Ամանորը Ralph Lauren-ի ոճով. ինչպես զարդարել տոնածառը «լուռ շքեղության» բոլոր կանոններով  

22:23   18 նոյեմբերի, 2026

Դեկտեմբերն անխուսափելիորեն մոտենում է, իսկ դրա հետ վերադառնում է նաև հավերժական երկընտրանքը. ինչպե՞ս զարդարել տունը, որպեսզի այն չհիշեցնի մանկական հանդեսի դահլիճ կամ, հակառակը, ՏՏ ընկերության ստերիլ գրասենյակ։ Սկանդինավյան մինիմալիզմն արդեն հասցրել է ձանձրացնել, նեոնային փորձարկումները չափազանց թեթևամիտ են թվում, ուստի 2026–2027 թվականների սեզոնը բոլորովին այլ լուծում է առաջարկում։

Այս Ամանորի գլխավոր թրենդը նորաձևության տների ոճով դեկորն է, և ամենահամոզիչ օրինակն այստեղ Ralph Lauren-ն է։ Վանդականախշ, թավիշ, խորը գույներ, ջերմ մթնոլորտ և դետալներով հարուստ, անշտապ ձևավորում. տոնածառը դադարում է լինել հանգստյան օրերի հապճեպ զբաղմունք և վերածվում է իսկական ծեսի, որին կարելի է մեկ, նույնիսկ երկու երեկո տրամադրել։ Old Money-ի, քաղաքամերձ առանձնատան և ամերիկյան անթերի շיקի էսթետիկան կարծես իջած լինի Հեմփթոնսի կամ Ասպենի անշարժ գույքի կատալոգների էջերից։

 Մոռացեք մինիմալիզմի մասին. որքան շատ, այնքան լավ

 релка.jpg (125 KB)

Եթե սովոր եք տոնածառից ընդամենը երեք խաղալիք և բամբակի մեկ կոնցեպտուալ ճյուղ կախել, ապա ստիպված կլինեք վերանայել ձեր մոտեցումը։ Ռալֆ Լորենի ձեռագիրը շքեղ մաքսիմալիզմն է։ Ծառը պետք է լինի փարթամ ու բազմաշերտ՝ այնպես, որ զարդարանքների արանքից փշատերևները հազիվ երևան։ Բայց սա քաոս չէ. ամեն դետալ մանրակրկիտ մտածված է, իսկ տարբեր հյուսվածքները կարծես մրցում են միմյանց հետ շոշափելիության առումով։

Այս էսթետիկան շատ հստակ արմատներ ունի։ Բրոնքսում ծնված Ռալֆ Լորենը 1967 թվականին սկսեց Polo ապրանքանիշի փողկապներից և կես դարում մի ամբողջ տիեզերք ստեղծեց՝ որսորդական կալվածքներից մինչև կովբոյական ռանչոներ։ Նրա տունը միշտ այնպիսի տեսք է ունեցել, կարծես այնտեղ մի քանի սերունդ է ապրել, և տոնածառն էլ պետք է նույն տպավորությունը թողնի։ Սա այն ջերմ հարմարավետությունն է, որը խանութ կատարած մեկ այցով չես գնի. այն տարիներով է հավաքվում։

 Գունային ներկապնակ. «Արիստոկրատիա» կոդը

 релка1.jpg (140 KB)

Ոչ մի պլաստիկե վարդագույն, ճչացող կանաչ կամ դիսկոտեկային փայլուն արծաթագույն։ Միայն խորը, «թանկարժեք» երանգներ, որոնք հիշեցնում են փակ քաղաքամերձ ակումբներն ու մասնավոր գրադարանները.

Բուրգունդյան գինեգույն և հասած բալի երանգ։ Սա հիմքերի հիմքն է՝ հագեցած կարմիր, որն անմիջապես տրամադրություն է թելադրում։

Փշատերևի և մուգ շշի կանաչ։ Ձուլվում է ճյուղերին և տեսողական խորություն հաղորդում։

Հնեցված ոսկի և բրոնզ։ Միայն անփայլ, ազնվական մետաղ՝ ժամանակի թողած պատինայով, ինչպես տոհմական մոմակալների վրա։

Մուգ շոկոլադագույն և ծխախոտի երանգ։ Կաշվի, փայտի և հին գրքերի կազմերի գույները, որոնք հավասարակշռում են վառ շեշտադրումները։

Փայլազարդի փոխարեն՝ պոդիումային տեքստիլ

Ralph Lauren-ի ոճով տոնածառի գլխավոր գաղտնիքը փայլուն երիզների («անձրևների») և պլաստիկե փայլազարդերի իսպառ բացակայությունն է։ Դրանց փոխարինում է բարձր նորաձևության պոդիումներին արժանի տեքստիլը։

релка3.jpg (127 KB)

Թարթան։ Կարմիր-կանաչ շոտլանդական վանդականախշը բրենդի այցեքարտն է և Սուրբ ծննդյան ամենաբրիտանական խորհրդանիշներից մեկը։ Գնեք լայն կտորե ժապավեններ և ճյուղերի ծայրերին խոշոր, թեթևակի անփույթ ժապավենակապեր (բանտեր) կապեք։ Ծավալ հաղորդելու համար համադրեք տարբեր չափսերի երկու-երեք վանդականախշ, ինչպես անում են բրենդի ինտերիերներում։

