22:19 19 նոյեմբերի, 2026Արհեստական բանականության ոլորտի ամենաթանկ ընկերություններից մեկի հիմնադիրների թվում են նախկին լրագրող, գիտությունների դոկտորի աստիճան ունեցող ֆիզիկոսներ, փանկ-ռոքի համերգների սիրահար և մի ձեռնարկատեր, որը ժամանակին ծանոթությունների հավելված է ստեղծել սեփական ամաչկոտության պատճառով։ Իսկ ընկերության ղեկավարներից մեկը աշխատանքային տարաձայնությունները լուծում էր փափուկ խաղալիքներից կազմված խորհրդի օգնությամբ։
Խոսքը Anthropic-ի յոթ համահիմնադիրների մասին է։ Ընկերությունը ստեղծել է Claude չաթբոտը և դարձել OpenAI-ի ու ChatGPT-ի գլխավոր մրցակիցներից մեկը։ Նրանք բոլորը 2020 թվականի վերջին հեռացել են OpenAI-ից՝ արհեստական բանականության անվտանգության վրա կենտրոնացած սեփական նախագիծը ստեղծելու նպատակով։
Այժմ նրանց արտասովոր կենսագրությունները ուշադրության կենտրոնում են հայտնվել՝ Anthropic-ի՝ Nasdaq բորսայում սպասվող նախնական հրապարակային առաջարկի (IPO) նախաշեմին։ Գնահատականների համաձայն՝ հիմնադիրներից յուրաքանչյուրի բաժնեմասի արժեքը կարող է կազմել շուրջ 18 միլիարդ դոլար։ Ընդ որում, սպասվում է, որ IPO-ի շրջանակում նրանցից յուրաքանչյուրը կվաճառի մոտ 250 միլիոն դոլարի բաժնետոմսեր՝ պահպանելով իր բաժնեմասի հիմնական մասը։
Քրիստոֆեր Օլա․ աթեիստ, որը հանդիպել է Հռոմի պապին

34-ամյա Քրիստոֆեր Օլան մեծացել է ավետարանական քրիստոնյաների ընտանիքում, սակայն 15 տարեկանում դարձել է աթեիստ։ Դեռահասության տարիներին նա կտրականապես քննադատում էր կազմակերպված կրոնը։ 2010 թվականին հրապարակված իր հոդվածներից մեկում Օլան հարց էր բարձրացնում, թե ինչպես կարող էր աստվածաշնչյան Աստվածը թույլ տալ ցեղասպանություններ և երեխաների սպանություններ, աջակցել ստրկությանը և մարդկանց բռնություն գործադրելու հրահանգներ տալ։
Սակայն տարիներ անց արհեստական բանականության ներքին աշխատանքի մեխանիզմներն ուսումնասիրող հետազոտողը հայտնվել է Վատիկանում։ 2026 թվականի մայիսին նա հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ՝ ստանալով հրավեր՝ մասնակցելու արհեստական բանականությանը նվիրված պապական առաջին շրջաբերականի քննարկմանը։
Anthropic-ում Օլան մասնակցում է Claude-ի այսպես կոչված «հոգու փաստաթղթի» մշակմանը։ Այն սկզբունքների ամբողջություն է, որը պետք է ուղղորդի չաթբոտի վարքագիծը։ Նա նաև ուսումնասիրում է արհեստական բանականության մոդելների աշխատանքի մեխանիզմները և փորձում հասկանալ՝ արդյոք մեքենաները կարող են ունենալ գիտակցությանը նման մի բան։
Ընկերությունում նախկինում ընդգծել են, որ Օլայի՝ դեռահասության տարիներին ձևավորված կրոնական հայացքներն այլևս չեն արտահայտում նրա ներկայիս համոզմունքները, և որ նա հարգանքով է վերաբերվում հավատացյալներին։
Թոմ Բրաուն․ ամաչկոտ ձեռնարկատերը, որը ստեղծել է ծանոթությունների հավելված

39-ամյա Թոմ Բրաունը՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտը, ժամանակին հիմնել է Grouper ստարտափը։ Դա հավելված էր, որն օգնում էր միմյանց անծանոթ մարդկանց ծանոթանալ և միասին գնալ խմելու։ Նախագծի ստեղծման պատճառներից մեկը երիտասարդ տարիներին շփման հարցում նրա սեփական անվստահությունն էր։
Այսօր Բրաունը Anthropic-ում պատասխանատու է հաշվողական հզորությունների և տեխնիկական ենթակառուցվածքների համար։ 2026 թվականի հունիսին նրան հանձնարարվել է բարդ բանակցություններ վարել Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ այն բանից հետո, երբ, աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնյաները դժգոհել էին ընկերության գլխավոր տնօրեն Դարիո Ամոդեիի հաղորդակցման ոճից։
Բրաունը նաև օգնել է կարգավորել Anthropic-ի հարաբերություններն Իլոն Մասկի հետ։ Վերջինս, ըստ հաղորդումների, տպավորվել էր արհեստական բանականության համակարգի ցուցադրությունից, որը կարողանում էր տեսախաղ խաղալ։ Ավելի ուշ Anthropic-ը SpaceX-ի հետ կնքել է համաձայնագիր՝ ամսական 1,25 միլիարդ դոլարով հաշվողական հզորություններ վարձակալելու վերաբերյալ։
Դանիելա Ամոդեի․ ղեկավարուհի, որն ուներ փափուկ խաղալիքներից կազմված խորհրդատվական խորհուրդ

