Պիստակի պաղպաղակից մինչև թանկարժեք մետաքս. 6 բույր, որոնք անմոռանալի կդարձնեն այս ձմեռը

19:26   17 նոյեմբերի, 2026

Ձմռանը պարֆյումերիան առանձնակի արտահայտիչ է դառնում. ամառային թեթև կոմպոզիցիաներին փոխարինելու են գալիս խորը փայտային նոտաները, տաք համեմունքները, զգայական մուշկային ակորդներն ու անսպասելի գուրմանային համադրությունները։ Սակայն 2026 թվականի սեզոնին սովորական դարձած կանոնները փոխվում են. չափից դուրս քաղցր վանիլի փոխարեն բույրերի գիտակներն ընտրում են պիստակը, բոված նուշը, լիկյորային երանգներն ու անգամ խունկը։ Միևնույն ժամանակ մեծ տարածում են գտնում նուրբ կոմպոզիցիաները, որոնք ասես «երկրորդ մաշկ» լինեն։

WWD պարբերականը ներկայացրել է վեց բույր, որոնց արժե ուշադրություն դարձնել այս ձմռանը՝ Chanel-ի նրբագեղ նորույթից մինչև սալորի, ծխախոտի և ուդի նոտաներով հագեցած օծանելիքը։

1. Chanel Paris – St. Moritz Eau de Toilette — 172 դոլար

парфюм.jpg (24 KB)

Պատկերացրեք առավոտը Ֆրանսիական Ալպերի առանձնացված շալեում. լեռնային սառը օդ, աներևակայելի փափուկ անկողին և միակ հոգսը՝ հասցնել իջնել նախաճաշի։ Հենց այսպիսի տրամադրություն է փոխանցում Chanel-ի Paris – St. Moritz բույրը։ Գիհու հատապտուղների թարմությունն այստեղ միահյուսվում է նոճու փայտային ջերմությանը՝ ստեղծելով միաժամանակ թարմացնող և ջերմ ու հարմարավետ կոմպոզիցիա։

Օծանելիքի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր են դարձել 1920-ականների վերջին Գաբրիել Շանելի ուղևորությունները դեպի շվեյցարական Սանկտ Մորից լեռնադահուկային հանգստավայր։ Սա Les Eaux de Chanel հավաքածուի առաջին ձմեռային բույրն է։ Ի տարբերություն համեմունքներով առատ ավանդական հագեցած ձմեռային կոմպոզիցիաների՝ այն առաջարկում է ավելի մեղմ ու նուրբ հնչողություն. հյութալի տանձն ու նուրբ վարդը բացվում են զգայական մուշկա-ամբրային հիմքի վրա։

Բույրը ստացվել է ջերմ, բայց ոչ հոգնեցնող քաղցրությամբ, էլեգանտ, բայց առանց ցուցադրական շքեղության։ Այն ապացուցում է, որ ձմեռային օծանելիքը բնավ պարտավոր չէ իր մասին հայտարարել ավելի շուտ, քան իր տիրուհին ներս կմտնի սենյակ։

Հիմնական նոտաները՝ տանձ, վարդ, մուշկ, ամբրա։

2. Rabanne Phantom in Red Parfum Intense — 150 դոլար

парфюм1.jpg (35 KB)

Գիշերային Բեռլին, պարեր մինչև լուսաբաց, մարդաշատ ակումբ և հայացքներ, որոնք ավելին են ասում, քան բառերը։ Հենց այսպիսի մթնոլորտ է փոխանցում Phantom in Red-ը՝ բույր, որտեղ նուրբ նարդոսն աստիճանաբար իր տեղը զիջում է կրակոտ զաֆրանին և արբեցնող սալորի լիկյորին։ Ավարտին բացվում են ամբրայի, ծխախոտի և ուդի հողային երանգները, որոնք կոմպոզիցիային առանձնակի խորություն և զգայականություն են հաղորդում։

Սա Rabanne-ի տղամարդկանց հանրահայտ Phantom շարքի ամենահագեցած տարբերակն է։ Կայուն բույրը օրվա ընթացքում մշտական թարմացում չի պահանջում և առանձնանում է սալորի լիկյորի նոտաների անսովոր համադրությամբ, ինչը 2026 թվականի պարֆյումերային նորաձևության ամենահետաքրքիր ուղղություններից է։

