20:30 17 նոյեմբերի, 2026Նոյեմբերին Արաբական ծոցի ջուրը տաք է՝ ինչպես լողավազանում, օդը՝ հաճելիորեն մեղմ, իսկ արևի լույսը դառնում է նուրբ ու ոսկեգույն։ Սա լողափ գնալու ամենահարմար ժամանակն է. կեսօրվա տապն իր տեղը զիջում է հաճելի ջերմությանը, իսկ ծովը կատարյալ է մնում առավոտից մինչև երեկո։ Էմիրության առափնյա հատվածը բազմազան է և առաջարկում է հանգստի բոլորովին տարբեր ձևաչափեր։ Որոշ վայրեր ստեղծված են առավոտյան մարզումների և հանգիստ ընտանեկան հանգստյան օրերի համար, իսկ մյուսներն իրենց ողջ հմայքը բացահայտում են մայրամուտին մոտ։ Մենք ձեզ համար առանձնացրել ենք Դուբայի լավագույն լողափերը, որոնք թույլ կտան անմոռանալի արձակուրդ անցկացնել՝ անվերջանալի ամռան մթնոլորտում։
Ուղեցույց ակտիվ հանգստի սիրահարների համար

Դուբայում ծովափնյա հանգիստը բնավ չի նշանակում ժամեր շարունակ արևային մահճակալին պառկել։ Ջումեյրա թաղամասում գտնվող Kite Beach-ը ծովի ափին ակտիվ ժամանցի ամենասիրված վայրերից մեկն է։ Քամոտ եղանակի շնորհիվ լողափը հատկապես գրավում է քայթսերֆինգի սիրահարներին․ ջրի վրա ճախրող գույնզգույն օդապարուկները վաղուց դարձել են այս վայրի այցեքարտը։ Այստեղ կարելի է դասեր վերցնել քայթսերֆինգի դպրոցում, վարձակալել անհրաժեշտ գույքը կամ պարզապես ափից հետևել, թե ինչպես են մարզիկները սանձում ալիքները։
Սակայն Kite Beach-ի գրավչությունը միայն ջրային սպորտաձևերով չի սահմանափակվում։ Վաղ առավոտից այստեղ վազում են ափի երկայնքով, լողափնյա վոլեյբոլ խաղում և մարզվում՝ հիանալով հանրահայտ Burj Al Arab-ի տեսարանով։ Երեխաների համար նախատեսված են խաղահրապարակներ, իսկ բազմաթիվ սրճարաններն ու ֆուդթրաքները թույլ են տալիս ակտիվ հանգիստը հեշտությամբ համատեղել գաստրոնոմիական բացահայտումների հետ։ Օրինակ՝ զբոսանքից հետո կարելի է այցելել հայտնի SALT սրճարան՝ համեղ բուրգեր ու սուրճ վայելելու, կամ հարմար տեղավորվել ջրի մոտ՝ հետևելով քայթսերֆերների թռիչքին։ Հենց սպորտի, անկաշկանդ մթնոլորտի և բազմազան խոհանոցի այս ներդաշնակությունն է Kite Beach-ը դարձնում Դուբայի ամենաաշխույժ լողափերից մեկը։

The Beach at JBR-ն ապրում է բոլորովին այլ՝ քաղաքային ռիթմով։ Այստեղ ծովի ափին կան ռեստորաններ, խանութնե ու առափնյա ճեմուղի, իսկ ավազոտ ափից տեսարան է բացվում դեպի Dubai Marina-ի երկնաքերերն ու Bluewaters կղզին, ուր կարելի է հասնել հետիոտնային կամրջով։ Լողափը նայում է դեպի արևմուտք, ուստի մայր մտնող արևն ասես սուզվում է ուղիղ ջրի մեջ։ Կարելի է լողալ, փորձել ջրային զվարճանքները, այնուհետև գնալ ճաշելու և կրկին վերադառնալ ծովափ։ Լողափի և քաղաքի միջև ընտրություն կատարելու կարիք չկա․ ամեն ինչ ընդամենը մի քանի րոպեի քայլելու հեռավորության վրա է։ Երեկոյան The Walk սալահատակ ճեմուղով անշտապ զբոսնում են մարդիկ, բացօթյա պատշգամբներում հնչում է բաժակների զրնգոցը, և ողջ թաղամասը վերածվում է բաց երկնքի տակ սփռված տոնական մեծ հարթակի։ Եթե խաղաղություն եք փնտրում, եկեք առավոտյան, իսկ երեկոն թողեք աշխույժ եռուզեռին․ այն այստեղ պակաս դյոգրավիչ չէ։

