Աբու Դաբին սուպերզբոսանավերի սեփականատերերին գրավում է շքեղ հանգստի առաջարկներով. էմիրությունը մտադիր է էլ ավելի շատ միլիարդատերերի ներգրավել

19:33   18 նոյեմբերի, 2026

Աբու Դաբին ընդլայնում է շքեղ հանգստի առաջարկները՝ նպատակ ունենալով դառնալ սուպերզբոսանավերի սեփականատերերի և մեծահարուստ զբոսաշրջիկների համար աշխարհի առաջատար ուղղություններից մեկը։ Էմիրության իշխանությունները շեշտը դնում են ոչ միայն ժամանակակից նավահանգիստների ու խոշոր զբոսանավերի կայանատեղիների, այլև բացառիկ ճամփորդությունների, մասնավոր մշակութային միջոցառումների, անապատային հանգստի ու բարձրակարգ խոհանոցի վրա։

Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության դեպարտամենտը (DCT Abu Dhabi) երկու նոր ուղեցույց է ներկայացրել, որոնք զբոսանավերի սեփականատերերին, նավապետներին և չարտերային ուղևորությունների կազմակերպիչներին կօգնեն կողմնորոշվել էմիրության ջրային տարածքներում։ Դրանք հնարավորություն կտան պլանավորել հանգիստը՝ երթուղիներում ներառելով տեղական հյուրանոցները, ռեստորանները, մշակութային տեսարժան վայրերն ու անապատային հանգստավայրերը։

Նախաձեռնությունն Աբու Դաբիի՝ մինչև 2030 թվականը նախատեսված զբոսաշրջային ռազմավարության մի մասն է և ուղղված է շքեղ զբոսաշրջության համաշխարհային շուկայում էմիրության դիրքերի ամրապնդմանը։

Առաջին ուղեցույցը՝ Abu Dhabi Waterfront Guide-ը, ներկայացնում է էմիրության ութ առաջատար զբոսանավային նավահանգիստները։ Այն ներառում է նավարկության կոորդինատները, տեխնիկական բնութագրերն ու ենթակառուցվածքների վերաբերյալ տվյալները, այդ թվում՝ մինչև 180 մետր երկարությամբ սուպերզբոսանավերի սպասարկման հնարավորությունները։

Ուղեցույցում ընդգրկված են Emirates Palace, Yas Marina, Yas Bay Waterfront, Hidd Al Saadiyat, Hudayriyat Island, Al Qana, InterContinental և Marsa Al Bateen նավահանգիստները։

Սակայն էմիրության առաջարկները չեն սահմանափակվում միայն զբոսանավերի կայանատեղիներով․ ուղեցույցը ներկայացնում է նաև ափամերձ տարածքներում հանգստի և ժամանցի հնարավորությունները։

Մասնավոր էքսկուրսիաներից մինչև ընթրիք բարձրակարգ ռեստորաններում

Ուղեցույցը յուրաքանչյուր առափնյա գոտու համար ներկայացնում է մոտակայքում գործող ռեստորանները, լողափնյա ակումբները, համաշխարհային կարգի գոլֆի դաշտերը, առողջարանային կենտրոնները, թանգարաններն ու պատկերասրահները։

Այն նաև գործնական տեղեկություններ է պարունակում նավերի սեփականատերերի ու օպերատորների համար՝ ներառելով ԱՄԷ մուտքի կանոնները, նավարկության թույլտվությունները, անվտանգության պահանջներն ու AD Maritime Hub հարթակի թվային ծառայությունները։

Երկրորդ հրատարակությունը՝ Luxury Charter Planning Guide-ը, նախատեսված է զբոսանավերի վարձակալության ոլորտում մասնագիտացած զբոսաշրջային խորհրդատուների ու բրոքերների համար։ Դրա նպատակն է օգնել մասնագետներին կազմել անհատական երթուղիներ՝ ծովային ճամփորդությունները համադրելով էմիրությունում հանգստի այլ հնարավորությունների հետ։

Ուղեցույցը կառուցված է չորս հիմնական ուղղությունների շուրջ՝ կացություն, ծովային ուղևորություններ, գաստրոնոմիա և բացառիկ ժամանց։ Դրանում ներկայացված են վարձակալության համար նախատեսված՝ 18-ից 43 մետր երկարությամբ մասնավոր զբոսանավեր։ Կախված նավի տեսակից՝ ցերեկային ուղևորությունների ընթացքում այն կարող է ընդունել մինչև 60 հյուր, իսկ գիշերակացով ուղևորությունների դեպքում՝ մինչև 12 մարդ։

Առանցքային տեղ է հատկացված The Journey, Reimagined յոթնօրյա երթուղուն, որը համատեղում է մասնավոր զբոսանավերով ուղևորությունները, հանգիստը շքեղ պալատներում ու անապատային նստավայրերում, ինչպես նաև ընթրիքը բարձրակարգ ռեստորաններում։

Արվեստ, արաբական օծանելիք և վայրի բնություն

Հատուկ ուշադրություն է դարձվել մշակութային և անհատական նախասիրություններին համապատասխան կազմակերպվող ժամանցին։ Առաջարկների թվում են Աբու Դաբիի Լուվրի աշխատանքային ժամերից հետո կազմակերպվող մասնավոր այցելությունները, համադրողների ուղեկցությամբ շրջայցերն Աբու Դաբիի բնության պատմության թանգարանում, ինչպես նաև արաբական գեղագրության և օծանելիքի պատրաստման վարպետության դասերը։

Զբոսաշրջիկներին առաջարկվում են նաև ծովային ուղևորություններ Ալ Դաֆրա շրջանի գեղատեսիլ ջրային տարածքներով՝ դեպի Սիր Բանի Յաս կղզի, որը հայտնի է իր բնական արգելոցներով ու ազատության մեջ ապրող վայրի կենդանիներով։

DCT Abu Dhabi-ի զբոսաշրջային պրոդուկտների զարգացման տնօրենի պաշտոնակատար Հայթամ Ալի Խամիսը նշել է, որ նոր ուղեցույցների նպատակն է միջազգային գործընկերներին և չարտերային ուղևորությունների կազմակերպիչներին տրամադրել գործնական գործիքակազմ՝ բազմօրյա անհատական ծրագրեր մշակելու համար։

 



© NEWS.am STYLE