16:18 16 նոյեմբերի, 2026Լայզա Մինելիի մասնակցությամբ «Կաբարե» ֆիլմից հայտնի էքսցենտրիկ երգչուհի Սալի Բոուլզի կերպարի հիմքում իրական կին էր՝ Ջին Ռոսը։ Կոմունիստ, լրագրող, մոլի ծխող և սկանդալային պատմությունների հերոսուհի․ ինչպես գրում է Daily Mail-ը, նրա կյանքն ինքնին կարող էր առանձին ֆիլմի սյուժե դառնալ։
Բոբ Ֆոսի 1972 թվականի ֆիլմում Մինելին մարմնավորում է բեռլինյան կաբարեի խելահեղ արտիստուհուն, որը նացիստական ահագնացող սպառնալիքի ֆոնին տրվում է խմիչքին, երգերին ու սիրային արկածներին։ Կինոնկարն արժանացավ ութ «Օսկարի», իսկ Սալիի կերպարը դարձավ երաժշտական կինոյի պատմության ամենաճանաչելի դեմքերից մեկը։
Սակայն նրա իրական նախատիպը շատ ավելի բարդ ու բազմաշերտ անհատականություն էր, քան էկրանային հերոսուհին։
Կինը, որը գերեց Բեռլինը
1929 թվականին բրիտանացի գրող Քրիստոֆեր Իշերվուդը տեղափոխվեց Գերմանիա․ նրան ձգում էր Վայմարյան Հանրապետության մթնոլորտը՝ բոհեմական կյանքը, փորձարարական արվեստը, գիշերային ակումբներն ու բարքերի ազատությունը։ Բեռլինում նա բնակարան վարձեց 19-ամյա Ջին Ռոսի հետ, որն էլ հետագայում դարձավ Սալի Բոուլզի նախատիպը։
Ռոսը ծնվել էր 1911 թվականին Եգիպտոսում և կրթություն ստացել Շվեյցարիայում։ Գերմանիա էր եկել կինոոլորտում որպես թարգմանչուհի աշխատանք գտնելու հույսով։ Նա մուգ աչքեր և տպավորիչ արտաքին ուներ, բայց, ժամանակակիցների հուշերով, երգելու տաղանդով աչքի չէր ընկնում։ Միևնույն ժամանակ, Ջինը ո՛չ կարողանում էր, ո՛չ էլ ուզում էր հարմարվել կենցաղային պայմանականություններին․ անկողինը չէր հավաքում, անդադար խոսում էր և ծխում մեկը մյուսի հետևից։
Անհոգության, վառ արտաքինի և համարձակ պահվածքի հենց այս համադրությունն էլ անջնջելի տպավորություն էր թողնում շրջապատի վրա։
Իշերվուդը նրան նկարագրում էր որպես մի աղջկա, որը երազում էր ելույթ ունենալ կաբարեում, թեև դրա համար նրան ակնհայտորեն տաղանդը չէր բավականացնում։ Նա երգում էր վատ ու անարտահայտիչ՝ ձեռքերը մարմնի երկայնքով կախ գցած, բայց միևնույն է՝ գրավում էր հանդիսատեսի ուշադրությունը թե՛ իր արտաքինով, թե՛ ուրիշների կարծիքի հանդեպ ցուցադրական անտարբերությամբ։
Ըստ շրջանառվող լուրերի՝ Բեռլինում ապրելու տարիներին Ռոսը հասցրել էր կապ ունենալ ավելի քան 200 տղամարդու հետ։ Բանաստեղծ Սթիվեն Սփենդերը, որն անձամբ էր ճանաչում նրան, մի անգամ հեգնանքով նկատել էր, թե Ջինին կատարելապես զզվելի է համարում։
Սիրավեպեր, երաժշտություն և կոմունիզմ
