15:14 18 նոյեմբերի, 2026Ամերիկացի բլոգեր Դեյվիդ Ռուլը որոշել է ստուգել՝ արդյոք հնարավոր է փոքրիկ լողացող կառույցը վերածել լիարժեք տան։ Նա ընդամենը 2,6 քառակուսի մետր մակերեսով լողացող տուն (հաուսբոթ) է կառուցել, այն կահավորել մահճակալով, մինի խոհանոցով ու արևային վահանակներով, ապա դրանով եռօրյա ճամփորդության մեկնել գետի վրայով։ Սակայն փորձարկումը ցույց է տվել, որ նման տարածքում ապրելն անհամեմատ ավելի բարդ է, քան թվում է տեսանյութում։
Վայոմինգ նահանգից Ռուլն իր ստեղծագործությունն անվանել է Tinytanic։ Նավակի երկարությունը մոտ 2,4 մետր է, լայնությունը՝ 1,1 մետր։ Կառույցն այնքան կոմպակտ է, որ այն հնարավոր է տեղափոխել սովորական պիկապի թափքով։

Կառուցման համար պահանջվել է մեկ ամսից մի փոքր ավելի ժամանակ և շուրջ 4000 դոլար։ Հիմքում պլաստիկե պոնտոններ են, որոնց վրա մայրու, սոճու փայտից ու նրբատախտակից պատրաստված թեթև կոնստրուկցիա է տեղադրված։ Տանիքը պատրաստված է նրբատախտակից ու ալյումինե թիթեղներից, իսկ հետևի հատվածում պոլիկարբոնատից պատրաստված մեծ թափանցիկ պատուհան է նախատեսված։
Չնայած համեստ չափսերին՝ ներսում հաջողվել է տեղավորել մահճակալ, պահոցներով փոքրիկ սեղանածածկ, մինի սառնարան, բութանով աշխատող սալօջախ և լվացարան։ Ջուրը մատակարարվում է զտման համակարգ ունեցող պոմպի միջոցով, իսկ էլեկտրաէներգիան ապահովում են տանիքին տեղադրված 100-ական վատտ հզորությամբ երկու արևային վահանակները։ Դրանք լիցքավորում են մարտկոցը, որից էլ սնուցվում են շարժիչը, լուսավորությունը, օդափոխիչն ու USB բնիկը։
Սակայն առաստաղի բարձրությունն ընդամենը մոտ 107 սանտիմետր է, ուստի ներսում կանգնել հնարավոր չէ. նավակի բնակիչը ստիպված է նստել կամ պառկել։
Երեք օր՝ առանց զուգարանի և իրերի համար նախատեսված տեղի
Իր գյուտը իրական պայմաններում փորձարկելու նպատակով Ռուլը մեկնել է Վաշինգտոն նահանգի Փենդ Օրեյ գետ։ Երեք օրվա ընթացքում նա հաղթահարել է մոտ 19 կիլոմետր, ձուկ որսացել, որսը պատրաստել փոքրիկ սալօջախի վրա և գիշերել հենց ջրի վրա։

Բլոգերի խոսքով՝ նավակը բավական կայուն է եղել, իսկ գետի վրա գիշերակացը՝ զարմանալիորեն հանգիստ։ Սակայն կենցաղային անհարմարություններն արագ են զգացնել տվել իրենց։
«Այս ճամփորդության համար բավականին շատ հանդերձանք էի վերցրել, բայց տեղը բացարձակապես չէր բավականացնում ամեն ինչ տեղավորելու համար», — Daily Mail-ին պատմել է Ռուլը։
Իրերի մեծ մասը նա ստիպված է եղել թողնել ափին։ Սնունդը կախել է ծառերից՝ արջերից պաշտպանելու համար։ Նավակի վրա զուգարան չի եղել. որոշ կարիքների համար ստիպված է եղել կանգ առնել ափին, իսկ մյուսների դեպքում՝ օգտվել քեմփինգների հարմարություններից։
Չեն շրջանցել նաև էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրները։ Ամպամած եղանակին արևային վահանակները բավարար էներգիա չեն արտադրել, ուստի բլոգերը ստիպված է եղել խնայել մարտկոցի լիցքն ու անջատել շարժիչը, երբ հոսանքն ու քամին կարող էին տանել նավակը։
Չնայած դժվարություններին՝ Ռուլը ճամփորդությունը հասցրել է ավարտին։ Այդուհանդերձ, նա մտադիր չէ մշտապես ապրել Tinytanic-ում. նրա խոսքով՝ իր համար դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող է նման նավակի վրա թեկուզ մեկ շաբաթ անցկացնել։
«Անկեղծ ասած՝ գլխավոր պատճառը, որ ձեռնամուխ եղա այս նախագծին, հետաքրքիր փորձություն կազմակերպելու և YouTube-ի համար դիտարժան տեսանյութ ստեղծելու ցանկությունն էր։ Ուզում էի ոգեշնչել ու զվարճացնել դիտողներին, և կարծում եմ՝ դա ինձ հաջողվեց», — խոստովանել է բլոգերը։