39-ամյա Դանիելա Ամոդեին Anthropic-ի նախագահն է և ընկերության տնօրենների խորհրդի նախագահը։ Սակայն աշխատանքային տարաձայնությունները լուծելու նրա մեթոդները միշտ չէ, որ նման են եղել կորպորատիվ կառավարման ավանդական գործելակերպին։
OpenAI-ում աշխատելու տարիներին նա ամուսնու՝ Հոլդեն Կարնոֆսկու հետ օգտագործում էր փափուկ խաղալիքների հավաքածուն՝ որպես յուրօրինակ խորհրդատուների խորհուրդ, երբ անհրաժեշտ էր լինում լուծել կոլեկտիվում առաջացած բարդ իրավիճակները։ Այդ անսովոր «խորհրդի» անդամներից էր Ջինջի անունով փափուկ կատուն։ Նրա խորհուրդները, մասնավորապես, հանգում էին հանդիպումները չեղարկելուն և աշխատանքով չծանրաբեռնվելուն։
Դանիելան նաև պատմել է, որ բարդ բնավորություն ունեցող մարդկանց հետ լեզու գտնելու կարողությունը ձեռք է բերել դեռ մանկուց։ Նա հաճախ էր վիճում իր ավագ եղբոր՝ Դարիոյի հետ, որն այժմ Anthropic-ի գլխավոր տնօրենն է, և նույնիսկ խլում էր նրա խաղալիքները։
«Ես ու Դարիոն արդեն գրեթե 40 տարի է՝ վիճում ենք և հաշտվում»,- պատմել է նա Սթենֆորդի համալսարանի ուսանողներին։
Ի տարբերություն գիտնական եղբոր՝ Դանիելան 2009 թվականին, ֆինանսական ճգնաժամի ամենաթեժ շրջանում, ավարտել է Կալիֆոռնիայի համալսարանի Սանտա Կրուզի մասնաճյուղը՝ ստանալով անգլիական գրականության մասնագետի դիպլոմ։
«Գրականության դիպլոմ ունեմ, մասնագիտական հմտություններ՝ ոչ մի։ Ո՞վ ինձ աշխատանքի կընդունի»,-հիշել է նա իր այն ժամանակվա մտահոգությունները։
Ջեք Քլարք․ նախկին լրագրող և փանկ-ռոքի երկրպագու

38-ամյա Ջեք Քլարքը կարիերան սկսել է լրագրությունից։ Նա ուսումնասիրել է անգլիական գրականություն և ստեղծագործական գրություն, աշխատել է Bloomberg Businessweek-ում որպես լրագրող, իսկ 2016 թվականին միացել է OpenAI-ին։ Ժամանակի ընթացքում Քլարքը դարձել է ընկերության հանրային քաղաքականության հարցերով տնօրեն, այնուհետև գործընկերների հետ հիմնել Anthropic-ը։
Այժմ նա ղեկավարում է Anthropic Institute-ը՝ ընկերության ստորաբաժանումը, որն ուսումնասիրում է արհեստական բանականության ազդեցությունը զբաղվածության, անվտանգության և հասարակության վրա։
Սակայն տեխնոլոգիաները նրա միակ հետաքրքրությունը չեն։ Հոկտեմբերին Քլարքը սոցիալական ցանցերում խոստովանել է, որ իրեն զգում է երկու իրականությունների միջև․ մի կողմից՝ արհեստական բանականության հսկայական հնարավորություններն են, մյուս կողմից՝ «կյանքի, ընկերների և փանկ-ռոքի համերգների իրական, ֆիզիկական աշխարհը»։
Դարիո Ամոդեի․ մշտապես երկրորդ տեղը զբաղեցրածը, որը կարող է վաստակել 18 միլիարդ դոլար