Բեռլինյան շրջանից հետո Ռոսը վերադարձավ Լոնդոն, որտեղ նրա կյանքը պակաս բուռն չդասավորվեց։ Նա սիրավեպ սկսեց կոմպոզիտոր Էրիկ Մաշվիցի հետ․ պնդում են, թե հենց Ջինից ներշնչված է նա գրել հանրահայտ These Foolish Things (Remind Me of You) երգը։ Մինչև 1957 թվականն այդ ստեղծագործությունը հեղինակին շուրջ 1,2 միլիոն ֆունտ ստեռլինգի հոնորար էր բերել։
Ավելի ուշ Ռոսը հարաբերությունների մեջ էր լրագրող Կլոդ Քոքբերնի հետ։ Նա անդամագրվեց Կոմունիստական կուսակցությանը, Իսպանիայի քաղաքացիական պատերազմի տարիներին աշխատեց որպես թղթակից և ծանոթացավ Էռնեստ Հեմինգուեյի հետ։
Երբ «Կաբարե» մյուզիքլը մեծ ճանաչում ձեռք բերեց, լրագրողները գտան Ջինին և հարցրին՝ արդյոք հենց ինքն է Սալի Բոուլզի նախատիպը։ Նրա պատասխանը կարճ էր ու կտրուկ․ «Այո՛, իսկ հիմա ինձ հանգի՛ստ թողեք»։
Ռոսը մահացավ 1973 թվականին՝ արգանդի վզիկի քաղցկեղից։
Ոչ միայն Սալի Բոուլզը․ «Կաբարեի» մյուս իրական հերոսները
Բրայան Ֆերբանքսի «Կյանքը կաբարե է» գրքում, որը պատմում է Իշերվուդին իր հայտնի կերպարների ստեղծման հարցում ոգեշնչած մարդկանց մասին, ներկայացված են նաև բեռլինյան բոհեմի այլ արտասովոր դեմքեր։
Նրանցից մեկը Ջերալդ Համիլթոնն էր՝ «Միստր Նորիսը փոխում է գնացքները» վեպի հերոս Արթուր Նորիսի նախատիպը։ Նրա կենսագրությունը գրական կերպարից պակաս տարօրինակ չէր․ աշխատել էր չինական բանկում, վատնել ընտանեկան ժառանգությունը, տարվել սև մոգությամբ և հեծանիվի կարմիր լուսանդրադարձիչով չալմա էր կրում։
Համիլթոնը զենք էր վաճառում հնդիկ ապստամբներին, խարդախություններ անում թղթախաղի և ռուլետկայի սեղանների շուրջ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լրտեսություն էր անում միաժամանակ թե՛ բրիտանացիների, թե՛ գերմանացիների օգտին։ Պատերազմից հետո նա շփվում էր լորդ Ալֆրեդ Դուգլասի հետ և կապ պահպանում բրիտանացի ամենահայտնի դասալիքներից մեկի՝ Գայ Բյորջեսի հետ։ Նա մահացավ 1970 թվականին՝ գրեթե կոպեկ չունենալով։
Ֆերբանքսի գիրքը պատմական համատեքստ է հաղորդում մի պատմության, որը զանգվածային մշակույթում հաճախ ներկայացվում էր որպես բեռլինյան բոհեմի անվերջանալի տոն։ Մինչդեռ կաբարեի, սիրային արկածների և գիշերային զվարճանքների հետևում իրական ողբերգություն էր հասունանում․ նացիստները թափ էին հավաքում, հալածում հրեաներին, խլում նրանց բիզնեսն ու զրկում քաղաքացիական իրավունքներից։ Վայմարյան Հանրապետության ազատությունն ու անհոգությունը հօդս էին ցնդում։
Իրական Սալի Բոուլզի պատմությունը հիշեցնում է, որ էկրանային վառ կերպարի հետևում պարզապես էքսցենտրիկ երգչուհի չէր, այլ հստակ քաղաքական դիրքորոշում, լրագրողական կարիերա և բարդ ճակատագիր ունեցող կին։