Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են շրթունքների 150 դոլարանոց բալզամի գովազդի համար. ԱԲ-ով ստեղծված հոլովակն անվանել են «ապրանքի ամենաաբսուրդային թողարկումը պատմության մեջ»

10:30   18 նոյեմբերի, 2026

Ջենիֆեր Լոպեսը քննադատության ալիքի տակ է հայտնվել այն բանից հետո, երբ ներկայացրել է շրթունքների նոր  իր 150 դոլարանոց բալզամը։ Ծաղրի առիթ է դարձել գովազդային հոլովակը, որը, ենթադրաբար, ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ Հիասթափված երկրպագուներից մեկը նույնիսկ գրել է երգչուհուն. «Կներես, Ջեյ Լո, բայց սա սարսափելի է»։

Ի սկզբանե 57-ամյա աստղի հիմնադրած JLo Beauty բրենդը Beso Balm բալզամը թողարկել էր 2023 թվականին՝ անհամեմատ ավելի մատչելի՝ 19 դոլար գնով։

View this post on Instagram

A post shared by JLO Beauty by Jennifer Lopez (@jlobeauty)

Սակայն ավստրիական լյուքս դասի Swarovski բրենդի հետ նոր՝ սահմանափակ քանակությամբ համագործակցության շրջանակում միջոցի արժեքը թռիչքային աճ է գրանցել՝ թանկանալով 689,5 տոկոսով և հասնելով տպավորիչ 150 դոլարի։

«Բովանդակությունը ստեղծվել է ԱԲ-ի միջոցով» նշումով հոլովակում ցուցադրվում է բյուրեղներով զարդարված բալզամը։ Հետնաֆոնին հնչում է Լոպեսի 2002 թվականի Jenny From the Block երգը՝ հետևյալ բառերով. «Ես մնում եմ նույնը, նույնիսկ երբ եկամուտներս աճում են։ Ես իրական եմ, մի՞թե քեզ դեռ չեմ ասել»։

Նորույթը ներկայացված է երեք տարբերակով, որոնցից յուրաքանչյուրը ոգեշնչված է հենց իր՝ Ջենիֆեր Լոպեսի կերպարով։ Crisp Apple-ը («Խրթխրթան խնձոր») խորհրդանշում է պարուհուն. չէ՞ որ հենց պարից է սկսվել նրա ճանապարհը դեպի հաջողություն։ Cocoa Cream-ը («Կակաո-կրեմ») նվիրված է աստղին, որը «սովոր է լինել ուշադրության կենտրոնում», իսկ Cherry Noir-ը («Սև բալ»)՝ «իր ձայնը» փնտրող երգչուհուն։

«Ամբողջ գաղտնիքը դետալների մեջ է։ Եվ, անկեղծ ասած, այստեղ ուղղելու ոչինչ չկա։ Դրանք այնքան պաշտամունքային են, որ գուցե ցանկանաք ձեռք բերել միանգամից բոլոր երեքը», — ասվում է բրենդի ինստագրամյան էջում հրապարակված մեկ այլ գովազդային տեսանյութում։

«Յուրաքանչյուր Beso Bling զարդարված է Swarovski բյուրեղներով, իսկ ներսում ձեզ մի քանի գաղտնի դետալ է սպասում։ Ո՞րը կընտրեք դուք», — խոստանում է ընկերությունը։

Այդուհանդերձ, Լոպեսի 239 միլիոն հետևորդների շրջանում քիչ չէին նրանք, ովքեր չգնահատեցին ո՛չ բուն նորույթը, ո՛չ էլ դրա առաջխաղացման տարբերակը։

Ինչպես հայտնում է The Cut-ը, համացանցի օգտատերերը գովազդային արշավն անտեղի և իրականությունից կտրված են համարել։ Մեկնաբաններից մեկը բալզամների տուփերը համեմատել է «փայլերով պատված՝ մարիխուանայի ողորմելի մանրացուցիչների» հետ։

Մյուսներին էլ վրդովեցրել է անիմացիոն հոլովակի ստեղծման համար գեներատիվ ԱԲ-ի ենթադրյալ կիրառումը։

«Այդքան փող ունեք, բայց չե՞ք կարողացել մի մարդ վարձել, որն անիմացիա կպատրաստեր», — հեգնել է օգտատերերից մեկը։

«Պարզապես տասը րոպե տրամադրեք՝ նորմալ տեսանյութ նկարահանելու համար, և դադարեցրեք այս աբսուրդը», — գրել է մեկ ուրիշը։

Մեկ այլ մեկնաբան էլ ծայրահեղ կտրուկ է արտահայտվել՝ ապրանքի թողարկումն անվանելով «պատմության մեջ ամենաաբսուրդայինը» և հարց բարձրացնելով. «Առհասարակ ո՞վ է պատասխանատու այս ընկերության մարքեթինգի համար», — փոխանցում է The Independent-ը։



© NEWS.am STYLE