Ակտիվ հանգստի սիրահարներին արժե Դուբայի առափնյան բացահայտել նաև երկանիվ տրանսպորտով։ Քաղաքում ակտիվորեն զարգանում է հեծանվուղիների ցանցը (այդ թվում՝ Ջումեյրա և Ալ Մամզար թաղամասերում), ինչը թույլ է տալիս ծովափնյա օրը հարստացնել հաճելի հեծանվային զբոսանքով։ Դրա համար սեփական հեծանիվ բերելու կարիք ամենևին չկա․ Careem Bike ծառայությունն առաջարկում է հարմարավետ վարձույթ հենց բջջային հավելվածի միջոցով։ Սա հիանալի հնարավորություն է առափնյա թաղամասերը սեփական ռիթմով ուսումնասիրելու՝ ուղևորությունը համատեղելով ծովի ափին և տեղական սրճարաններում հաճելի կանգառների հետ։
Երեկոյան առափնյա ճեմուղիներ՝ անշտապ հանգստի համար
Եթե ուզում եք կտրվել քաղաքի աղմուկից, այցելեք Al Mamzar Beach Park։ 106 հեկտար տարածքով այս ընդարձակ համալիրը միավորում է մի քանի լողափ, սաղարթախիտ արմավենիներ, խնամված սիզամարգեր, պիկնիկի գոտիներ և ծովածոցի երկայնքով ձգվող ստվերոտ ճեմուղի, որտեղով հաճելի է հեծանիվ վարել։ Այստեղ կարելի է լողալ, հատուկ տաղավարներում խորոված պատրաստել կամ քոթեջ վարձել ու վայելել ամբողջ օրը։ Ընտանիքներն ու մեծ ընկերախմբերն այստեղ գտնում են այն, ինչի պակասն այդքան զգացվում է մեծ քաղաքում՝ մի անկյուն, որտեղ բոլորը միասին են, և ոչ ոք չի նայում ժամացույցին։

Քաղաքի ամենահայտնի տեսարաններից մեկը բացվում է Sunset Beach-ից (նույն ինքը՝ Umm Suqeim Beach)։ Այստեղից հիանալի երևում է Burj Al Arab-ը, իսկ երեկոյան ափը լցվում է տեսախցիկներով ու հեռախոսներով մարդկանցով, որոնք որսում են մայրամուտի կատարյալ լույսը։ Արժե գալ մի փոքր շուտ, մի քանի ժամ վայելել տաք ավազն ու դիմավորել ծոցի վրա իջնող մայրամուտը։ Երկինքը նախ դառնում է պղնձագույն, ապա՝ վարդագույն ու մուգ կապույտ, իսկ երբ ջրի վրայից անհետանում են վերջին շողերը, առագաստաձև հյուրանոցի ուրվագիծը ողողվում է վառ լույսերով։ Մինչ այդ պահին սպասելը կարող եք լողափնյա գրադարանից գիրք վերցնել ու կարդալ՝ հարմար տեղավորվելով ջրին մոտ դրված փափուկ պուֆերի վրա։ Իսկ երբ մթնի, մի՛ շտապեք հեռանալ. սա քաղաքի այն հազվագյուտ լողափերից է, որտեղ թույլատրվում է լողալ նաև մայրամուտից հետո՝ բարձր լուսարձակների ներքո։
Jumeirah Public Beach-ը գրավում է իր պարզությամբ. ծով, փափուկ ավազ և ջրի ափին անցկացրած մի քանի անհոգ ժամ՝ առանց նախապես ինչ-որ բան պլանավորելու։ Լողափը հեշտությամբ կարելի է ներառել Ջումեյրայի զբոսանքի երթուղում՝ ծովային հանգիստը համատեղելով թաղամասում շրջելու կամ մոտակա սրճարաններից մեկում ճաշելու հետ։ Սա քաղաքին ծանոթանալու լավագույն սկիզբն է՝ հենց առաջին օրը հասնել ծովափ և միանգամից զգալ, որ արձակուրդն արդեն սկսվել է։
Դուբայի լողափնյա ակումբները՝ առօրյայից նրբագեղորեն կտրվելու համար
Լողափնյա ակումբները Դուբայում տպավորիչ հանգստի անբաժանելի մասն են։ Սա կատարյալ վայր է ջրի ափին հարմարավետ լիցքաթափվելու համար. այստեղ կարելի է արևային լոգանք ընդունել և լողալ ճերմակ ավազով լողափին, հանգստանալ ստվերում դրված շեզլոնգին, ինչպես նաև օգտվել բազմաթիվ ծառայություններից ու հարմարություններից, որոնք հաճախ արդեն ներառված են մուտքի արժեքի մեջ։ Ձեզ սառույցով ու կիտրոնով զով ջուր են մատուցում, թարմացնում են սրբիչը, հուշում, թե այդ օրը հատկապես ինչ արժե փորձել ճաշացանկից, և օրը վերածվում է հաճելի մանրուքների մի շղթայի, որոնց մասին հոգ տանելու կարիք չկա։ Յուրաքանչյուր վայր իր ուրույն մթնոլորտն ունի՝ նորաձև կուրորտային դիզայնից մինչև ծովափնյա տեսարանով գաստրոնոմիական նախագծեր։

