12:31 19 նոյեմբերի, 202657-ամյա Մրայա Քերին անհանգստացրել է երկրպագուներին Սան Պաուլոյում կայացած համերգից հետո։ Հանդիսատեսի ուշադրությունը գրավել են երգչուհու անսովոր կաշկանդված շարժումները․ նրա հայտնի Fantasy երգի կատարման ընթացքում պարողները ստիպված են եղել օգնել նրան։ Սոցիալական ցանցերի օգտատերերը կոչ են արել աստղին հոգ տանել առողջության մասին և նույնիսկ մտածել համերգային գործունեությունն ավարտելու մասին։
Նոյեմբերի 17-ին Nubank Parque մարզադաշտում կայացած համերգի տեսանյութերը կարճ ժամանակում լայն տարածում են գտել համացանցում։ Սա Christmas Time ամանորյա համերգային շրջագայության առաջին համերգն էր Հարավային Ամերիկայում։
View this post on Instagram
Fantasy երգը կատարելիս Քերին բեմ է դուրս եկել տպավորիչ ոսկեգույն՝ փայլազարդերով պատված զգեստով։ Սակայն հանդիսատեսի ուշադրությունը գրավել է ոչ թե երգչուհու հագուստը, այլ նրա շարժումները։ Երգչուհին գրեթե ինքնուրույն չէր շարժվում, իսկ երբ փորձել է մոտենալ բեմի կենտրոնին, պարողներից մեկը ստիպված է եղել օգնել նրան։
Ավելի ուշ չորս պարող շրջապատել են Քերիին և աջակցել նրան՝ օգնելով կատարել պարային շարժումները, այդ թվում՝ հետ թեքվել և ոտքը բարձրացնել։ Հանդիսատեսը նկատել է, որ երգչուհին բավական կաշկանդված է շարժվում, ինչը նոր հարցեր է առաջացրել նրա ինքնազգացողության վերաբերյալ։
«Ի՞նչ է կատարվում նրա հետ։ Նա բոլորովին անշարժ ու անկենդան տեսք ունի։ Ո՞ւր է կորել իմ սիրելի երգչուհին»,– գրել է օգտատերերից մեկը։
Մեկնաբաններից ոմանք նրա ելույթը համեմատել են մեխանիկական տիկնիկի շարժումների հետ և հորդորել երգչուհուն դադար վերցնել։
«Հանգստացիր կամ հեռացիր բեմից»,-խորհուրդ են տվել Քերիին երկրպագուները։
Որոշ օգտատերեր նաև կասկածի տակ են դրել այն հանգամանքը, թե արդյոք երգչուհին կենդանի կատարմամբ է ներկայացրել երգը՝ ենթադրելով, որ նա օգտվել է ֆոնոգրամայից։ Այդուհանդերձ, այս ենթադրությունները պաշտոնական հաստատում չեն ստացել։
Անհանգստության լրացուցիչ առիթ են դարձել նաև մի քանի օր առաջ Բրազիլիայում երգչուհու հյուրանոցի մոտ արված տեսագրությունները։ Կադրերում Քերին՝ ոսկեգույն կարճ զգեստով և բարձրակրունկ երկարաճիտ կոշիկներով, մոտենում է իրեն սպասող երկրպագուներին՝ հենվելով օգնականուհու ձեռքին։ Չնայած զգուշավոր քայլվածքին՝ երգչուհին ժպտում էր, զրուցում երկրպագուների հետ, ինքնագրեր բաժանում և լուսանկարվում նրանց հետ։
Տեսանյութերի տարածումից հետո որոշ օգտատերեր ենթադրել են, որ երգչուհին ցավեր ունի կամ տեղաշարժվելու հետ կապված խնդիրներ է զգում։ Մյուսները, հակառակը, հորդորել են շտապ եզրակացություններ չանել՝ նշելով, որ նա բարձրակրունկ կոշիկներով էր, իսկ անձրևի պատճառով ճանապարհը կարող էր սայթաքուն լինել։
Չնայած բեմական շարժումների վերաբերյալ քննադատությանը՝ ելույթը նաև դրական արձագանքների է արժանացել։ Երկրպագուները բարձր են գնահատել Քերիի վոկալային տվյալները, իսկ նրա ամենահայտնի հիթերի, այդ թվում՝ Fantasy և We Belong Together երգերի կատարումները բուռն արձագանք են առաջացրել հանդիսատեսի շրջանում։