Ռոբերտ Փաթինսոնը՝ Ջեյմս Բոնդի դերի գլխավոր հավակնորդ․ դերասանին ամենախոշոր հոնորարն են առաջարկել  

14:37   16 նոյեմբերի, 2026

Ռոբերտ Փաթինսոնն անսպասելիորեն առաջատար է դարձել հաջորդ Ջեյմս Բոնդի դերի համար մղվող պայքարում։ Ամերիկյան Puck պարբերականի տվյալներով՝ 40-ամյա դերասանին առաջարկվել է ամենաբարձր հոնորարը լեգենդար գործակալ 007-ի դերի բոլոր հավակնորդների շարքում։

Բացի այդ, նախատեսվող համաձայնագրով Փաթինսոնը պարտավոր կլինի նկարահանվել Բոնդի մասին պատմող ընդամենը երեք ֆիլմում, մինչդեռ նրա որոշ մրցակիցներ ստիպված կլինեն պայմանագիր կնքել միանգամից չորս կինոնկարի համար։

Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, անցյալ շաբաթ «Մթնշաղի» աստղը պաշտամունքային դերի համար պայքարում միացել է Ջեք Լոուդենին, Ջոշ Օ'Քոնորին և Քալում Թըրներին։ Դերասանն արդեն լսումների է մասնակցել Լոնդոնում։ Առկա տեղեկություններով՝ կինոփորձերին ներգրավված է եղել նաև 36-ամյա Նիկոլաս Հոլթը, որը 2025 թվականի «Սուպերմեն» ֆիլմում մարմնավորել է Լեքս Լյութորին։

Նոր Բոնդի քասթինգն անցկացվում է ավելի քան երկու տասնամյակ անց այն բանից հետո, երբ Դենիել Քրեյգն առաջին անգամ էկրանավորեց հանրահայտ լրտեսին։ Դերը թափուր է 2021 թվականին «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմի թողարկումից ի վեր․ դա վերջին կինոնկարն էր, որտեղ Քրեյգը հանդես եկավ գործակալ 007-ի կերպարով։

Թեև սկզբում Քրեյգի ընտրությունը քննադատությունների ալիք բարձրացրեց, նա դարձավ այդ դերի ամենահաջողակ դերակատարներից մեկը։ «Կազինո Ռոյալ» ֆիլմով դերասանը փաստացի վերագործարկեց ֆրանշիզան և նշանակալի հետք թողեց կերպարի պատմության մեջ։

Բոնդի մասին հաջորդ կինոնկարն առաջինն է լինելու Amazon MGM Studios-ի թողարկմամբ։ Անցյալ տարի ընկերությունն ավելի քան 1 միլիարդ դոլար վճարեց ֆրանշիզայի ստեղծագործական վերահսկողությունը ձեռք բերելու համար։ Մինչ այդ իրավունքները տասնամյակներ շարունակ պատկանում էին պրոդյուսեր Ալբերտ «Քաբի» Բրոկոլիի ընտանիքին․ հենց նա էր 1962 թվականին «Դոկտոր Նոու» կինոնկարով սկիզբ դրել հայտնի ֆիլմաշարին։

Ջեֆ Բեզոսի ընկերության կողմից ֆրանշիզայի ձեռքբերումը բուռն վեճերի առիթ դարձավ։ Բրիտանացի գրող Ուիլյամ Բոյդը նախազգուշացնում էր, որ նոր սեփականատերերը կարող են Բոնդի տիեզերքը վերածել զուտ կոմերցիոն ապրանքի՝ դրա շուրջ ստեղծելով գիշերային ակումբներ և թեմատիկ այգիներ։ Ենթադրվում է, որ Amazon-ը մտադիր է ընդլայնել ֆրանշիզան ոչ միայն նոր ֆիլմերի, այլև հեռուստանախագծերի միջոցով։ 2023 թվականին ընկերությունն արդեն իսկ թողարկեց «007. Ճանապարհ դեպի միլիոնը» խաղային շոուն, որի մասնակիցները փորձություններ էին հաղթահարում հանրահայտ լրտեսի արկածների ոգով։

Փաթինսոնի կարիերան սկսվել է Հարի Փոթերի մասին ֆիլմում Սեդրիկ Դիգորիի դերով, ինչից հետո նա համաշխարհային ճանաչում ստացավ «Մթնշաղ» սագայում Էդվարդ Քալենի կերպարի շնորհիվ։ Ավելի ուշ դերասանը հանդես է եկել այնպիսի խոշոր նախագծերում, ինչպիսիք են Մեթ Ռիվզի «Բեթմենը», Պոն Ջուն Հոյի «Միկի 17»-ը և Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը»։



© NEWS.am STYLE