիսվել է աղջիկը։
Քայը, որը սովորում է Մայամիի համալսարանում և հանդես է գալիս բուհի գոլֆի թիմում, շնորհակալություն է հայտնել նաև մորը՝ իր մեջ այս մարզաձևի հանդեպ սեր սերմանելու համար։ Վանեսան դստերն առաջին անգամ մական է տվել, երբ նա ընդամենը երկու տարեկան էր։
«Եթե նա չլիներ, ես հիմա, հավանաբար, ընդհանրապես գոլֆ չէի խաղա»,— խոստովանել է Քայը։ Աղջիկը հավելել է, որ հաճախ է խաղում նաև իր 80-ամյա պապիկի՝ Դոնալդ Թրամփի հետ։
Սա առաջին դեպքը չէ, երբ նախագահի թոռնուհին հրապարակավ գովաբանում է մոր ընտրյալին։ 2025 թվականի նոյեմբերին ANNIKA մրցաշարում իր նորամուտից հետո նա Վուդսին անվանել էր աշխարհի լավագույն գոլֆիստ և ընդգծել, որ որպես մարդ նա շատ ավելի լավն է։
Այն ժամանակ մարզիկը մրցումներից առաջ նրան պարզ խորհուրդ էր տվել՝ հաճույք ստանալ խաղից և չանհանգստանալ արդյունքի համար։
Թայգեր Վուդսն ու Վանեսա Թրամփն իրենց հարաբերությունների մասին հայտարարել են 2025 թվականի մարտին։ Աղբյուրների տվյալներով՝ նրանք սկսել են հանդիպել դեռևս 2024-ի վերջին։ Վանեսան նախկինում ամուսնացած է եղել Դոնալդ Թրամփ կրտսերի հետ, որից հինգ երեխա ունի՝ Քայը, Դոնալդը, Տրիստանը, Սփենսերը և Քլոեն։
Վերջին շրջանում զույգը քիչ փորձությունների միջով չի անցել։ Մայիսին Վանեսան հայտնեց, որ իր մոտ կրծքագեղձի քաղցկեղ է ախտորոշվել։ Այդ բարդ շրջանում Վուդսը սատարում էր սիրելիին և նրա երեխաներին։
Ինքը՝ գոլֆիստը, նույնպես հայտնվել էր լուրջ սկանդալի կենտրոնում՝ 2026 թվականի մարտին ոչ սթափ վիճակում մեքենա վարելու կասկածանքով ձերբակալվելուց հետո։ Սեպտեմբերին նա գործարքի գնաց քննության հետ. մեղադրանքները վերաորակավորվեցին, մարզիկը 1000 դոլար տուգանք վճարեց, իսկ դատարանը հինգ տարով զրկեց նրան վարորդական իրավունքից։ Վանեսան ներկա էր դատական նիստին՝ այդպիսով իր աջակցությունը հայտնելով զուգընկերոջը։
«Նրանք միաժամանակ բախվեցին լուրջ խնդիրների և օգնեցին միմյանց հաղթահարել դրանք։ Միմյանցից հեռանալու փոխարեն՝ նրանք էլ ավելի մտերմացան»,— PEOPLE պարբերականին պատմել է զույգի շրջապատին մոտ կանգնած աղբյուրը։