Կոմպոզիցիան միավորում է միանգամից երկու արդիական միտում՝ ավելի բարդ գուրմանային բույրերը և ալկոհոլային ակորդներով պարֆյումերիան։ Եվս մեկ առավելություն. սրվակը հնարավոր է վերալիցքավորել։ Հեղինակների կարծիքով՝ նման հագեցած բույրն արժանի է երկար ժամանակ մնալու իր տիրոջ հետ։

Հիմնական նոտաները՝ նարդոս, բենզոին, ամբրա, սալորի լիկյոր, զաֆրան, ուդ։

3. D.S. & Durga Pistachio Eau de Parfum — 300 դոլար

парфюм2.jpg (29 KB)

Պիստակով ջելատոյի առաջին համտեսը, անսպասելի աղի երանգը և անհոգ ամռան հիշողությունները. հենց այսպիսի զգացողություններ է արթնացնում D.S. & Durga-ի Pistachio-ն։ Այս բույրն ասես վերադարձնում է արևային ջերմության զգացումը, երբ կարելի է մոռանալ ամեն ինչի մասին և պարզապես վայելել պահը։

2026 թվականին օծանելիքի սիրահարներն ավելի ու ավելի հաճախ են հրաժարվում պարզ վանիլային և կարամելային կոմպոզիցիաներից՝ նախապատվությունը տալով ավելի բարդ, խորը և թեթևակի բոված երանգներին։ Առաջին պլան են մղվում ընկուզային նոտաները, և D.S. & Durga-ի պիստակային բույրը դարձել է այս ուղղության ամենահետաքրքիր ներկայացուցիչներից մեկը։

Պիստակն այստեղ գլխավոր դերում է, իսկ հիլը, բոված նուշն ու վանիլային կրեմը կոմպոզիցիային խորություն և բազմաշերտություն են հաղորդում։ Չնայած գուրմանային բնույթին՝ բույրը չափազանց քաղցր չի թվում. որոշ գնորդների խոսքով՝ դրանում անգամ արտահայտված խոտային թարմություն է զգացվում։

Առանձին ուշադրության է արժանի հակիրճ բաղադրությունը՝ ընդամենը յոթ բաղադրիչ, ինչն այսօր հազվադեպ է պատահում։ Եվ թեև կոմպոզիցիան ամառ է հիշեցնում, ձմռանն այն դառնում է արևի ու ջերմության պակասը լրացնելու յուրօրինակ միջոց։

Հիմնական նոտաները՝ պիստակ, հիլ, բոված նուշ, վանիլային կրեմ։

4. Tom Ford Myrrhe Mystère Eau de Parfum — 202 դոլար

парфюм3.jpg (32 KB)

Պատկերացրեք երկար գիշերային ճամփորդություն, որի ընթացքում ձեր միակ անբաժան ուղեկիցը դառնում է անուշահոտ խեժի բույրը։ Այս գրեթե միստիկական մթնոլորտում խաղաղեցնող ինչ-որ բան կա. ճանապարհն անվերջ է թվում, բայց ներքին հանգստության զգացումը ոչ մի րոպե չի լքում ձեզ։ Հենց այսպիսի տպավորություններ է պարգևում Tom Ford-ի Myrrhe Mystère-ը։

2023 թվականին թողարկված այս բույրը համարձակ կոմպոզիցիայի համբավ է ձեռք բերել մուգ, հագեցած բաղադրիչների և ավելի կենսախինդ ծաղկային ու քաղցր ակորդների անսովոր համադրության շնորհիվ։ Մյուռոնը, օշինդրի էսենցիան և ավստրալական սանդալենին ստեղծում են խորը հիմք, որը մեղմում են հասմիկն ու վանիլը։

Սա վառ անհատականությամբ և բարձր կայունությամբ ունիսեքս-օծանելիք է։ Այն նաև հիանալի է այլ բույրերի հետ համադրելու համար՝ թույլ տալով ստեղծել անհատական կոմպոզիցիաներ։

Հիմնական նոտաները՝ մյուռոն, օշինդրի (աբսենտի) էսենցիա, ավստրալական սանդալենի, հասմիկի աբսոլյուտ, վանիլային ակորդ, սև կաշի։

5. Dries van Noten Soie Malaquais Eau de Parfum — 400 դոլար

парфюм4.jpg (32 KB)

