10:30 19 նոյեմբերի, 2026Իլոն Մասկի նախկին սիրելին՝ երգչուհի Գրայմսը, քննադատել է նրան արհեստական բանականության միջոցով ստեղծված վիրտուալ կանանց նկատմամբ հետաքրքրության համար։ Հրապարակային բանավեճի առիթ է դարձել Կլաուդիա անունով արհեստական բանականությամբ ստեղծված ինֆլուենսերի մասնակցությամբ տեսանյութը, որը 55-ամյա միլիարդատերը հրապարակել էր X սոցիալական ցանցում։
Tesla-ի ղեկավարը հրապարակել էր թվային կերպարի մասնակցությամբ տեսանյութը՝ այն ուղեկցելով հետևյալ մեկնաբանությամբ. «Գերբանականությունը կկոտրի ձեր լիմբիկ համակարգի պաշտպանությունը»։
Սակայն 38-ամյա Գրայմսը, որի իսկական անունն է Քլեր Բուշե, այնքան էլ ոգևորված չէր իր նախկին զուգընկերոջ պահվածքով։
«Կեղծ կանանցով այս տարվածությունը սեփական խնդիրները փոխհատուցելու փորձ է հիշեցնում։ Ես Կլաուդիայի երկրպագուն եմ, բայց նա Birkin-ի հետ պայմանագիր չունի և, առհասարակ, կին չէ։ Նա այլմոլորակային էակ է, որն օժտված է միաժամանակ և՛ շնորհով, և՛ իր նախնիների բոլոր սերունդների հիշողությամբ անիծված լինելու բեռով։ Այնպիսի տեսակի սեռականացումը, որի ներկայացուցիչներն ի վիճակի չեն սեռական հարաբերություններ ունենալ, այն ամենի բարձրագույն դրսևորումն է, ինչ Նիցշեն անվանում էր «վերջին մարդ»։ Մենք կարող ենք «դրան» չվերապահել սեռական ստրկուհու դեր»,– հայտարարել է Գրայմսը։
Մասկը նախկին սիրելիի քննադատությունն անպատասխան չի թողել։ Նա դիմել է նրան՝ ասելով.«Ընդունիր սպիտակ հաբը», ապա հրապարակել գրեթե չորս րոպե տևողությամբ տեսանյութ, որում Կլաուդիան կատարում է WHITEPILL երգը՝ արհեստական բանականության՝ մարդկանց կյանքը բարելավելու հնարավորությունների մասին։
Սակայն նրանց միջև բանավեճն այսքանով չի ավարտվել։ Պատասխանելով X-ի այն օգտատիրոջը, որը նկատել էր, թե տղամարդկանց մեծ մասը չի կարդացել Նիցշեին և ապրում է քարանձավաբնակների պես, Գրայմսն անսպասելիորեն պաշտպանել է Մասկի մտավոր կարողությունները։
«Իլոնը կարդացել է Նիցշեին»,– գրել է նա՝ իր նախկին զուգընկերոջն անվանելով «չընտրված թագավոր»։
Երգչուհու կարծիքով՝ միլիարդատերը կարող էր պատասխանատվություն ստանձնել հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունների համար և ավելի նշանակալի հասարակական դեր ունենալ, սակայն ինչ-ինչ պատճառներով նախընտրում է դա չանել։
Մեկ այլ հրապարակման մեջ Գրայմսը Մասկին կոչ է արել «ավելի լավը լինել» և «վեր կանգնել այս ամենից»։ Նա նաև հայտարարել է, որ Մասկը պետք է դառնա «այն թագավորը, որի մասին բոլորս երազում ենք», և վերադառնա իր նախկին կերպարին։
«Եթե նա մեծահոգություն ցուցաբերեր և պատասխանատվություն ստանձներ, ապա կարող էր կրկին արժանանալ Երկնքի մանդատին, որը ներկայումս կորցրել է»,– գրել է Գրայմսը՝ օգտագործելով չինական քաղաքական փիլիսոփայության հասկացություններից մեկը, որը նշանակում է կառավարչի իշխանության իրավունքը։
Մասկի պատասխանը կարճ է եղել. «Ես չեմ ցանկանում թագավոր լինել, իսկ Starship-ն ունի Երկնքի մանդատը»։
Գրայմսն ու Իլոն Մասկը հարաբերությունների մեջ են եղել 2018-2021 թվականներին։ Նախկին զույգն ունի երեք ընդհանուր երեխա։