17:29 21 նոյեմբերի, 2026Արքայազն Հարիի և Մեգան Մարքլի վերադարձը Մեծ Բրիտանիա, որը մեծ անակնկալ էր թագավորական ընտանիքի երկրպագուների համար, պայմանավորված չէր միայն հարազատներին ավելի մոտ լինելու ցանկությամբ։ Page Six-ի տվյալներով՝ տեղափոխության պատճառներից մեկը Սասեքսի դուքսի ամերիկյան վիզայի խնդիրներն են։
Պարբերականի աղբյուրները պնդում են, որ 42-ամյա Հարին ԱՄՆ-ում բնակվելու փաստաթղթերը երկարաձգելիս դժվարությունների է հանդիպել։ Հնարավոր է՝ հենց դա էլ ազդել է Կալիֆոռնիան լքելու ամուսինների որոշման վրա, որտեղ նրանք ապրում էին 2020 թվականից։
«Նրա վիզայի ժամկետը լրացել էր, իսկ երկարաձգումը միանգամից չհաջողվեց»,- Page Six-ին հայտնել է ԱՄՆ կառավարական շրջանակների աղբյուրը։
Պարբերականի մյուս զրուցակիցները ևս հաստատել են, որ վիզայի խնդիրը կարող էր լուրջ դեր խաղալ ընտանիքի՝ Մեծ Բրիտանիա անսպասելի վերադարձի որոշման մեջ։
Թե կոնկրետ ինչ ներգաղթային կարգավիճակ ունի Հարին ԱՄՆ-ում, առայժմ հայտնի չէ։ Պարզ չէ նաև՝ արդյոք վիզայի երկարաձգման ուշացումն ազդել է երկրում օրինական գտնվելու նրա իրավունքի վրա։ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակիցը նշել է, որ վիզաները սահմանափակ ժամկետ ունեն և պետք է պարբերաբար երկարաձգվեն։
Page Six-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Հարիի ներգաղթային խնդիրն այժմ արդեն լուծված է։ Ենթադրվում է, որ ամուսինները Սուրբ Ծննդին կվերադառնան Կալիֆոռնիա՝ երեխաների՝ յոթամյա արքայազն Արչիի ու հնգամյա արքայադուստր Լիլիբեթի, ինչպես նաև Մեգանի մոր՝ Դորիա Ռագլանդի հետ։
Սակայն վիզայի հետ կապված դժվարությունները միակ պատճառը չեն, որ Հարին ու Մեգանը որոշել են կրկին հաստատվել Մեծ Բրիտանիայում։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նրանք ցանկանում են երեխաներին բրիտանական կրթություն տալ, ինչպես նաև հնարավորություն ստեղծել, որ նրանք ավելի շատ շփվեն հոր կողմի հարազատների ու ընկերների հետ։