Մաքոլեյ Կալկինը վերադառնում է «Տանը մենակ» ֆիլմին. պաշտամունքային ֆիլմն անսպասելի շարունակություն կունենա

15:22   21 նոյեմբերի, 2026

Մի ամբողջ սերնդի սիրելի սուրբծննդյան պատմությունը կարող է նոր գլուխ ունենալ։ «Տանը մենակ» կուլտային կատակերգության շարունակությունում Մաքոլեյ Կալկինը կրկին կմարմնավորի Քևին Մաքալիսթերին։ Սցենարի մշակմանը միացել է Սեթ Ռոգենը, որը հայտնի է «Մի քիչ հղի» և «Հարցազրույցը» ֆիլմերով։

Ինչպես հաղորդում է PEOPLE պարբերականը, նոր ֆիլմը մշակման վաղ փուլում է։ Նախագծի վրա աշխատում են Disney և 20th Century Studios ստուդիաները։ Ռոգենն ու նրա վաղեմի ստեղծագործական գործընկեր Էվան Գոլդբերգը սցենարի ստեղծման և ֆիլմի մշակման աշխատանքներին մասնակցում են 46-ամյա Կալկինի հետ միասին։

Շարունակության գաղափարը պատկանում է հենց դերասանին. վերջին ամիսներին նա Disney-ին է ներկայացրել Քևին Մաքալիսթերի հետագա ճակատագրի իր տեսլականը։

Կալկինի՝ կուլտային դերին հնարավոր վերադարձի մասին առաջին անգամ խոսվել էր դեռ հուլիսին։ Այն ժամանակ PEOPLE-ի աղբյուրը հայտնել էր, որ դերասանի և Disney-ի միջև բանակցությունները գտնվում են ամենասկզբնական փուլում։

Վերջին անգամ Կալկինը Քևինի դերը խաղացել է 1992 թվականին էկրան բարձրացած «Տանը մենակ 2. Նյու Յորքում կորածը» ֆիլմում։ Հենց ֆրանշիզի առաջին երկու մասերն էլ նրան դարձրին մանկական կինոյի ամենահայտնի աստղերից մեկը։ 1997 թվականին թողարկված երրորդ ֆիլմում արդեն այլ դերասաններ էին նկարահանվում, իսկ 2002 թվականի չորրորդ մասում որոշ կերպարներ վերադարձան, բայց՝ առանց նախնական դերասանական կազմի։

2021 թվականին Disney-ը Disney+ հարթակում թողարկեց «Տանը մենակ. Տուն, քաղցր տուն» ֆիլմը, սակայն Կալկինն այնտեղ չհայտնվեց։

Ինքը՝ դերասանը, դեռ 2025 թվականի նոյեմբերին Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում կայացած իր A Nostalgic Night with Macaulay Culkin շրջագայության ժամանակ պատմել էր շարունակության հնարավոր սյուժեի մասին։ Նրա մտահղացմամբ՝ իրադարձությունները ծավալվելու են առաջին երկու ֆիլմերի դեպքերից մի քանի տասնամյակ անց։

Քևինն արդեն հասուն տղամարդ է, որը միայնակ է մեծացնում իր երեխային։ Նա կա՛մ այրիացել է, կա՛մ ամուսնալուծվել, շատ է աշխատում և բավականաչափ ուշադրություն չի դարձնում որդուն կամ դստերը։ Արդյունքում երեխան նեղանում է հորից, և մի օր էլ հենց Քևինն է հայտնվում սեփական տան փակ դռան հետևում։

Այսպիսով՝ նոր պատմությունը կարող է գլխիվայր շրջել բնօրինակ կատակերգության սյուժեն։ Այս անգամ արդեն հասունացած Քևինը կհայտնվի կողոպտիչներ Հարիի և Մարվի կարգավիճակում, որոնց նախորդ ֆիլմերում մարմնավորել էին Ջո Պեշին և Դենիել Սթերնը։ Նա ստիպված կլինի սեփական տուն մտնելու ելք փնտրել, մինչդեռ իր երեխան ամեն կերպ կխոչընդոտի դրան։

Առայժմ հայտնի չէ, թե որքանով է հենց այս գաղափարը համընկնում այն սյուժեի հետ, որի վրա այժմ աշխատում են Կալկինը, Ռոգենն ու Գոլդբերգը։

Ստեղծողները դեռևս չեն հայտարարել դերասանական կազմն ու ռեժիսորի անունը։ Disney-ը չի մեկնաբանել ֆիլմի մշակման մասին տեղեկությունը։



© NEWS.am STYLE