13:12 21 նոյեմբերի, 2026Բրիտանացի հայտնի շեֆ-խոհարար Ջեյմի Օլիվերը բավականին անհարմար իրավիճակում է հայտնվել Գրեմ Նորթոնի շոուի ժամանակ՝ հոլիվուդյան լեգենդ Ռոբերտ Դե Նիրոյի հետ հանդիպելիս։ Հաղորդման եթերում Ջեյմին ստիպված է եղել հիշել մի պատմություն, որը, հավանաբար, կնախընտրեր մոռանալ. շուրջ 30 տարի առաջ դերասանը խոհանոց է հետ ուղարկել նրա պատրաստած պաստան, քանի որ ուտեստը բավականաչափ կծու չի եղել։
51-ամյա Օլիվերն այս պատմությունը պատմել է The Graham Norton Show-ի ուրբաթօրյա թողարկման ժամանակ, որտեղ նրա հետ միասին հյուրընկալվել էին նաև Դե Նիրոն և նրա գործընկեր Բեն Սթիլերը։
Այդ ժամանակ Օլիվերն աշխատում էր Լոնդոնի հայտնի The River Cafe ռեստորանում։ Մի օր այնտեղ է այցելել Դե Նիրոն և պատվիրել արաբիատա պաստա։
«Ես անչափ հուզված էի, երբ Ռոբերտ Դե Նիրոն եկավ ռեստորան։ Նա արաբիատա պաստա պատվիրեց։ Ես ինձ դրա պատրաստման իսկական վարպետ էի համարում, ուստի անմիջապես անցա գործի»,- հիշել է շեֆ-խոհարարը։
Սակայն ուտեստը չի արդարացրել հոլիվուդյան աստղի սպասելիքները։
«Նա հետ ուղարկեց այն։ Պարզվեց, որ պաստան բավականաչափ կծու չէր։ Բայց ես միևնույն է սիրում եմ նրան»,- ժպիտով խոստովանել է Օլիվերը։
Պատմությունն առանձնապես զվարճալի է հնչել այն պատճառով, որ Դե Նիրոն այդ պահին նստած էր խոհարարի կողքին։ Դերասանը հաղորդմանը եկել էր Սթիլերի հետ՝ ներկայացնելու իրենց նոր՝ «Ֆոքերները. Նոր սերունդ» (Focker-in-Law) ֆիլմը։
Իսկ Օլիվերը շոուին հյուրընկալվել էր իր նոր՝ «20 Minute Meals» խոհարարական գրքի մասին պատմելու համար։