Կիսախավար աշխատասենյակում թանաքագրիչով գրված նամակ, թավշյա ծանր վարագույրներ, դրանց միջով թափանցող արևի շողեր, մեկ գավաթ բերգամոտով թեյ և հարևան սենյակից լսվող դաշնամուրի հնչյուններ։ Dries van Noten-ի Soie Malaquais-ն ասես տեղափոխում է եվրոպական հինավուրց առանձնատան մթնոլորտ, որտեղ ժամանակը դանդաղ է հոսում, իսկ յուրաքանչյուր մանրուք լցված է հատուկ իմաստով։

Բարդ, բազմաշերտ բույրերի աճող հանրաճանաչության ֆոնին՝ ավելի ու ավելի շատ գնորդներ, հակառակը, փնտրում են զուսպ կոմպոզիցիաներ, որոնք չեն ձգտում համընդհանուր ուշադրություն գրավել։ Այսպես կոչված «երկրորդ մաշկի» պարֆյումերիան դառնում է սեզոնի նկատելի ուղղություններից մեկը, և Soie Malaquais-ը կատարելապես ներդաշնակ է այդ միտմանը։

Կոմպոզիցիայի հիմքում շագանակն ու մետաքսն են, որոնք հիշեցնում են նորաձևության տան հավաքածուներում օգտագործվող գործվածքները։ Սև հաղարջը, կակաոն և բերգամոտը լրացնում են բույրը՝ նրան նրբություն և խորություն հաղորդելով։

Կոմպոզիցիան հաճախ անվանում են գրեթե անկշիռ և եթերային։ Այս տպավորությանը համապատասխանում է նաև ավանդական դելֆտյան խեցեղենի մոտիվներով ճենապակյա սրվակը, որը ժամանակակից պարֆյումերիայի ձևավորման ամենագեղեցիկ նմուշներից է։

Հիմնական նոտաները՝ բերգամոտ, սև հաղարջ, վարդ, մետաքս, շագանակ, կակաո։

6. Parfums de Marly Valaya Exclusif Parfum — 430 դոլար

парфюм5.jpg (26 KB)

Գաղտնի ժամադրություն լուսնի լույսի ներքո, զբոսանք Վերսալի մոտակայքում գտնվող այգում և նոր հասունացած մրգերի բույրով լցված օդ։ Հենց այսպիսի զգայական մթնոլորտ է ստեղծում Parfums de Marly-ի Valaya Exclusif-ը։

Ֆրանսիական պարֆյումերային տունը, որն ավանդաբար ասոցացվում է Լյուդովիկոս XV թագավորի դարաշրջանի շքեղության հետ, կարողացել է ավելի երիտասարդ լսարանի գրավել՝ դասական պարֆյումերիայի ժամանակակից մեկնաբանության շնորհիվ։ Այս հարցում առանձնահատուկ դեր է խաղացել օրիգինալ Valaya բույրի հաջողությունը, որն արագորեն իսկական հիթ դարձավ։

Նոր կոմպոզիցիան կառուցված է հակադրությունների վրա. բամբակի հպում հիշեցնող փափկությունը համադրվում է ցիտրուսային առույգ թարմության հետ։ Բերգամոտը, մանդարինը և սպիտակ դեղձը ստեղծում են վառ սկիզբ, որին հաջորդում են ծաղկային, փայտային և մուշկային երանգները։

Հետաքրքիր է, որ բույրի բազմաշերտությունը հղում է անում XVIII դարի վերջի ֆրանսիական պալատական հանդերձանքների գործվածքների և դետալների համադրման սկզբունքներին։ Ընդ որում, կոմպոզիցիան ամենևին էլ թեթևամիտ կամ թափանցիկ չի թվում. դրա արտահայտիչ բնավորությունն ընդգծում է նաև անթափանց սրվակը։ Հենց ճանաչելի կանացիությունն ու հակադրությունների ներդաշնակությունն են Valaya Exclusif-ը դարձնում ապրանքանիշի ամենապահանջված բույրերից մեկը։

Հիմնական նոտաները՝ բերգամոտ, մանդարին, սպիտակ դեղձ, նարնջի ծաղիկ, նիմֆեալ, վետիվեր, ակիգալավուդ, ամբրոֆիքս, մուշկ։



© NEWS.am STYLE