Բրիտանական կառավարությունը ծաղրել է նոր Ջեյմս Բոնդին

13:06   19 նոյեմբերի, 2026

Նույնիսկ Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն կարողացել զերծ մնալ Ռոբերտ Պատինսոնի հասցեին կատակելուց, որին վերջերս պաշտոնապես հայտարարել են Ջեյմս Բոնդի դերի նոր դերակատար։ Բրիտանական կառավարությունը հումորով է արձագանքել դերասանի անսպասելի նշանակմանը՝ երիտասարդների զբաղվածության ծրագրին նվիրված հրապարակման մեջ կատակելով, թե աստղը պատրաստվում է դիմել միանգամից 90 հազար թափուր աշխատատեղի համար։

Այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ 40-ամյա Պատինսոնը մարմնավորելու է 007 գործակալին, սոցիալական ցանցերը ողողվեցին նրա անհավանական պահանջվածության մասին կատակներով։ Օգտատերերը հեգնում են, որ դերասանը, կարծես, մտադիր է զբաղեցնել Հոլիվուդում և դրանից դուրս առկա բոլոր թափուր աշխատատեղերը։

Բրիտանական կառավարությունն էլ որոշել է միանալ համացանցային հումորային ալիքին։ Գերատեսչության Instagram-ի պաշտոնական էջում հրապարակում է հայտնվել՝ նվիրված երիտասարդների զբաղվածության աջակցության նոր ծրագրին։ Նախաձեռնությունը նախատեսում է Մեծ Բրիտանիայի երիտասարդների համար 90 հազար աշխատատեղի ստեղծում։

Սակայն սովորական պաշտոնական պատկերազարդման փոխարեն իշխանություններն օգտագործել են Ջեյմս Բոնդի կերպարով Պատինսոնի լուսանկարը։

«Շտապ լուր․ Ռոբերտ Պատինսոնը դիմելու է երիտասարդների զբաղվածության ծրագրի շրջանակում ստեղծված բոլոր 90 հազար աշխատատեղերի համար»,-ասվում էր հրապարակման գրառման մեջ։

Կատակն անմիջապես միացել է բազմաթիվ մեմերին, որոնցում հեգնում են, թե Պատինսոնը, կարծես, պատրաստ է մարմնավորել բացարձակապես ցանկացած կերպար և զբաղեցնել ցանկացած աշխատատեղ։

«Արհեստական բանականությունն ինձ աշխատանքից չի զրկի։ Դա կանի Ռոբերտ Պատինսոնը»,-ասվում է տարածված կատակներից մեկում։

«Եթե դեռ աշխատանք ունեք, ուրեմն Ռոբերտ Պատինսոնը պարզապես դեռ չի ցանկացել այն զբաղեցնել»,- հեգնում են մյուս օգտատերերը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Amazon MGM Studios-ը պաշտոնապես հայտարարել է Ռոբերտ Պատինսոնին Ջեյմս Բոնդի նոր դերակատար ընտրելու մասին։ Նա կփոխարինի Դենիել Քրեյգին, որը հայտնի բրիտանացի լրտեսին մարմնավորել է ֆրանշիզայի հինգ ֆիլմերում։

007 գործակալի մասին հաջորդ ֆիլմի ռեժիսորը կլինի «Դյունա» և «Բլեյդ Ռաններ 2049» ֆիլմերով հայտնի Դենի Վիլնյովը։ Սցենարի հեղինակը «Սուր հովարներ» հեռուստասերիալի ստեղծող Սթիվեն Նայթն է։

Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը նույնպես շնորհավորել է դերասանին նոր դերում նշանակվելու կապակցությամբ՝ ողջունելով նրան «Նորին Մեծության գաղտնի ծառայությունում»։



© NEWS.am STYLE