14:18 21 նոյեմբերի, 2026Քիմ Քարդաշյանը որոշել է յուրահատուկ նվեր մատուցել հարսանիքի պատրաստվող իր երկրպագուհիներից մեկին։ Գործարարը խոստացել է վերականգնել իր նախկին օծանելիքի հավաքածուի՝ արտադրությունից հանված բույրը։
Պատմությունը սկսվել է TikTok-ում տարածված վիրուսային տեսանյութից։ Հասմին Էրերա անունով ապագա հարսնացուն անսովոր խնդրանքով անմիջականորեն դիմել է ռեալիթի շոուի 46-ամյա աստղին։
Նա պատմել է, որ պատրաստվում է ամուսնանալ հաջորդ տարվա հունիսին և երազում է հարսանիքի օրն օգտագործել գարդենիայի բույրով իր սիրելի օծանելիքը, որը ժամանակին թողարկում էր Քարդաշյանը։
«Դու գարդենիայի բույրով ցնցող օծանելիք ունեիր։ Հենց դա եմ ուզում օգտագործել հարսանիքիս օրը։ Սրվակս վերջացել է, որովհետև դա իմ ամենասիրելի բույրն էր»,- բացատրել է Էրերան։
2017 թվականին Քարդաշյանը գարդենիայի նոտաներով երեք բույր էր թողարկել՝ ոգեշնչված Մերձավոր Արևելքում իր ճամփորդություններից։ Սակայն 2022 թվականին KKW Fragrance բրենդի փակումից հետո այդ օծանելիքներն անհետացել էին վաճառքից։ Աղջիկը խոստովանել է, որ այդպես էլ չի կարողացել դրանց արժանի փոխարինող գտնել։
«Քի՛մ, աղաչում եմ, եթե պահեստում դեռ մնացել է այդ օծանելիքից, պատրաստ եմ գնել։ Ուզում եմ, որ հարսանիքիս օրն ինձ հենց այդ բույրն ուղեկցի»,- դիմել է նա գործարարին։
Էրերան հավելել է, որ օծանելիքն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ դրա սիրահար է նաև իր փեսացուն։
Քարդաշյանն անուշադրության չի մատնել խնդրանքը։ SKIMS-ի հիմնադիրը կիսվել է երկրպագուհու տեսանյութով և գրել. «Ես ամեն ինչի մասին կհոգամ»։
Այնուհետև նա խոստացել է գործարանում աղջկա համար հատուկ սրվակ պատրաստել տալ։
«Դու հենց նոր հրաշալի դարձրիր օրս։ Աստվա՛ծ իմ, անչափ շնորհակալ եմ։ Ես միշտ երախտապարտ կլինեմ քեզ»,- հուզված արձագանքել է ապագա հարսնացուն։
2022 թվականին Քարդաշյանը հայտարարել էր KKW Fragrance-ի փակման մասին՝ բացատրելով, որ ցանկանում է իր կոսմետիկ նախագծերը միավորել մեկ բրենդի ներքո։ Ավելի վաղ նա նաև դադարեցրել էր KKW Beauty կայքի աշխատանքը, որը հետագայում վերանվանվել էր SKKN BY KIM։
Սակայն ժամանակի ընթացքում այս նախագիծը ևս ավարտել է իր աշխատանքը. SKKN BY KIM-ը դադարեցրել է գործունեությունը 2025 թվականի հունիսի 29-ին։ 2024 թվականին գործարարը գործարկել էր դեկորատիվ կոսմետիկայի առանձին՝ SKKN by Kim Makeup շարքը։