Ferrari-ն ավտոմեքենաների հանդեպ կիրքը վերածել է շքեղության․ այժմ երկրպագուները 9 հազար դոլար արժողությամբ պայուսակներ են գնում

22:33   20 նոյեմբերի, 2026

Ferrari-ն ավտոմեքենաների հանդեպ սերը վերածում է նորաձևության աշխարհի նոր մոլուցքի։ Այժմ լեգենդար ապրանքանիշի երկրպագուները պայքարում են ոչ միայն 250 հազար դոլարից սկսվող սպորտային մեքենաներ ձեռք բերելու, այլև 9 հազար դոլար արժողությամբ պայուսակների, 3 հազար դոլարանոց կաշվե բաճկոնների և հայտնի՝ սլացող հովատակի պատկերով այլ շքեղ իրերի համար, գրում է The Wall Street Journal-ը։

Տասնամյակներ շարունակ հիմնականում մրցարշավային հաղթանակների և սուպերմեքենաների հետ ասոցացվող ավտոարտադրողն այժմ ակտիվորեն մուտք է գործում բարձր նորաձևության աշխարհ։ 2021 թվականից Ferrari-ն պարբերաբար իր հավաքածուներն է ներկայացնում Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում՝ ձգտելով սեփական անունը վերածել լիարժեք շքեղության ապրանքանիշի։

Այս ռազմավարության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հագուստն ու աքսեսուարները, որոնք ստեղծում է Armani-ի նախկին դիզայներ Ռոկկո Յաննոնեն։ Ferrari-ն նրան 2019 թվականին հրավիրել է՝ դառնալու նորաձևության ուղղության առաջին ստեղծագործական տնօրենը։ Նույն ժամանակահատվածում ընկերությունը սկսել է մոտ երկու անգամ կրճատել լիցենզային պայմանագրերի քանակը՝ նպատակ ունենալով հրաժարվել ապրանքանիշի խորհրդանշաններով զարդարված էժանագին արտադրանքի չափազանց մեծ տեսականիից։

Այժմ Ferrari-ն զանգվածային արտադրության հուշանվերների փոխարեն նախապատվությունը տալիս է թանկարժեք դիզայներական նորաձևությանը։ Հավաքածուներում ներկայացված են շուրջ 9 հազար դոլար արժողությամբ պայուսակներ, 3 հազար դոլարանոց կաշվե մրցարշավային բաճկոններ, կոստյումներ, սպորտային հագուստի հավաքածուներ և տարբեր աքսեսուարներ։ Ընդ որում՝ որոշ իրեր արտադրվում են Իտալիայի Մարանելլո քաղաքում գտնվող նույն գործարանում, որտեղ պատրաստվում են նաև Ferrari-ի ավտոմեքենաները։

Ferrari-ի տեսքով պայուսակներ և մրցարշավային ոճի նորաձևություն

Նյու Յորքում Ferrari-ի նորաբաց խանութում այցելուներին դիմավորում են ոչ թե ավտոմեքենաները, այլ լեգենդար Daytona մոդելի ձևով պատրաստված պայուսակները։ Որոշ աքսեսուարներ զարդարված են բյուրեղներով, մյուսները՝ մրցարշավային գծերով։ Ավտոմոբիլային գեղագիտությունն աստիճանաբար դառնում է առօրյա հագուստի մի մասը, իսկ ապրանքանիշի տարբերանշանը՝ յուրահատուկ ակումբին պատկանելու խորհրդանիշ։

Յաննոնեն ընդունում է, որ գլխավոր խնդիրը բարձր նորաձևության և Ferrari-ի երկրպագուների՝ սիրելի ապրանքանիշի տարբերանշանը ցուցադրելու ցանկության միջև հավասարակշռություն գտնելն է։

«Նրանք Ferrari-ն չեն ընկալում որպես զուսպ շքեղության ապրանքանիշ։ Եթե դուք գնում եք Ferrari մակնիշի ավտոմեքենա, ցանկանում եք արտահայտել ձեր անհատականությունն ու բնավորությունը», — բացատրել է դիզայները։

Եվ իսկապես, ապրանքանիշի երկրպագուների համար կարևոր է ոչ միայն զուսպ նրբագեղությունը, այլև Ferrari-ի նկատմամբ իրենց սերն ու նվիրվածությունը բացահայտորեն արտահայտելու հնարավորությունը։ Այդ պատճառով որոշ մոդելներում ավտոմեքենաների հետ կապն արտահայտվում է հազիվ նկատելի դետալով, օրինակ՝ մեքենայի ուրվագծով կայծակաճարմանդով, իսկ մյուսներում ապրանքանիշի անվանումն ու սլացող հովատակի խորհրդանշանը պատկերված են գլխարկների, կախազարդերի և հագուստի նախշերի վրա։

«Ֆորմուլա 1»-ը վերածվում է նորաձևության բիզնեսի

Նորաձևության ուղղության ընդլայնումը համընկել է ԱՄՆ-ում «Ֆորմուլա 1»-ի ժողովրդականության կտրուկ աճի հետ։ ESPN-ի տվյալներով՝ 2018-2025 թվականներին մրցարշավների հեռուստադիտողների միջին թիվն ավելի քան կրկնապատկվել է։ Մրցումների նկատմամբ հետաքրքրության աճին զուգահեռ մեծացել է նաև թիմերի ու ավտոարշավորդների հետ կապված հագուստի և աքսեսուարների պահանջարկը։

