Սարդ-մարդը կմարմնավորի ChatGPT-ի ստեղծողին․ Սեմ Ալթմանը խոստովանել է, որ իր կյանքն առանց այդ էլ չափազանց տարօրինակ է

14:14   19 նոյեմբերի, 2026

OpenAI-ի գլխավոր տնօրեն Սեմ Ալթմանը հանգիստ է վերաբերվում այն փաստին, որ առաջիկա ֆիլմում, որը պատմում է ընկերության ստեղծման և Սիլիկոնյան հովտի կուլիսային հակասությունների մասին, իրեն մարմնավորելու է հոլիվուդյան աստղ Էնդրյու Գարֆիլդը։ Միլիարդատիրոջ խոսքով՝ վերջին տարիներին իր կյանքում այնքան արտասովոր իրադարձություններ են տեղի ունեցել, որ սեփական էկրանային կերպարի հայտնվելն այլևս առանձնապես զարմանալի չի թվում։

Այս մասին 40-ամյա Ալթմանը պատմել է The New York Times-ի կազմակերպած DealBook գագաթնաժողովի ընթացքում։

Artificial («Արհեստական») ֆիլմում «Սարդ-մարդու» դերով հայտնի Գարֆիլդը մարմնավորում է OpenAI-ի ղեկավարին։ Ֆիլմը պատմում է ընկերության արագ վերելքի, ChatGPT-ի գործարկման և 2023 թվականի նոյեմբերին տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունների մասին, երբ տնօրենների խորհուրդն անսպասելիորեն պաշտոնանկ արեց Ալթմանին, սակայն ընդամենը մի քանի օր անց նա վերադարձավ գլխավոր տնօրենի պաշտոնին։

«Եթե 20 տարի առաջ ինձ ասեին, որ մի օր իմ մասին ֆիլմ կնկարահանեն, կմտածեի, որ դա բացարձակապես անհավանական և շատ տարօրինակ բան է։ Բայց հիմա դա նույնիսկ իմ կյանքում տեղի ունեցած ամենատարօրինակ իրադարձությունների տասնյակում չի ընդգրկվում»,-խոստովանել է Ալթմանը։

Երբ նրան հարցրել են, թե այդ դեպքում ինչն է զբաղեցնում այդ յուրօրինակ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը, գործարարը նշել է այն պատասխանատվությունը, որն արհեստական բանականության զարգացման հետ կապված ընկել է իր և տեխնոլոգիական ոլորտի մյուս ղեկավարների ուսերին։

«Մենք ստեղծում ենք տեխնոլոգիա, որը բոլորիս մոտ միանգամայն իրական մտահոգություններ է առաջացնում, և միևնույն ժամանակ հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, երբ մեր ուսերին դրված է հսկայական պատասխանատվություն՝ ամեն ինչ ճիշտ անելու համար։ Նման իրավիճակում հայտնվելն ինքնին անհավանական է»,-բացատրել է նա։

Հետաքրքրական է, որ Գարֆիլդն ինքը չի թաքցնում այն մարդու նկատմամբ իր թերահավատ վերաբերմունքը, ում պետք է մարմնավորի։ Esquire ամսագրին տված հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ երբեք անձամբ չի հանդիպել Ալթմանին, սակայն կարծում է, որ այն ղեկավարները, որոնք պատասխանատվություն են ստանձնում մարդկությանը լուրջ վնաս հասցնելու ունակ տեխնոլոգիաների համար, պետք է որոշակիորեն կարողանան հուզականորեն հեռավորություն պահպանել իրենց որոշումների հետևանքներից։

Ֆիլմում նկարահանվելու են նաև Յուրա Բորիսովը, որը մարմնավորելու է OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկևերին, Մոնիկա Բարբարոն՝ ընկերության նախկին տեխնիկական տնօրեն Միրա Մուրատիի դերում, և Այք Բարինհոլցը, որին բաժին է հասել Իլոն Մասկի դերը։

Ֆիլմի ռեժիսորը «Մրցակիցներ» և «Կանչիր ինձ քո անունով» ֆիլմերով հայտնի Լուկա Գուադանինոն է, իսկ սցենարի հեղինակը՝ Սայմոն Ռիչը։

Artificial ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ի սահմանափակ կինովարձույթում նախատեսված է 2026 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ լայն վարձույթը կմեկնարկի 2027 թվականի հունվարին։



© NEWS.am STYLE