19:50 18 նոյեմբերի, 2026Ազգային հիշողության մասնիկը դարձած անձանց պատմությունները վաղ թե ուշ դուրս են գալիս դասագրքերի էջերի ու արխիվային լուսանկարների սահմաններից։ Այժմ դրանց անդրադառնում է նաև հայկական կինեմատոգրաֆըիան։ Նոյեմբերի 25-ին մեծ էկրան կբարձրանա Genetic Production-ի նկարահանած «Մոնթե» գեղարվեստական ֆիլմը։ Հեղինակները խոստանում են ցույց տալ ոչ միայն լեգենդար հրամանատարին, այլև մի մարդու, որի պատմությունը սկսվել է Արցախյան պատերազմից շատ առաջ։ Երևանի Ani Grand հյուրանոցում կայացած ասուլիսի ժամանակ ստեղծագործական թիմը ներկայացրել է կինոնկարի պաշտոնական պաստառն ու պատմել նկարահանումների բարդ ընթացքի, պատմական հավաստիության ապահովմանն ուղղված աշխատանքների և դերասանական կերպարանափոխությունների մասին։

Genetic Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր Նոնա Սարգսյանի մոտ այս նախագծի գաղափարը ծնվել էր դեռ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի աշխատանքների ընթացքում։ «Տարիներ առաջ, երբ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումների համար հիմնադրվեց Genetic Production-ը, արդեն այդ ժամանակ որոշվել էր, որ մեր երկրորդ ֆիլմը նվիրված է լինելու Մոնթե Մելքոնյանին», — պատմել է Սարգսյանը։
Կինոնկարի գլխավոր առանձնահատկություններից մեկը Մոնթե Մելքոնյանի մասին ընդունված պատկերացումների սահմաններից դուրս գալու փորձն է։ Հանդիսատեսը կտեսնի նրա անցած ուղին՝ Միացյալ Նահանգներում անցկացրած մանկությունից մինչև կյանքի վերջին օրերը, կծանոթանա նրա ազգային ինքնության ձևավորման ընթացքին և կբացահայտի հերոսի կենսագրության գիտական կողմը։
«Ինչ վերաբերում է այս ֆիլմին, ապա այստեղ դուք կտեսնեք նաև Մոնթե մարդուն։ Կտեսնեք նրան այնպիսին, ինչպիսին շատերը, թերևս, նույնիսկ չեն էլ ճանաչել», — ընդգծել է պրոդյուսերը։ Մասնավորապես, ֆիլմում ներկայացվելու է երկրաբանի, հնագետի և հետազոտողի նրա գործունեությունը։ «Մոնթե Մելքոնյանը ոչ միայն մարտիկ էր ու հայրենասեր, այլև մտավորական, գիտության մարդ։ Նրա անհատականության այս կողմը նույնպես արտացոլվել է կինոնկարում», — հայտնել է Սարգսյանը։
Միևնույն ժամանակ պատմական որոշ դրվագներ ֆիլմի հեղինակները գիտակցաբար թողել են սյուժեի շրջանակներից դուրս։ Խոսքը, մասնավորապես, ASALA-ի հետ Մոնթեի ունեցած կապերի մասին է։ Այս որոշումը կայացվել է Սեդա Մելքոնյանի հետ համատեղ։
«Մենք որոշեցինք չանդրադառնալ այն հարցերին, որոնց վերաբերյալ միանշանակ պատասխաններ չունենք։ Ավելին՝ սա այն թեմաներից է, որի մասին, ինչպես ինձ է թվում, ինքը՝ Մոնթե Մելքոնյանն էլ չէր ցանկանա, որ խոսեինք»։
Genetic Production-ը սկզբունքային դիրքորոշում ունի նաև ազգային հերոսների կերպարների ներկայացման հարցում. «Մեր հերոսները պետք է ներկայացվեն որպես հերոսներ։ Մենք պետք է հաջորդ սերունդներին իդեալներ փոխանցենք, այլ ոչ թե ցույց տանք կերպարներին՝ իրենց բոլոր թերություններով ու թուլություններով հանդերձ»։
