23:01 16 նոյեմբերի, 2026Սովորական զբոսանավերն առաջարկում են խաղատներ, լողավազաններ, ռեստորաններ և ժամանցային շոուներ։ Սակայն Կարիբյան ավազանի ամենաարտասովոր ծովային ճամփորդություններից մեկի ժամանակ գլխավոր զվարճանքները բոլորովին այլ են՝ թեմատիկ երեկույթներ, առանց հագուստի հանգստի գոտիներ և ինտիմ շփման համար հատուկ կահավորված սենյակներ։ Ընդ որում, կազմակերպիչները պնդում են, որ ազատությունն այստեղ ամենաթողություն չի նշանակում։
2026 թվականի նոյեմբերին Bliss Cruise ընկերությունը Մայամիից մեկնարկած Wonder of the Seas զբոսանավի վրա կազմակերպել է Wonderland յոթնօրյա կրուիզը։ Գրեթե 6000 ուղևորի համար նախատեսված նավի վրա հավաքվել են տարբեր երկրներից հազարավոր չափահաս մասնակիցներ։ Սա նման ձևաչափի՝ այսպես կոչված «լայֆսթայլ-կրուիզի» ամենախոշոր միջոցառումներից մեկն է, որը նախատեսված է սվինգ և փոխադարձ համաձայնությամբ ոչ մոնոգամ հարաբերությունների այլ ձևեր նախընտրող զույգերի համար։
Նման ճամփորդների համար կրուիզը մեկ շաբաթ նույն հայացքներն ու հետաքրքրություններն ունեցող մարդկանց շրջապատում անցկացնելու հնարավորություն է։ Casual Swinger փոդքասթի հաղորդավար Միկի Գորդոնի խոսքով՝ նախկինում նման միջոցառումները շուրջ 800 մարդ էին համախմբում, մինչդեռ այժմ կազմակերպիչները վարձակալում են ամենախոշոր զբոսանավերը, որոնք կարող են ավելի քան 5000 հյուր ընդունել։ Միևնույն վայրում այսքան համախոհների հանդիպելու հնարավորությունն էլ հենց նման ուղևորությունները գրավիչ է դարձնում։
Արտասովոր հանգիստ՝ խիստ կանոններով
Bliss Cruise-ը սեփական նավեր չունի․ այն կրուիզային ընկերություններից ամբողջությամբ վարձակալում է զբոսանավը և այն վերածում մեծահասակների համար նախատեսված տարածքի։ Ընկերության ղեկավար Ռասել Սթիվենսն ընդգծում է, որ նախագծի նպատակը ոչ թե անվերահսկելի երեկույթ կազմակերպելն է, այլ անվտանգ մթնոլորտ ստեղծելը, որտեղ մարդիկ կարող են ազատ շփվել՝ չվախենալով քննադատությունից։
Մեկնելուց առաջ յուրաքանչյուր ուղևոր պետք է փաստաթուղթ ստորագրի վարքագծի կանոնների, համաձայնության և պահանջներից հրաժարվելու վերաբերյալ։ Դրանում առանձին շեշտվում է հետևյալ սկզբունքը․ «Ոչ»-ը նշանակում է հենց «ոչ»․ դա համոզելու, պնդելու կամ մարդու որոշումը փոխելու փորձերի առիթ չէ։
Ինտիմ մտերմությունը թույլատրվում է միայն անձնական խցիկներում կամ հատուկ հատկացված գոտիներում։ Լրիվ կամ մասնակի մերկությունը թույլատրելի է միայն նավի որոշակի հատվածներում։ Մարմնավաճառությունը և արգելված թմրանյութերի օգտագործումը խստիվ արգելվում են։