Atlantis, The Palm հյուրանոցում գործող Casablanca Beach Club-ը մտահղացված է որպես ծովափնյա հանգստի և կուրորտային նորաձևության ներդաշնակ համադրություն։ Նախագիծը ստեղծվել է ֆրանսիական Casablanca նորաձևության տան և Ounass հարթակի համագործակցությամբ ու աչքի է ընկնում պաստելային երանգներով, գծավոր հովանոցներով, դիզայներական շեզլոնգներով և առանձնացված կաբանաներով։ Այստեղ կա երկու լողավազան, տասը տաղավար (որոնցից վեցն ունեն իրենց փոքրիկ լողավազանները) և հենց ջրի եզրին տեղադրված «ճախրող» մահճակալներ, որոնց վրա պառկելիս թվում է, թե ալիքների վրա ես։ Երեկոյան ռեստորանում վառվում են ձկնորսական ցանցերից պատրաստված լամպերը, իսկ մուտքի մոտ հյուրերին դիմավորում է Casablanca-ի հավաքածուով բուտիկը։ Այստեղ ամեն ինչ այնպիսի տեսք ունի, ասես հիսունականների Լազուրյան ափը տեղափոխել են «Արմավենու» կղզի և ժամանակակից շուք հաղորդել դրան։
Palm West Beach հատվածում է գտնվում ծագումով հունական Mileo The Palm հյուրանոցը. դրա ինտերիերը վերարտադրում է Միկոնոսի գլխավոր մասնաճյուղի մթնոլորտը՝ բնական երանգներով և ջերմ հյուսվածքներով։ Այստեղ հարմար է ջրի ափին հանգիստը համատեղել ճաշի կամ ընթրիքի հետ, իսկ երեկոյան կողմ դուրս գալ ծովափնյա զբոսանքի։ Հյուրանոցում գործում է յոթ գաստրոնոմիական անկյուն՝ միջերկրածովյան խոհանոցից ու սուշի-բարից մինչև խավիարի բար, իսկ տանիքին կա անեզր լողավազան։
Մեկ այլ տարբերակ է Jumeirah Marsa Al Arab-ին կից գործող Kinugawa-ն։ Այստեղ ծովափնյա հանգիստը սահուն կերպով շարունակվում է ընթրիքով, որտեղ ճապոնական ուտեստները համեմված են ֆրանսիական նուրբ շեշտադրումներով՝ սուշի, սաշիմի, խրթխրթան մանրածովախեցգետնի տեմպուրա և բաց կրակի վրա պատրաստված խորտիկներ։ Դուք նստած եք ծովից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա, օդում զգացվում է ծովի թեթև աղիությունը, իսկ կլոր լողավազանի մոտից տեսարան է բացվում դեպի Burj Al Arab-ը։ Խոհանոցի կրակը կարծես արձագանքում է հորիզոնում առկայծող լույսերին։ Այսպես, ջրի մոտ սկսված օրն ավարտվում է մի ընթրիքով, որն ուզում ես հնարավորինս երկարաձգել։
Դուբայի ամենաոճային լողափնյա ակումբներից մեկը՝ Club Vista Mare-ն, գտնվում է Palm Jumeirah կղզու արևելյան ափին։ Ակումբի յոթ ռեստորաններից յուրաքանչյուրը մասնագիտացած է որոշակի խոհանոցի մեջ և մասնավոր լողափին ունի իր առանձին հատվածը՝ շեզլոնգներով ու սպասարկող անձնակազմով։