Ստեղծագործական գործընթացի կարևորագույն մասնակիցներից մեկը Մոնթեի կինն է՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանը, որը ռեժիսոր Սուրեն Սաֆարյանի հետ հանդես է եկել որպես սցենարի համահեղինակ։ Աշխատանքի համար հիմք են ծառայել Մելքոնյանի նամակները, անձնական գրառումները, արխիվային նյութերն ու ինքնակենսագրականի հատվածները։
«Տիկին Սեդան մեզ համար յուրօրինակ ուղեցույց էր աշխատանքի բոլոր փուլերում։ Երբ արդեն պատրաստ էր սցենարի կառուցվածքի նախնական տարբերակը, մենք սկսեցինք այն գրել միասին», — պատմել է Սաֆարյանը։ Ռեժիսորը նշել է, որ Սեդան օգնել է թիմին գլուխ հանել նույնիսկ հոգեբանական ամենանուրբ շերտերից՝ նկարահանող խմբի համար դառնալով «և՛ մտերիմ ընկեր, և՛ իսկական համահեղինակ»։

Ընդ որում, Սեդայի մասնակցությունը չի սահմանափակել բեմադրիչի հեղինակային հայացքը։ Ինքը՝ Սաֆարյանը, շեշտում է, որ բոլոր փուլերում թիմն առաջնորդվել է ազնվության սկզբունքով, այդ թվում՝ պատմական վկայությունների հետ աշխատելիս։ «Որպես սկզբնաղբյուր մենք լեգենդներ չենք օգտագործել», — հավելել է ռեժիսորը։
Էկրանին Մոնթե Մելքոնյանին մարմնավորել է Վլադիմիր Մսրյանը, նրա կնոջ՝ Սեդայի դերը կերտել է Հռիփսիմե Նահապետյանը, իսկ Վազգեն Սարգսյանի կերպարին կրկին վերադարձել է Խորեն Լևոնյանը։ Ռեժիսորի խոսքով՝ դերասաններն ընտրվել են բաց քասթինգի և տեսափորձերի միջոցով՝ առանց ծանոթներին կամ արդեն հայտնի արտիստներին նախապատվություն տալու։
Գլխավոր դերում Վլադիմիր Մսրյանի հաստատվելու պատմությունը գրեթե կինեմատոգրաֆիական է ստացվել. դերասանը փորձերին ներկայացել է թատերական ներկայացումից անմիջապես հետո՝ իր հետ բերելով թատրոնում գտած զինվորական համազգեստը։
«Երբ առաջարկը ստացա, այնքան ցնցված էի, որ նույնիսկ չէի կարողանում հավատալ բախտիս։ Պատկերացրեք՝ ինչ է նշանակում հայի, հայ դերասանի համար նման դեր ստանալը։ Սա ահռելի պատասխանատվություն է», — կիսվել է Մսրյանը։
Դերին պատրաստվելու համար պահանջվել է ուսումնասիրել Մելքոնյանի արխիվային տեսագրությունները, ձայնն ու խոսելաոճը։ Սակայն արտիստի համար ամենակարևորը նրա աշխարհայացքի մեջ խորասուզվելն էր։
«Կարծում եմ՝ նման առաջարկ դերասանին կյանքում գուցե միայն մեկ անգամ է բաժին հասնում։ Կամ գուցե ընդհանրապես չի էլ հասնում», — խոստովանել է Մսրյանը։ Անդրադառնալով ֆիլմի նշանակությանը՝ դերասանն այն համարել է մշակույթի միջոցով ազգային արժանապատվության ու արժեքների վերականգնմանն ուղղված աշխատանքի մի մաս։ Նրա համոզմամբ՝ Մոնթեի պատմությանը ծանոթանալը կարող է փոխել հայրենասիրության և սեփական ինքնության մասին հանդիսատեսի պատկերացումները։