43-ամյա Դարիո Ամոդեին Anthropic-ի գլխավոր տնօրենն է և արհեստական բանականության զարգացման նկատմամբ զգուշավոր մոտեցման ամենահայտնի կողմնակիցներից մեկը։ Նա նախազգուշացնում է, որ տեխնոլոգիաների անվերահսկելի զարգացումը կարող է լուրջ սպառնալիք դառնալ մարդկության համար։
Այնուամենայնիվ, երիտասարդ տարիներին Ամոդեին բոլորովին այլ խնդիրների պատճառով էր անհանգստանում։ Նա մասնակցում էր գիտական օլիմպիադաների, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում զբաղեցնել առաջին տեղը։
«Երկրորդ տեղերը զբաղեցնելու իմ հակումը լեգենդար է»,-գրել է նա ամերիկյան ֆիզիկայի օլիմպիադայի համար ներկայացրած ինքնակենսագրականում։
Սան Ֆրանցիսկոյում ծնված Ամոդեին սովորել է Փրինսթոնի համալսարանում, որտեղ ստացել է կենսաֆիզիկայի դոկտորի աստիճան, այնուհետև Սթենֆորդի համալսարանում զբաղվել քաղցկեղի հետազոտությամբ։ 2016 թվականին Սեմ Ալթմանը նրան հրավիրել է միանալ OpenAI-ին՝ հնդկական ռեստորանում կազմակերպված ընթրիքի ժամանակ։
Սակայն ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները վատթարացել են՝ ընկերության կառավարման և արհեստական բանականության անվտանգության հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով։ 2020 թվականի դեկտեմբերին Դարիոն քրոջ՝ Դանիելայի և մի քանի գործընկերների հետ հեռացել է OpenAI-ից, իսկ արդեն հաջորդ ամիս նրանք հիմնել են Anthropic-ը։
Ամոդեիի սիրելի ստեղծագործությունների թվում են «Սիմփսոններ» անիմացիոն սերիալը և Այզեք Ազիմովի գիտաֆանտաստիկ գրքերը։
Ջարեդ Կապլան․ ֆիզիկոս, որը փորձում է արհեստական բանականությունը վերահսկելի պահելու ուղիներ գտնել

42-ամյա Ջարեդ Կապլանը գիտական կարիերայի մեծ մասը նվիրել է քվանտային գրավիտացիայի ուսումնասիրությանը, նախքան հետաքրքրվելը արհեստական բանականությամբ։ Նա Սթենֆորդի համալսարանում ստացել է ֆիզիկայի և մաթեմատիկայի կրթություն, իսկ դոկտորի աստիճանը՝ Հարվարդի համալսարանում։ 2012 թվականին Կապլանը միացել է Ջոնս Հոփքինսի համալսարանի դասախոսական կազմին։
Սեմ ՄաքՔենդլիշի հետ նա մասնակցել է OpenAI-ի 2020 թվականի կարևորագույն հետազոտություններից մեկի պատրաստմանը։ Աշխատանքում նկարագրված էին օրինաչափություններ, որոնք ցույց էին տալիս, թե ինչպես է լեզվային մոդելների արդյունավետությունը կախված հաշվողական հզորություններից, ուսուցման տվյալների ծավալից և հենց մոդելի չափից։
Այսօր Կապլանը Anthropic-ի գլխավոր գիտաշխատողն է։ Նա նաև օգնել է մշակել Constitutional AI մոտեցումը, որի շրջանակում չաթբոտները սովորում են գնահատել սեփական պատասխանները՝ նախապես սահմանված սկզբունքների հիման վրա։
Սեմ ՄաքՔենդլիշ․ արհեստական բանականության համեստ ճարտարապետը

36-ամյա Սեմ ՄաքՔենդլիշը Anthropic-ի ամենաքիչ հանրայնացված համահիմնադիրներից մեկն է։ Նա սիրում է ծառեր մագլցել և ջազային դաշնամուր նվագել։ Այս զբաղմունքների մասին նա նույնիսկ նշել է 2012 թվականին ԱՄՆ էներգետիկայի նախարարության կրթաթոշակային ծրագրի համար ներկայացրած ինքնակենսագրականում։
ՄաքՔենդլիշը Բրանդեյսի համալսարանում ուսումնասիրել է մաթեմատիկա և ֆիզիկա, այնուհետև Սթենֆորդի համալսարանում ստացել ֆիզիկայի դոկտորի աստիճան։ OpenAI-ում նա ղեկավարել է հետազոտական թիմ, որն ուսումնասիրում էր, թե ինչպես են փոխվում արհեստական բանականության համակարգերի հնարավորությունները դրանց մասշտաբների մեծացմանը զուգընթաց։
Anthropic-ում նա զբաղեցնում է գլխավոր ճարտարապետի պաշտոնը և պատասխանատու է խոշոր մոդելների ուսուցման ու ավելի հզոր արհեստական բանականության համակարգերի ստեղծման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների համար։
Anthropic-ի յոթ հիմնադիրները ներկայացնում են մասնագիտական փորձի բավականին անսովոր համադրություն՝ ֆիզիկայից և մաթեմատիկայից մինչև լրագրություն, գրականություն և ձեռնարկատիրություն։ Սակայն հենց այս թիմն է, որը արհեստական բանականության ապագայի շուրջ տարաձայնությունների պատճառով հեռացավ OpenAI-ից և այժմ կանգնած է ոլորտի ամենաազդեցիկ ընկերություններից մեկի ղեկին։
Եթե IPO-ի վերաբերյալ կանխատեսումներն իրականանան, նրանցից յուրաքանչյուրը կդառնա տեխնոլոգիական բիզնեսի ամենահարուստ մարդկանցից մեկը։