релка5.jpg (107 KB)

Ծանր թավիշ։ Վերևից ներքև իջնող բորդո և զմրուխտե ժապավենները տոնածառին արքայական վեհություն են հաղորդում։ Ընտրեք խիտ խավ ունեցող կտոր. լույսի տակ այն փայլում է երեկոյան պիջակի պես։

Թվիդ և Fair Isle։ «Եղևնաձև» նախշով թվիդե նեղ շերտերն ու սվիտերներից ծանոթ գործած նախշերը ծառը նմանեցնում են որսորդական տան զգեստապահարանի։ Հին շարֆը կամ ծածկոցի կտորը նույնպես գործի կանցնեն։

релка4.jpg (112 KB)

Կաշվե քուղեր։ Մետաղական կեռիկների փոխարեն օգտագործեք շագանակագույն կաշվից բարակ թելեր։ Սա նրբագեղ շտրիխ է՝ ձիասպորտի և թամբագործական արհեստանոցների ոգով։

Պատմություն ունեցող խաղալիքներ՝ արջուկներ, ժոկեյներ և վինտաժ

«Լուռ շքեղության» ոճով տոնածառը չի հանդուրժում միանման հավաքածուներ։ Տպավորությունն այնպիսին պետք է լինի, կարծես զարդարանքները հավաքել են ընտանիքի երեք սերունդները՝ դրանք բերելով եվրոպական ճամփորդություններից։

 релка6.jpg (168 KB)

Polo Bear։ Գլխավոր այցեքարտը Ralph Lauren-ի թավշյա արջուկն է, որն առաջին անգամ հայտնվել է 1991 թվականին։ Նրան հագցնում են գործած սվիտերներ, սմոքինգներ, վերարկուներ ու զինանշաններով սվիթշոթներ, իսկ կոլեկցիոներները ամենամյա թողարկումների հետևից ընկնում են այնպես, ինչպես վինտաժային պայուսակների։ Ճյուղերի արանքում տեղավորված մեկ-երկու արջուկն առաջին իսկ հայացքից կմատնեն տանտիրոջ բարձր ճաշակը։

Ձիասպորտի էսթետիկա։ Լորենը պաշտում է ձիարշավներն ու ակումբային Անգլիան։ Փոքրիկ ձիուկներ, որսորդական շեփորներ, լծասարքի տարրեր, ապակե ժոկեյական երկարաճիտ կոշիկներ և հաջողություն բերող բրոնզե պայտեր։

Վինտաժային ապակի։ Ձեռքի աշխատանք հանդիսացող խոշոր գնդեր, նկարազարդ ֆիգուրներ, սառցալեզվակներ և թեթևակի մաշվածությամբ ռելիեֆային կախազարդեր։ Եթե իսկական նմուշներ եք փնտրում, կողմնորոշվեք Լաուշայից բերված գերմանական հին ապակե խաղալիքներով. հենց այնտեղ են XIX դարում ստեղծել տոնածառի առաջին ապակե խաղալիքը։ Հնաոճ իրերի տոնավաճառներն ու անտիկվար խանութներն այս հարցում լավագույն վայրերն են։

Բնական դետալներ։ Նարնջի չորացրած շերտեր, դարչինի ձողիկներ, կոներ, գիհու ճյուղեր և փասիանի փետուրներ։ Դրանք անուշ բույր են հաղորդում և բացատրում, թե ինչու է նման տոնածառից տան, այլ ոչ թե խանութի հոտ գալիս։

Եզրափակիչ շտրիխներ. լուսավորություն և հիմք

Որպեսզի կախարդանքն ամբողջական լինի, տոնածառը պետք է ճիշտ լուսավորել։ Ոչ մի գույնզգույն թարթող լույս. միայն տաք սպիտակ կամ սաթե լուսավորություն, որը հիշեցնում է մոմերի լույսը, ինչով զարդարում էին ծառերը մինչև էլեկտրականության ի հայտ գալը։ Լույսերի շղթաները պետք է շատ լինեն։ Տեղադրեք դրանք խորքում՝ բնին ավելի մոտ, որպեսզի ծառը լուսավորվի ներսից, իսկ թավիշն ու ոսկին մեղմորեն առկայծեն։

релка2.jpg (60 KB)

Տոնածառի հիմքին էլ նույնքան մանրակրկիտ մոտեցեք։ Պլաստիկե տակդիրը փաթաթեք բրդյա ծածկոցով (բնականաբար՝ վանդավոր) կամ ծառը տեղադրեք հյուսած զամբյուղի հին պղնձե դույլի մեջ։ Շուրջը դասավորեք նվերները՝ փաթեթավորված գինեգույն երանգների հաստ անփայլ կամ քրաֆթ թղթով և զարդարված թաֆթայից ու թավշից կապված անթերի ժապավեններով։ Կողքին սովորական գուլպաների փոխարեն տեղին կլինեն բրդյա գուլպաները և, իհարկե, բուխարին, նույնիսկ եթե իրական կրակին փոխարինի արույրե մոմակալի մեջ դրված մոմը։



© NEWS.am STYLE