Rolls-Royce-ը նարդին վերածել է 50 հազար դոլարանոց շքեղության առարկայի. բացառիկ հավաքածուի ստեղծման վրա մի ամբողջ տարի է ծախսվել  

21:19   18 նոյեմբերի, 2026

Rolls-Royce-ը որոշել է ապացուցել, որ շքեղությունը կարող է մակնիշի ավտոմեքենաների սեփականատերերին ուղեկցել ոչ միայն ճանապարհին, այլև հանգստի ժամերին։ Բրիտանական ավտոարտադրողը ներկայացրել է նարդու բացառիկ հավաքածու, որը նախագծվել է ընկերության սեփական Bespoke Collective ստորաբաժանման կողմից։ Դրա ստեղծման համար պահանջվել է մեկ տարի, իսկ նախնական արժեքը կազմում է շուրջ 50 հազար դոլար։

Հավաքածուի ձևավորման մեջ օգտագործվել են նույն այն նյութերն ու գունային լուծումները, որոնք ծանոթ են Rolls-Royce-ի ավտոմեքենաների սրահներից։ Օխրայի, քարի և ավազի երանգները հիշեցնում են Միջագետքը՝ այն տարածաշրջանը, որտեղ շուրջ հինգ հազար տարի առաջ ծնունդ է առել հնագույն սեղանի խաղերից մեկը։ Կառուցվածքում ներդաշնակորեն համադրված են ալյումինը, ամերիկյան ընկուզենին և արտահայտիչ հյուսվածքով բնական կաշին։

 нарды1.jpg (46 KB)

Հավաքածուի ինժեներական գլխավոր առանձնահատկությունը ալյումինի ամբողջական կտորից պատրաստված ծավալուն ծխնին է, որը հղկվել է ձեռքով և ենթարկվել անոդացման։ Դրա շնորհիվ պատյանը բացվում է, իսկ կենտրոնական առանցքը պտտվում է հակառակ ուղղությամբ՝ բացելով խաղադաշտն ու քարերը։

Կոնստրուկցիայի վերին հատվածում տեղադրված է հանրահայտ «Էքստազի ոգին» արձանիկը։ Ինչպես և մակնիշի ավտոմեքենաների դեպքում, այստեղ ևս այն պահպանում է իր ուղղահայաց դիրքը՝ անկախ նրանից, թե ինչ անկյան տակ է թեքված տուփը։

Խաղային մակերեսը պատրաստված է արքայական ընկուզենու ծակոտկեն շպոնից և ծխագույն էվկալիպտից։ Նախշի երկու կեսերը մանրակրկիտ կերպով համադրված են միմյանց 55 աստիճանի անկյան տակ. ճիշտ նույն տեխնոլոգիայով է Rolls-Royce-ը ձևավորում իր ավտոմեքենաների սրահների փայտե դետալները։

 нарды2.jpg (29 KB)

Քարերը պատրաստված են բոքսիտի հավելումով կոմպոզիտային նյութից և ներկայացված են երկու գույնով՝ գիշերային երկինք հիշեցնող սև (Deep Night Sky) և սպիտակ (Antarctica)։ Խաղադրույքը կրկնապատկելու զառը զարդարված է մեղրաբջիջների տեսքով նախշով, ինչը հղում է Գերմանիայում, ԱՄԷ-ում, Բահրեյնում և Կատարում ընկերության պահած մեղվանոցներին։ Իսկ զառերը նետելու բաժակների կաշվե երեսպատումը խլացնում է ձայնը նետման պահին։

Չնայած ավելի երիտասարդ լսարան գրավելու ձգտմանը՝ Rolls-Royce-ը հավատարիմ է մնում իր պատմությանը։ Դեռևս 1938 թվականին անհատական պատվերով ստեղծվել էր Wraith ավտոմեքենան, որի սրահի հետևի հատվածում ներկառուցված նարդի կար։ Այսպիսով, նոր նախագիծը շարունակում է մակնիշի վաղեմի ավանդույթը։

Ընկերությունը նորույթի պաշտոնական գինը դեռ չի հայտնել, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, հավաքածուն կարժենա մոտ 50 հազար դոլար։ Համեմատության համար նշենք, որ Rolls-Royce-ի շախմատի հավաքածուն, որի մշակման վրա ևս մոտ մեկ տարի էր պահանջվել, գնահատվում է շուրջ 44 հազար դոլար։

Այդուհանդերձ, շքեղության առարկաների շուկայում կան նաև անհամեմատ ավելի թանկ խաղային հավաքածուներ։ Օրինակ՝ Charles Hollander նարդին համարվում է աշխարհում ամենաթանկը. սև և սպիտակ ադամանդներով զարդարված այդ հավաքածուի արժեքը հասնում է մոտ 5 միլիոն դոլարի։ Ածխածնային մանրաթելից և փայտից պատրաստված Chopard Classic Racing նարդին նույնպես գնահատվում է գրեթե մեկ միլիոն դոլար։

Rolls-Royce-ի նոր հավաքածուն դեռ չի հայտնվել բրենդի առցանց խանութում, սակայն, ըստ տեղեկությունների, հետաքրքրված գնորդներն արդեն կարող են հարցումներ ուղարկել ֆիրմային սրահներ։



© NEWS.am STYLE