21:34 19 նոյեմբերի, 2026Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը ծաղրի թեմա է դարձել կաշվե բաճկոնների հանդեպ իր սիրո պատճառով։ Ոմանք կարծում են, որ 63-ամյա միլիարդատիրոջն այլևս հարիր չէ նման հագուստ կրելը, մյուսները նրա ոճը համարում են միջին տարիքի ճգնաժամի դրսևորում։ Սակայն ամերիկացի լրագրող և գրող Բազ Բիսինջերը, ով մեկ տարվա ընթացքում ինքն է 600 հազար դոլար ծախսել կաշվե հագուստի վրա, նման քննադատությունն անարդար է համարում։
The Wall Street Journal-ի համար գրած իր հոդվածում հեղինակը նշել է, որ Հուանգն ունի լիակատար իրավունք հագնվելու այնպես, ինչպես ինքն է ցանկանում։ Նրա կարծիքով՝ կաշվե բաճկոնը պարզապես անձնական ճաշակի հարց է, իսկ այն տարիքի կամ ավելի երիտասարդ երևալու ցանկության հետ կապելու փորձերը պարզապես անհեթեթ են։
Բիսինջերը խոստովանել է, որ շատ լավ է հասկանում Nvidia-ի նախկին ղեկավարի հրապուրանքը կաշվե հագուստով։ Կաշվե իրերի հանդեպ իր ամենամեծ տարվածության շրջանում նա ունեցել է ավելի քան 100 բաճկոն, ինչպես նաև տասնյակ տաբատներ, կոշիկներ և ձեռնոցներ։ Գնումները վերածվել էին մոլուցքի․ լրագրողն ամեն օր սպասում էր UPS առաքման ծառայության հերթական առաքիչին և երբեմն նույնիսկ պատվիրում էր իր չափսին չհամապատասխանող հագուստ։
Մեկ տարվա ընթացքում նա կաշվե հագուստի վրա ծախսել է շուրջ 600 հազար դոլար։ Ավելի ուշ՝ կախվածության և մոլուցքային վարքագծի դեմ բուժում ստանալուց հետո, Բիսինջերը վաճառքի է հանել իր հավաքածուի մի մասը։ Սակայն նույնիսկ այսօր նրա զգեստապահարանում ավելի քան 40 կաշվե բաճկոն կա։ Իր սիրելի ապրանքանիշերի շարքում նա նշել է Gucci-ն, YSL-ը, Philipp Plein-ը, Jitrois-ը, Schott-ը և Belstaff-ը։ Լրագրողը հումորով իր հագուստը համեմատել է թանկարժեք ընտանի կենդանիների հետ, որոնց մասին ցանկանում ես հոգ տանել և նույնիսկ գիշերը ծածկել, որպեսզի չմրսեն։
Հեղինակը պատմել է նաև, որ 60 տարեկանում մոտոցիկլետ վարել է սովորել՝ կաշվե հագուստով ստեղծած իր կերպարին համապատասխանելու համար։ Այժմ նա 72 տարեկան է, սակայն շարունակում է նախընտրել ռոքերի ոճը՝ չնայած այն հանգամանքին, որ իր տարիքում, ինչպես ինքն է հեգնանքով նշում, ավելի շուտ պետք է մտածել ճոճաթոռի մասին։
Միևնույն ժամանակ Բիսինջերի կարծիքով՝ Հուանգը կարող էր ավելի համարձակ փորձարկումներ անել կաշվե հագուստի հետ։ Նրա դիտարկմամբ՝ միլիարդատիրոջ բաճկոնները չափազանց նման են միմյանց, բավականաչափ չեն ընդգծում նրա կազմվածքը և առանձնապես սեքսուալ տեսք չունեն։ Նա նաև կատակել է գերհարուստ մարդկանց սովորությունների մասին, որոնք կարող են 9 հազար դոլար վճարել Tom Ford-ի բաճկոնի համար՝ միայն ապրանքանիշի անվան դիմաց, այն դեպքում, երբ գրեթե նույն մոդելը կարելի է գտնել տասն անգամ ավելի մատչելի գնով։
Լրագրողը չի թաքցնում, որ ինքն էլ է բախվել դատապարտող հայացքների, երբ հանրության առաջ հայտնվել է կաշվե հագուստով։ Նրա դիտարկմամբ՝ քննադատությունն ամենից հաճախ հնչում է տղամարդկանց կողմից, որոնց պատկերացումները նորաձևության մասին սահմանափակվում են առանց գուլպաների դասական լոֆերներով։
Բիսինջերը խոստովանում է, որ ինքն էլ երբեմն մտածում է՝ արդյոք իր ոճը չափազանց համարձակ ու աչքի ընկնող չէ՞ իր տարիքի համար։ Նա չի ժխտում նաև, որ որոշ առումով փորձում է ներկայանալ որպես մեկը, ով իրականում չէ։ Սակայն, նրա խոսքով, մի՞թե մարդիկ անընդհատ այդպես չեն վարվում։
Հոդվածի վերջում հեղինակը կոչ է արել հանգիստ թողնել Ջենսեն Հուանգին և չքննադատել նրան կաշվե բաճկոնների հանդեպ սիրո համար։ Բիսինջերի կարծիքով՝ Nvidia-ի նախկին ղեկավարն, անկասկած, անհանգստանալու շատ ավելի լուրջ պատճառներ ունի։