Հռիփսիմե Նահապետյանի համար Սեդայի դերը նաև լեզվական փորձություն է դարձել։ Մինչ նկարահանումները դերասանուհին երբեք արևմտահայերեն չէր խոսել, ուստի նախապատրաստական փուլը սկսվել է Սեդա Մելքոնյանի հարցազրույցների և տեսագրությունների ուսումնասիրությունից։ Աստիճանաբար հերոսի կնոջ հայտնի կերպարի հետևում Նահապետյանը բացահայտել է արդարության սուր զգացումով և հայրենիքի հանդեպ խորը սիրով օժտված մարդու։ «Ինձ թվում է՝ այսօր մեզ հենց այսպիսի հայերն են շատ պակասում», — նշել է դերասանուհին։
Նրա համար առանձնապես հետաքրքիր է եղել Սեդայի և Մոնթեի հարաբերությունների վերաիմաստավորումը՝ որպես մի կնոջ, որն իր կյանքը կիսել է նման մեծության տեր մարդու հետ։ «Սեդան հերոսի կին է։ Եվ ես մինչև հիմա ինքս ինձ հարց եմ տալիս՝ կկարողանայի՞ արդյոք նման մարդու կողքին լինել նույնքան արժանապատիվ կին»։
Ֆիլմի ստեղծման աշխատանքներն ուղեկցվել են արտադրական լուրջ դժվարություններով։ Մասնավորապես, նկարահանող խումբը ստիպված է եղել ինքնուրույն փնտրել և պատրաստել ռազմական ռեկվիզիտի մի մասը՝ համազգեստից ու կոշիկներից մինչև նկարահանումների համար անհրաժեշտ զենքի որոշ նմուշներ։ Չնայած խոչընդոտներին՝ նախագիծը հաջողվել է ավարտին հասցնել։ Նոնա Սարգսյանը խոստովանել է, որ իր համար այս աշխատանքն առանձնահատուկ հպարտության առիթ է դարձել։
«Ինձ հաճախ են հարցնում, թե ընդհանրապես ինչու եմ զբաղվում այս ամենով, երբ մշտապես խնդիրներ են ծագում, երբ երբեք չգիտես՝ կստացվի՞ մտածածդ և կհաջողվի՞ արդյոք ամեն ինչ ավարտին հասցնել։ Ես միշտ պատասխանում եմ, որ այս հարցում, թերևս, մի փոքր էգոիստ եմ։ Ուզում եմ, որ մի օր երեխաս կարողանա ինձ հպարտությամբ նայել։ Որպեսզի տեսնեմ նրա վառվող աչքերն ու հասկանամ, որ մենք, այնուամենայնիվ, արեցինք դա»։
Genetic Production-ն արդեն իսկ հաջորդ կինոնախագծի հետ կապված ծրագրեր ունի։ Նոր հերոսի անունը դեռ չի բացահայտվում, սակայն Նոնա Սարգսյանը հաստատել է, որ թիմը շարունակելու է ներկայացնել հայ նշանավոր գործիչների պատմությունները։ «Դա կրկին լինելու է մի մեծ հայի պատմություն։ Կարծում եմ՝ երկու տարի անց մենք անպայման նորից կհանդիպենք»։
Նոյեմբերի 25-ին հանդիսատեսն այս պատմությունը կկարողանա տեսնել արդեն ոչ թե կենսագրական գրքերի էջերում ու արխիվային լուսանկարներում, այլ մեծ էկրանին։ Genetic Production-ի ֆիլմն առաջարկում է նորովի բացահայտել Մոնթե Մելքոնյանին՝ ոչ միայն որպես մի մարդու, որի անունը դարձել է հայոց պատմության մի մասնիկը, այլև որպես անհատականության, որի համոզմունքները, արարքներն ու անցած ուղին տասնամյակներ անց էլ շարունակում են հետաքրքրություն առաջացնել։
Բեմադրող օպերատորն է Սուրեն Թադեւոսյանը, կոմպոզիտորը Մարտին Միրզոյանն է, նկարիչներ՝ Մաքսիմ Հակոբյան և Տիգրան Սարգսյան։ Ֆիլմի գծային պրոդյուսերն է Նարեկ Սողոյանը, պաստառի հեղինակը՝ Արվին Քոչարյանը։ Տնօրեն՝ Արման Մելքոնյան, քասթինգի տնօրեն՝ Տաթև Կետիկյան, հագուստի նկարիչ՝ Լուսինե Խաչատրյան, գրիմի նկարիչ՝ Դիանա Աղաջանյան, մոնտաժի ռեժիսոր՝ Արմեն Բաղինյան, հնչյունային ռեժիսոր՝ Հարություն Մանգասարյան։ Ֆիլմի մեդիա պատասխանատու՝ Արմինե Բրսոյան։