Մասնակիցների համար պատրաստված է առանձին ժամանցային ծրագիր։ Շուրջ 35 հազար քառակուսի ֆուտ մակերեսով ընդարձակ սոլյարին և կոնֆերանս-սրահը, որը սովորական ուղևորությունների ժամանակ ծառայում է գործնական միջոցառումների համար, վերածվում են մեծահասակների համար նախատեսված հատուկ սենյակների։ Այնտեղ տեղադրվում են կիսաթափանցիկ վարագույրներով առանձնացված մահճակալներ։ Վերին տախտակամածին կահավորվում է ջակուզիով և բարով բացօթյա գոտի։
Կրուիզի ընթացքում իրենց նշանակությունը փոխում են անգամ զբոսանավի որոշ սովորական սրահներ։ Օրինակ՝ The Attic քոմեդի-ակումբը վերածվում է The Dungeon-ի՝ տարածք այն զույգերի համար, որոնց հետաքրքրում է ավելի սադրիչ մթնոլորտը։
Թեմատիկ երեկույթներից մինչև ծանոթություն համախոհների հետ
Մասնակիցները նախապես հասանելիություն են ստանում Bliss Cruise հավելվածին, որտեղ կարելի է ծանոթանալ միջոցառումների ժամանակացույցին, գրանցվել առանձին իրադարձությունների և շփվել մյուս ուղևորների հետ։ Յուրաքանչյուրն ունի սեփական էջը ստեղծելու հնարավորություն, որը հիշեցնում է ծանոթությունների կայքի հարցաթերթիկ։
Ծրագիրը ներառում է թեմատիկ երեկոներ, երեկույթներ լողավազանի մոտ և այլ զվարճանքներ։ Ամուսնու հետ ճամփորդող Նիկոլ անունով մասնակցի համար առանձնահատուկ նշանակություն ունեն դիմակահանդեսային միջոցառումները։ Նա պատմել է, որ հատուկ զգեստներ է պատրաստել «Ալիսան Հրաշքների աշխարհում» ոճով երեկոյի, Glow Party երեկույթի և թեմատիկ Fetish Night-ի համար։
Նրա խոսքով՝ նման ուղևորությունները ոչ միայն նոր մարդկանց հետ ծանոթանալու առիթ են, այլև նախորդ կրուիզների ժամանակ ձեռք բերած ընկերներին կրկին հանդիպելու հնարավորություն։ Նա այդ մթնոլորտը համեմատում է շրջանավարտների հանդիպման հետ, որին իսկապես ուզում ես մասնակցել։
Ընդ որում, ինտիմ միջոցառումներին մասնակցելը բոլորովին պարտադիր չէ։ Որոշ ուղևորներ գալիս են շփման, երեկույթների կամ պարզապես ավելի անկաշկանդ միջավայրում հանգստանալու համար։ Ինչպես պարզաբանում է Սթիվենսը, կազմակերպիչները ձգտում են կրուիզը հարմարավետ դարձնել նաև նրանց համար, ովքեր նոր-նոր են սկսում ծանոթանալ կյանքի այս ոճին։
Մեկ խցիկի արժեքը՝ 1600-ից մինչև ավելի քան 20 հազար դոլար
Ճամփորդության արժեքը կախված է կացության դասից։ CNN-ի տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերին ամրագրելու դեպքում առանց պատուհանի խցիկի գինը մեկ անձի համար սկսվում էր մոտ 1630 դոլարից։ Ամենաթանկ՝ Royal Loft Suite դասում կացությունը մեկ անձի համար արժենում էր ավելի քան 21 հազար դոլար։
Նման ճամփորդությունների նկատմամբ հետաքրքրության աճն արտացոլում է ավելի լայն միտում․ մասնագիտացված կրուիզները դառնում են ավելի մասշտաբային, իսկ դրանց լսարանը՝ ավելի բազմազան։ Եվ թեև այս ձևաչափը նախկինի պես հետաքրքրասիրություն և բանավեճեր է հարուցում, կազմակերպիչները վստահ են, որ նման հանգստի գլխավոր պայմանը մնում է անփոփոխ՝ կամավորություն, փոխադարձ համաձայնություն և հարգանք անձնական սահմանների նկատմամբ։