13:17 18 նոյեմբերի, 2026Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը պատմել է, որ անմիջական մասնակցություն է ունեցել Ջեյմս Բոնդի դերակատարի ընտրության գործընթացին։ Միլիարդատիրոջ խոսքով՝ պաշտամունքային դերի հավակնորդների շարքում Ռոբերտ Փաթինսոնն անմիջապես աչքի է ընկել յուրահատուկ մի բանով, թեև ի սկզբանե ո՛չ ինքը, ո՛չ էլ նոր ֆիլմի ռեժիսոր Դենի Վիլնյովը դերասանին որպես ֆավորիտ չէին դիտարկում։
Բեզոսը խոստովանել է, որ ուշադրությամբ հետևել է լսումների մի քանի փուլերին և անձամբ մասնակցել վերջնական ընտրությանը։ Այս մասին Amazon-ի գործադիր նախագահը պատմել է Semafor Silicon Valley & The World միջոցառման ժամանակ։
«Սկզբում թեկնածուների մեծ խումբ կար, հետո ցուցակը կրճատեցինք՝ թողնելով հինգ եզրափակիչ մասնակիցների։ Նրանց համար հին ու բարի ավանդույթի համաձայն իսկական կինոփորձեր անցկացվեցին։ Հինգ հավակնորդներից յուրաքանչյուրը խաղաց երեք տարբեր տեսարանում։ Ուրբաթ օրը մենք հավաքվեցինք, որպեսզի մի քանի ժամ տրամադրենք բոլոր փորձերի դիտմանն ու արդյունքների քննարկմանը», — կիսվել է Բեզոսը։
Նրա խոսքով՝ սկզբնապես և՛ ինքը, և՛ «Դյունա» ֆիլմի ռեժիսոր Դենի Վիլնյովը հակված էին այդ դերի համար ընտրել քիչ հայտնի դերասանի, սակայն էկրանային փորձերը փոխել են նրանց կարծիքը։
«Բայց կինոփորձերի ժամանակ միանգամայն ակնհայտ դարձավ, որ հենց նա է Ջեյմս Բոնդը», — հայտարարել է միլիարդատերը՝ հավելելով, որ Փաթինսոնի մեջ «յուրահատուկ մի բան» է զգացել։
Անցյալ տարի Amazon-ը ավելի քան 1 միլիարդ դոլար է վճարել՝ Ջեյմս Բոնդի մասին ֆրանշիզայի ստեղծագործական վերահսկողությունը ստանալու համար։ Ֆիլմաշարի երկարամյա իրավատերերի հետ կնքված գործարքը երկրպագուների շրջանում հակասական արձագանք էր հարուցել. նրանք մտավախություն ունեին, որ տեխնոլոգիական հսկայի միջամտությունը կփոխի հանրահայտ կինոէպոպեայի սովորական դարձած հայեցակարգը։
Դեռևս 2022 թվականին Amazon-ը 8,5 միլիարդ դոլարով ձեռք էր բերել MGM կինոստուդիան։ Այդ ժամանակվանից ի վեր Բոնդի երկրպագուներն ու կինոքննադատները քննարկում են, թե ինչպիսին է լինելու ֆրանշիզայի ապագան ընկերության ղեկավարման ներքո։ Մասնավորապես, կինոարդյունաբերության շրջանակներում ենթադրություններ էին հնչում, որ Amazon-ը կարող է Marvel-ի օրինակով այն վերածել մասշտաբային կինոտիեզերքի՝ բազմաթիվ ճյուղավորումներով և սփին-օֆֆերով։