Քիմ Քարդաշյանը կերպարանափոխվել է Louis Vuitton-ի բուժքրոջ

12:40   16 նոյեմբերի, 2026

Քիմ Քարդաշյանն առանձնահատուկ ոգևորությամբ է պրպտում նորաձևության արխիվները, և անցյալից նրա վերջին ձեռքբերումն իսկապես բացառիկ է։ Աստղը կրել է Louis Vuitton-ի՝ գրեթե 20 տարի առաջ ստեղծված բուժքրոջ հազվագյուտ համազգեստը։

Հանդերձանքը ներառում է նորաձևության տան մոնոգրամով ժանյակավոր դիմակ, անվանական բժշկական գլխարկ և ներդաշնակ աքսեսուարներ։ Այս արտասովոր կերպարը 2008 թվականի գարնանային հավաքածուից է, որը ֆրանսիական բրենդի համար ստեղծել էր Մարկ Ջեյքոբսը։

кимед.jpg (83 KB)

Քարդաշյանի համար այս հագուստը գտել է նրա ոճաբան Լոու Ռոուչը։ Ռոուչը համազգեստը գտնելու համար դիմել է Հարվարդի համալսարանի բոստոնցի աշխատակցուհի Լորեն Փայսի անձնական արխիվին, քանի որ վերջինս Ջեյքոբսի դարաշրջանի Louis Vuitton-ի մոլի երկրպագու է։ Նրա տպավորիչ հավաքածուն Vogue ամսագիրն առաջին անգամ ընթերցողներին ներկայացրել էր անցյալ տարի։

Փայսը տարիներ շարունակ փնտրել է դիզայների ամենաբաղձալի ստեղծագործությունները վերավաճառքի հարթակներում, բուտիկներում և համացանցի ամենաթաքուն անկյուններում։ Իր հավաքածուն նա սիրով անվանել է «Marchive»՝ միավորելով Marc անունն ու archive (արխիվ) բառը։

«Լոուն ինձ հետ կապ հաստատեց մի քանի ամիս առաջ. նրան հետաքրքրել էին Marchive-ի որոշ նմուշներ։ Զարմանալի չէ, որ ես հիացած էի դրանք նրան տրամադրելու հնարավորությունից»,— Vogue-ին պատմել է Փայսը։ Նրա խոսքով՝ երբ ոճաբանն առաջին անգամ գրել է իրեն, նա նույնիսկ չի հավատացել, որ դա իսկապես նա է, և խաբեությունից զգուշանալով՝ մի քանի անգամ ստուգել է նրա էջը։

кимед1.jpg (54 KB)

Կոլեկցիոները նշել է, որ Ռոուչի վառ հանրային կերպարի հետևում թաքնված են բարությունն ու անկեղծ նրբանկատությունը։ Նա նաև հիանում է նորաձևության լեզվով պատմություններ հյուսելու և նման մտահղացումներն իրականություն դարձնող իրեր գտնելու նրա վարպետությամբ։

Louis Vuitton-ի 2008 թվականի գարնանային հավաքածուն, որը ներկայացվել է Փարիզում 2007-ի հոկտեմբերին, մինչ օրս համարվում է Ջեյքոբսի ամենաարտասովոր աշխատանքներից մեկը։ Ցուցադրությունը բացեց սուպերմոդելների շքերթը, որոնց թվում էին Նաոմի Քեմփբելը, Ստեֆանի Սեյմուրը, Եվա Հերցիգովան և Նադյա Աուերմանը։ Մոդելները պոդիում դուրս եկան պաստելային երանգների կիսաթափանցիկ բուժքույրական համազգեստով, սև ժանյակավոր դիմակներով և սպիտակ գլխարկներով։

кимед2.jpg (63 KB)

Դիզայների համար ներշնչանքի աղբյուր էին դարձել ամերիկացի նկարիչ Ռիչարդ Փրինսի սադրիչ կտավները՝ Nurse Paintings շարքից։ Ցուցադրության մասին իր գրախոսականում Vogue-ն այն բնորոշել էր որպես Ջեյքոբսին հատուկ բազմաշերտ ուղերձ, իսկ բուն դեֆիլեն՝ հեգնական ու համարձակ շոու, որտեղ դիզայները նուրբ սահմանագիծ էր պահել ստեղծագործական ազատության և կոմերցիոն նորաձևության միջև։ Դա նրա կարիերայի ամենաէքսցենտրիկ և տպավորիչ ցուցադրություններից մեկն էր։

Քիմ Քարդաշյանը գրեթե ճշգրտությամբ վերարտադրել է պոդիումային օրիգինալ կերպարը։ Նա դեղձագույն նուրբ մետաքսե զգեստի վրայից հագել է կարճ թևքերով, իրանն ընդգծող կիսաթափանցիկ սպիտակ բուժքույրական խալաթ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ գուլպաները, բաց քթամասով կոշիկները և դեմքի ստորին հատվածը ծածկող սև ժանյակավոր Louis Vuitton դիմակը։

Աստղի գլխին կարմիր «K» տառով սպիտակ բժշկական գլխարկ էր։ Այն հատուկ Քարդաշյանի համար պատվիրել էր Ռոուչը, իսկ գլխարկների հանրահայտ դիզայներ Սթիվեն Ջոնսը դրան նոր մեկնաբանություն էր տվել։

Քիմի ձեռքին արխիվային հավաքածուի մեկ այլ հազվագյուտ նմուշ էր՝ Aquarelle Papillon պայուսակը։ Քիմի կոշիկները նույնպես Louis Vuitton-ի 2008 թվականի գարնանային հավաքածուից են եղել։



© NEWS.am STYLE