Ferrari-ն միակ շքեղության ապրանքանիշը չէ, որը փորձում է օգտվել այս միտումից։ Tommy Hilfiger-ը համագործակցում է Mercedes-ի և կանանց F1 Academy մրցարշավային շարքի հետ։ 2025 թվականին LVMH-ը դարձավ «Ֆորմուլա 1»-ի գլխավոր հովանավորներից մեկը, իսկ խմբի մի շարք ապրանքանիշեր համագործակցություն սկսեցին մրցարշավային թիմերի և ավտոարշավորդների հետ։

Մասնավորապես, աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնը, որը հանդես է գալիս Ferrari-ի կազմում, նկարահանվել է Dior-ի գովազդային արշավներում։ Թիմի մեկ այլ ավտոարշավորդ՝ Շառլ Լեկլերը, 2025 թվականին ներկայացրել է հագուստի սեփական հավաքածուն։

Ferrari-ի ֆինանսական արդյունքներն էլ են վկայում այս ուղղության աճող նշանակության մասին։ Ընկերության ֆինանսական հաշվետվության համաձայն՝ մրցարշավային գործունեությունից և ապրանքանիշի խորհրդանշաններով արտադրանքի վաճառքից ստացվող եկամուտների մասնաբաժինը 2021 թվականի առաջին կիսամյակի 8,8%-ից 2026 թվականին հասել է 11,4%-ի։

Ադրիանա Լիման, Ալիշա Քիզը և Ferrari-ի միլիոնատեր երկրպագուները

Լաս Վեգասի Գրան պրիից առաջ Ferrari-ն ցուցադրություն է կազմակերպել՝ նվիրված Նյու Յորքի Սոհո թաղամասում իր նոր բուտիկի բացմանը։ Սա ապրանքանիշի արդեն չորրորդ խանութն է ԱՄՆ-ում և տասներորդը՝ ամբողջ աշխարհում՝ չհաշված զեղչային կենտրոններում գործող վաճառքի կետերը։

Պոդիում են բարձրացել սուպերմոդել Ադրիանա Լիման և F1 Academy-ի ավտոարշավորդ Ալբա Հուրուպ Լարսենը։ Նրանք ներկայացրել են Յաննոնեի հավաքածուի նմուշները՝ սպորտային հագուստից և կաշվե բաճկոններից մինչև նրբագեղ կոստյումներ։

Ցուցադրությունից հետո տեղի է ունեցել երեկույթ, որին մասնակցել են ապրանքանիշի հայտնի երկրպագուները։ Հյուրերի թվում էին երգչուհի Ալիշա Քիզը և նրա ամուսինը՝ երաժշտական պրոդյուսեր Swizz Beatz-ը, որը հայտնի է Ferrari ավտոմեքենաներ հավաքելու իր մեծ սիրով։ Միջոցառմանը ներկա է եղել նաև միլիարդատեր և կոլեկցիոներ Հերբերտ Վերթհայմը, որը նույն տարվա սկզբին աճուրդում 40 միլիոն դոլարով էլեկտրական Ferrari էր ձեռք բերել։

Հատկապես աչքի է ընկել 45-ամյա Պանթեա Ֆերարին՝ Դալլասից փաստաբանը։ Նա նույնիսկ պաշտոնապես փոխել է իր ազգանունը՝ իտալական ավտոարտադրողի նկատմամբ սերն ընդգծելու համար։ Միջոցառմանը կինը ներկայացել է Ferrari-ի սպիտակ վերարկուով, Swarovski բյուրեղներով զարդարված զգեստով և նույնպիսի բյուրեղներով պատված՝ ավտոմեքենայի ձև ունեցող մանրակերտ պայուսակով։

«Ես ամեն օր վարում եմ իմ 488 Spider-ը։ Ես այն մարդկանցից չեմ, որոնք մեքենաները պարզապես պահում են ավտոտնակում»,-պատմել է նա։

Պանթեան Ferrari-ի երկրպագու է արդեն 15 տարի, սակայն ապրանքանիշի առաջին նորաձևության աքսեսուարը գնել է ընդամենը չորս տարի առաջ։ Նա ինքնաբուխ որոշմամբ ձեռք է բերել վառ կարմիր արևային ակնոցներ, որոնք ինքն էլ բնորոշել է որպես համարձակ ու աչքի ընկնող։

Նրա պայուսակի ներսում ամրացված էր պիտակ՝ հետևյալ գրությամբ. «Պատրաստված է բացառապես Պանթեայի համար»։

Այսպիսով, Ferrari-ն աստիճանաբար ձևավորում է շքեղության նոր մոդել, որտեղ ավտոմեքենաների հանդեպ սերը դուրս է գալիս ավտոտնակի սահմաններից։ Այժմ ապրանքանիշի երկրպագուները կարող են իրենց նվիրվածությունն արտահայտել ոչ միայն սուպերմեքենայի ղեկին նստած, այլև պայուսակի, բաճկոնի կամ նույնիսկ արևային ակնոցների միջոցով։



© NEWS.am STYLE