Դևիդ Բեքհեմը 41 միլիոն դոլար է պահանջում «հեղինակությանը հասցված հարվածի» համար. լեգենդար ֆուտբոլիստը պատերազմ է հայտարարել իր օծանելիքը վաճառող ընկերությանը

23:01   17 նոյեմբերի, 2026

Սըր Դևիդ Բեքհեմը աղմկահարույց դատական գործընթացի կենտրոնում է հայտնվել իր իսկ օծանելիքի պատճառով։ Անգլիայի հավաքականի նախկին ավագի բիզնես-կայսրությունը հայց է ներկայացրել Coty պարֆյումերային ընկերության դեմ այն բանից հետո, երբ աստղի անունը կրող բույրերը հայտնաբերվել են էժան գներով հայտնի բրիտանական Poundland խանութների ցանցում, ինչպես նաև ավտոլցակայաններում։

Բեքհեմի ներկայացուցիչները պնդում են, որ նման վաճառքը վնաս է հասցնում բրենդի խնամքով կերտված իմիջին, որը տասնամյակներ շարունակ ասոցացվում է շքեղության և բարձր կարգավիճակի հետ։ Մարզիկի կոմերցիոն նախագծերը կառավարող DB Ventures ընկերությունը պահանջում է ընդհանուր առմամբ 41 միլիոն դոլարի փոխհատուցում։

Դատական փաստաթղթերում Բեքհեմի իրավաբանները նշել են, որ ցնցված են եղել՝ իրենց վստահորդի արտադրանքը տեսնելով ավտոլցակայանի և դիսկաունտերի վաճառասեղաններին։ Կատարվածը նրանք որակել են որպես պարֆյումերային գործընկերոջ «հուսահատության և ագահության» հետևանք։

Ըստ DB Ventures-ի՝ Coty-ն խախտել է պայմանագրի դրույթները՝ բույրերը տարածելով վաճառքի չարտոնված խողովակներով։ Մասնավորապես, Բեքհեմի օծանելիքը հայտնվել է Poundland-ում, որտեղ այն առաջարկվել է էժան սեգմենտի խանութներին բնորոշ գներով։

«Պատկերացրեք այն շոկն ու վրդովմունքը, որ ապրել է DB Ventures-ը՝ պարզելով, որ Դևիդ Բեքհեմի արտադրանքը վաճառվում է ավտոլցակայանում։ Ինչպե՞ս կարող էր առհասարակ նման բան տեղի ունենալ։ Հուսահատություն և ագահություն», — ասված է դատական նյութերում։

Իրավաբանները նաև պնդում են, որ Coty-ն չհաստատված բաշխման ցանցերով իրացրել է Բեքհեմի արտադրանքից առնվազն 24 միլիոն դոլարի ապրանք։

Սակայն դժգոհությունները միայն վաճառքի վայրերով չեն սահմանափակվում։ DB Ventures-ը պարֆյումերային ընկերությանը մեղադրում է նաև մաքուր վաճառքի ծավալները 123 միլիոն դոլարով պակաս ցույց տալու մեջ, ինչի հետևանքով բրենդը, հայցվորի պնդմամբ, շուրջ 6 միլիոն դոլարի պակաս ռոյալթի է ստացել։



© NEWS.am STYLE