16:01 18 նոյեմբերի, 202624-ամյա դասական դաշնակահար և մոդել Լիլիթ Պողոսյանը Հրազդան քաղաքից է: Նա 6 տարեկանից անցել է ստեղծագործական զարգացման բազմակողմանի ճանապարհ՝ դաշնամուրի, կիթառի, երգի, պարի, ջութակի և նկարչության խմբակներ, թատերական բեմականացումներ, համերգներ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կազմում` Հայաստանում, Եվրոպայում։ Զբաղվել է նաև սպորտով՝ 5 տարեկանից հաճախելով շախմատի խմբակ, ունի "DOCANDO" կարատեի կապույտ գոտի, զբաղվել է նաև լողով, մասնակցել տարբեր հեծանվային մրցաշարերի։
Լիլիթը 15 տարեկանից նկարահանվում է ֆիլմերում, գովազդներում։ Նկարահանվել է «ԱՐՓԱ» միջազգային կինոփառատոնին «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում նոմինացված «ԵՐԱԶ» գեղարվեստական ֆիլմում՝ որպես գլխավոր հերոսուհի, «Վազգեն․ վերջին սպարապետը» ֆիլմում, «Դասամիջոց» սերիալում և մի շարք այլ նախագծերում։ Լիլիթը զուգահեռ սովորում է նաև «Արթուր Գրիգորյանի երգի ակադեմիայում», պարում է «Նինահար» պարային համույթում և աշխատում Հրազդանի Երվանդ Քոչարի անվան մանկական արվեստի դպրոցում՝ որպես նվագակցող և դաշնամուրի դասատու։
Երիտասարդ աղջկա բազմազբաղ առօրյայում անփոխարինելի տեղ ունեն դաշնամուրն ու արվեստը։ Նա 6 տարեկանից հաճախել է դաշնամուրի խմբակ Հրազդանում, որպես դաշնակահար՝ մասնագիտական կրթությունը շարունակել Չայկովսկու անվան ՄՄԵԴ-ում, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Նա կատարողական արվեստի մագիստրոս է և շարունակում է հետբուհական կրթությունը ԵՊԿ-ի «Կատարողական և ստեղծագործական բարձրագույն վարպետության լրացուցիչ կրթություն» բաժնում` դոցենտ Աննա Խաչատրյանի դասարանում, ում մասնագիտական հարուստ փորձն ու բարձր կատարողական մշակույթը կարևոր նշանակություն ունեն Լիլիթի ստեղծագործական անհատականության ձևավորման և մասնագիտական զարգացման գործում։
Նա մասնակցել է տարբեր համերգների, հանրապետական, միջազգային մրցույթների, փառատոների և, միշտ փայլելով իր տաղանդով ու կատարողական ինքնատիպությամբ, ունեցել բազմաթիվ հաջողություններ և ձեռքբերումներ։ Սակայն 2025-2026 թվականները երիտասարդ երաժշտի կյանքում բեկումնային եղան, քանի որ նրա կատարումները բարձր գնահատանքի արժանացան միջազգային ժյուրիի մեծ անձնակազմի կողմից:
Լիլիթը 2025 թվականին մասնակցելով Լոնդոնում անցկացվող Golden Time Talent միջազգային հեղինակավոր օնլայն մրցույթի 73-րդ սեզոնին՝ արժանացել է պատվավոր առաջին մրցանակի (94.5 միավոր) և հրավեր ստացել մասնակցելու տարեվերջյան Grand Final V-ին, որն անցկացվելու էր տարվա բոլոր սեզոնների լավագույն մասնակիցների միջև՝ աշխարհի շուրջ 35 երկրից։
Այս անգամ բոլոր կատեգորիաների և տարիքային խմբերի մասնակիցների մեջ հավաքելով ամենաբարձր միավորները՝ 99,8/100 , ճանաչվել է Grand Final-ի միանձնյա հաղթող և գործիքային կատարում անվանակարգում ստացել Grand Prix ու 2026 թվականի հունիսի 24-28-ը Լոնդոնում անցկացվող հեղինակավոր միջազգային մրցույթ-փառատոնին անվճար մասնակցության հրավեր։ Մեկնելով Մեծ Բրիտանիա՝ հունիսի 27-ին Լիլիթը մասնակցել է Լոնդոնի Թագավորական Երաժշտական Ակադեմիայի դահլիճում անցկացվող Աշխարհի տաղանդներ VI միջազգային մրցույթին և կրկին փայլել իր տաղանդով ու կատարողական հմտություններով, և դաշնամուրային անվանակարգում հավաքելով ամենաբարձր միավորները (100/100)՝ արժանացել գլխավոր մրցանակի՝ GRAND PRIX-ի։
Հունիսի 28-ին THE SHAW THEATRE-ում տեղի ունեցած մեծ մրցանակաբաշխությունում հրազդանցի դաշնակահարը արժանապատվորեն և հաղթանակած ծածանել է հայկական դրոշը՝ արդյունքում ստանալով առաջարկ դառնալու GLOBAL TALENT կոնֆեդերացիայի անդամ։ Լիլիթի մասին տպագրվել է WORLD TALENT AWARD ամսագրում, իսկ կատարումները զետեղված են պաշտոնական կայքերում և տարբեր օնլայն հարթակներում։
Սակայն Լիլիթի հաջողություններն այսքանով չեն սահմանափակվել։ Մասնակցելով «Nouvelles etoiles» ֆրանսիական միջազգային մրցույթին՝ ստացել է երկրորդ կարգի մրցանակ և հրավիրվել Ֆրանսիա։ Մեկնելով Ֆրանսիա՝ ամառային ակադեմիա, դաշնակահարը մասնակցել է տարբեր վարպետության դասերի և համերգների՝ Փարիզի Ռախմանինովի անվան կոնսերվատորիայում և Նորմանդիայում։
Առջևում Լիլիթին սպասվում է ևս մեկ կարևոր իրադարձություն: Լինելով BALKAN THALBERG PIANO միջազգային մրցույթի դափնեկիրներից մեկը՝ նա ընտրվել է մասնակցելու նոյեմբերի 20-ին Ավստրիայում կայանալիք ԳԱԼԱ համերգին, որին մասնակցելու են երիտասարդ տաղանդավոր դաշնակահարներ ամբողջաշխարհից։
Համերգը տեղի կունենա Վիեննայի հեղինակավոր Mozarthaus-ում՝ Մոցարտի տուն-թանգարան։ Այժմ Լիլիթը պատրաստվում է մեկնել և նշում է, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը այնտեղ, որտեղ ապրել, ստեղծագործել և ելույթ է ունեցել աշխարհահռչակ կոմպոզիտոր և դաշնակահար Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը։
Միջազգային մրցույթները թեև ֆինանսական որոշակի դժվարություններ են ստեղծել, բայց այդ ամենը չի խանգարել երիտասարդ դաշնակահարին գնալ նպատակին ընդառաջ և հաղթել: Այս հարցում նրա կողքին են եղել ընտանիքը, ընկերներն ու Լիլիթին ճանաչողները:
Այս ամենին զուգահեռ տաղանդավոր հայուհին հասցրել է մասնակցել տարբեր գեղեցկության մրցույթների, որոնցից նշանակալին «Armenian Beauty 2026» մրցույթն է, որտեղ նա արժանացել է II Vice Miss World Armenia 2026 տիտղոսին։ Լիլիթն ասում է, որ ինքն ուզում է դառնալ այն երիտասարդ դաշնակահարներից մեկը, որը դասական երաժշտությունը կհնչեցնի միջազգային բեմերում: