Dior-ը, Omega-ն և Aston Martin-ը պայքարում են նոր գործակալ 007-ի կողքին հայտնվելու համար

16:30   19 նոյեմբերի, 2026

Ռոբերտ Պատինսոնին Ջեյմս Բոնդի դերում հաստատելու մասին հայտարարությունը նոր մրցակցություն է սկսել շքեղ ապրանքանիշերի միջև։ Ժամացույցներ արտադրող ընկերությունները, ավտոմոբիլային և նորաձևության տները ձգտում են հայտնվել ֆրանշիզայի հաջորդ ֆիլմում, քանի որ տասնամյակներ շարունակ գործակալ 007-ի հետ համագործակցությունը կինոյի աշխարհում գովազդային ամենահեղինակավոր հնարավորություններից մեկն է համարվում։ Այս մասին գրում է Reuters-ը։

«Դոկտոր Նոու» ֆիլմի թողարկումից ավելի քան 60 տարի անց Ջեյմս Բոնդը շարունակում է մնալ հզոր մարքեթինգային գործիք։ Ընկերությունները պատրաստ են միլիոնավոր դոլարներ ծախսել, որպեսզի իրենց ժամացույցները, ավտոմեքենաները, հագուստն ու խմիչքները հայտնվեն էկրանին՝ բրիտանացի ամենահայտնի լրտեսի կողքին։

40-ամյա Պատինսոնի ընտրությամբ ավարտվել են Դենիել Քրեյգին փոխարինելու վերաբերյալ երկար տարիներ շարունակվող ենթադրությունները։ Քրեյգի մարմնավորած հերոսը զոհվել էր «Մահանալու ժամանակը չէ» (2021) ֆիլմում։ Դերասանը կրում էր Omega ժամացույցներ, վարում Aston Martin ավտոմեքենաներ և ներկայանում Tom Ford-ի կոստյումներով։

Այժմ ֆրանշիզայի նոր գլուխը, որն առաջին անգամ կնկարահանվի Amazon MGM Studios-ի և ռեժիսոր Դենի Վիլնյովի ղեկավարությամբ, կարող է փոխել Բոնդի ավանդական գործընկերների ցանկը։ Ապրանքների կինոյում գովազդային տեղադրմամբ զբաղվող մասնագետների կարծիքով՝ Պատինսոնի ընտրությունը շքեղ ապրանքանիշերի համար բացառիկ հնարավորություն է՝ նորովի կառուցելու հարաբերությունները կինոյի ամենաճանաչված ֆրանշիզաներից մեկի հետ։

«Ջեյմս Բոնդն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ապրանքանիշերի աշխարհում։ Նա կինոյի խորհրդանիշ է, որի կերպարը մեծապես ձևավորվել է այն հագուստի, ապրանքանիշերի և կոկտեյլների միջոցով, որոնցից օգտվում է»,- նշել է Hill Valley գործակալության հիմնադիր Էրիկ Նեբոն, որը նախորդ ֆիլմի վրա աշխատելիս համագործակցել է Chopard ոսկերչական տան հետ։

Պատինսոնի՝ Բոնդի կերպարով, սակայն առանց դաստակին ժամացույցի հայտնվելն արդեն մեծ իրարանցում է առաջացրել գովազդային համագործակցությունների ոլորտում։ Փորձագետների կարծիքով՝ դերասանը կարող է գրավել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ուշադրությունը՝ «Մթնշաղ» ֆիլմաշարի երկրպագուներից մինչև «Բեթմեն»-ի հանդիսատեսը։

Միևնույն ժամանակ Պատինսոնն արդեն համագործակցության պայմանագրեր ունի մի շարք խոշոր շքեղ ապրանքանիշերի հետ։ Ավելի քան տասը տարի նա համագործակցում է Dior-ի հետ, իսկ սեպտեմբերին դարձել է Richemont խմբին պատկանող շվեյցարական Jaeger-LeCoultre ժամացույցների ապրանքանիշի համաշխարհային դեսպանը։

Գլխավոր պայքարը՝ ժամացույցների համար.

Հատկապես բարդ կարող է լինել մրցակցությունը ժամացույցների շուկայում։ Jaeger-LeCoultre-ը ստիպված կլինի մրցել Omega-ի հետ, որը 1995 թվականից համարվում է Բոնդի պաշտոնական ժամացույցների գործընկերը։ Այդ տարի Փիրս Բրոսնանն առաջին անգամ մարմնավորեց 007 գործակալին «Ոսկե աչք» ֆիլմում։ Ավելի վաղ նկարահանված ֆիլմերում և Յան Ֆլեմինգի բնօրինակ վեպերում հերոսը կապվում էր Rolex ապրանքանիշի հետ։

Փորձագետները ժամացույցների ոլորտը համարում են ապրանքանիշերի միջև հնարավոր գլխավոր մրցակցության դաշտը։ Միևնույն ժամանակ ֆրանշիզայի հետ նախկինում համագործակցած ընկերությունները կարող են վերադառնալու նախապատվության իրավունք ունենալ։ Omega-ն հրաժարվել է մեկնաբանություններից, իսկ Jaeger-LeCoultre-ը Reuters-ի հարցմանը չի պատասխանել։

Ոչ պակաս հետաքրքիր կարող է լինել նաև Բոնդի զգեստապահարանի համար պայքարը։ 2008 թվականից գործակալի կոստյումները ստեղծում էր Tom Ford-ը, սակայն փորձագետների կարծիքով՝ այս անգամ այդ տեղը կարող է փորձել զբաղեցնել Dior-ը։ Ֆրանսիական նորաձևության տունն արդեն սոցիալական ցանցերում շնորհավորել է Պատինսոնին նոր դերի կապակցությամբ, սակայն ֆիլմի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ մեկնաբանություն չի տվել։

Այնուամենայնիվ, դերասանի գործող գովազդային պայմանագրերը ինքնաբերաբար չեն տարածվի նոր ֆրանշիզայի վրա։ Էկրանին հայտնվելիք ապրանքանիշերի վերջնական ընտրությունը կատարելու են Վիլնյովն ու պրոդյուսերները։

Բոնդն ավելի քիչ կոմերցիոն կդառնա՞.

Չնայած գովազդատուների համար ֆրանշիզայի գրավչությանը՝ նոր ֆիլմը կարող է այնքան էլ բաց չլինել գովազդային համագործակցությունների համար։ Վիլնյովն ու Պատինսոնը հայտնի են իրենց զուսպ գեղարվեստական մոտեցմամբ, այլ ոչ թե հոլիվուդյան ցուցադրականության ձգտումով։ Սա կարող է նշանակել, որ ֆիլմում գովազդային տեղադրումները քիչ կլինեն, իսկ դրանցից յուրաքանչյուրի համար մրցակցությունն ավելի թեժ կլինի։

Բացի այդ, հանդիսատեսը, հատկապես երիտասարդ սերունդը, կինոյում չափազանց ակնհայտ գովազդի նկատմամբ շատ ավելի քննադատական է դարձել։ Ֆիլմի ստեղծողները ստիպված կլինեն նաև հաշվի առնել ժամանակակից պահանջներն ու վերանայել Բոնդի ավանդական կերպարը, որը որոշ քննադատների կարծիքով՝ չափազանց ընդգծված առնականություն է մարմնավորում ժամանակակից հանդիսատեսի համար։

Aston Martin ավտոմոբիլային ապրանքանիշը, որը Բոնդի մասին մոտ մեկ տասնյակ ֆիլմերում է հայտնվել, առայժմ չի մեկնաբանել նոր ֆիլմում իր հնարավոր մասնակցության հեռանկարները։

Փորձագետների կարծիքով՝ այս անգամ որոշիչ գործոնը կարող է լինել ոչ թե գովազդային բյուջեի չափը։ Ինչպես ընդգծել է Էրիկ Նեբոն, 007 գործակալի ժամացույցի ընտրությունը նախևառաջ կախված կլինի ֆիլմի սյուժեից։

«Այս ամենը գոյություն ունի Վիլնյովի երևակայության մեջ»,– նշել է նա։

Նոր ֆիլմի թողարկումը նախատեսվում է 2028 թվականին՝ նախորդ մասից յոթ տարի անց։ Մինչ այդ շքեղ ապրանքանիշերը պետք է պարզեն, թե ում կվիճակվի նոր Ջեյմս Բոնդի ուղեկիցը դառնալու պատիվը։



© NEWS.am STYLE