Vista Mare-ից ոչ հեռու՝ «Արմավենու» սկզբնամասում, տեղակայված է մեկ այլ հարմարավետ լողափնյա ակումբ՝ The Byron Bathers Club-ը՝ սպիտակ և երկնագույն վառ ինտերիերով, հիանալի լողափով և դեպի Արաբական ծով բացվող հրաշալի տեսարանով։ Հաստատության շեֆ-խոհարար և գաղափարի հեղինակ Թոմ Արնելը լեգենդար կղզի է բերել ավստրալական լողափնյա մշակույթի անկրկնելի շունչը։ Այս վայրը տոգորված է սերֆինգի ոգով և իդեալական է անկաշկանդ ծովափնյա հանգստի սիրահարների համար։
Քաղաքի կենտրոնում գտնվող լողափնյա ակումբները ևս մեծ պահանջարկ ունեն։ Օրինակ՝ Four Seasons հյուրանոցում գործող Nammos-ը՝ Միկոնոսի հանրահայտ լողափնյա ակումբի մասնաճյուղը։ Դուբայի ծովափյա Drift ակումբը, որը հայտնի է Դուբայ Մարինայի երկնաքերերին նայող գլխապտույտ տեսարաններով և ֆոտոշարքերի համար նախատեսված գեղատեսիլ անկյուններով, գտնվում է One&Only Royal Mirage հյուրանոցի առաջին գծում։ Իսկ Dubai Creek թաղամասի Park Hyatt Dubai հյուրանոցում արժե այցելել Twiggy by La Cantine լողափնյա ակումբ-ռեստորան, որն առանձնանում է 100-մետրանոց համայնապատկերային լողավազանով, դեպի քաղաք բացվող հիասքանչ տեսարանով և միջերկրածովյան խոհանոցի լավագույն ճաշացանկերից մեկով։
Մեկ օր կղզում
Եթե ուզում եք կտրվել թե՛ քաղաքային լողափերից, թե՛ երկնաքերերից, արժե ուղևորվել ZUHHA Island, որը գտնվում է Դուբայի ափերի մոտ՝ The World Islands կղզեխմբում։ Անվանումը գալիս է արաբերեն «դուհա» բառից, որը նշանակում է «առավոտյան լույս», իսկ կղզու մթնոլորտն էլ լիովին համահունչ է դրան՝ մեղմ, խաղաղ ու հեռու ամեն տեսակի իրարանցումից։ Այստեղ հասնում են ջրային ճանապարհով, ու հենց դա էլ տպավորությունների ամենասիրուն մասն է. ափը կամաց-կամաց հետ է մնում, երկնաքերերը հորիզոնում վերածվում են բարակ գծի, իսկ առջևում բացվում է կղզին, որտեղ ամեն ինչ մտածված է լիարժեք լիցքաթափման համար։

Կղզում ձեզ սպասում է առանձնացված ու խաղաղ հանգիստ՝ կիլոմետրերով ձգվող ծովափ, լողափնյա ակումբ, սպա և ծովին նայող ռեստորաններ։ Ճերմակ ավազ, փիրուզագույն ջուր ու այնպիսի զգացողություն, կարծես ամբողջ ափը պատկանում է միայն ձեզ և էլի մի քանի հյուրի, մինչդեռ ծոցի մյուս կողմում ուրվագծվում է Դուբայի երկնաքերերի համայնապատկերը։
Նրանց համար, ովքեր դեռ պատրաստ չեն հրաժեշտ տալ ամռանը, նոյեմբերյան Դուբայը հանգստի լավագույն վայրն է։ Մինչ Եվրոպայում արդեն ցրտում է, այստեղ ծովափնյա սեզոնը շարունակվում է. ջուրը դեռ տաք է, իսկ հաճելի եղանակը տրամադրում է երկար զբոսնել ափով ու ընթրել հենց ջրի մոտ։ Սա հրաշալի առիթ է ամառը մի փոքր էլ երկարաձգելու և նույնիսկ ուշ աշնանը արև ու ծով վայելելու համար։