Հայկական բնաշխարհից հավաքված ծաղիկները՝ կտավի տեսքով

19:46   12 մարտի, 2014

Ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանը Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում  մարտի 15-ին կներկայացնի ծաղկաթերթիկներից պատրաստված իր նկարների հավաքածուն։ «Հայկական տարազներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսում կկազմակերպվի նաեւ նրա «Ծաղկանուն» զարդերի հավաքածուի ցուցահանդես-վաճառքը։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում ցուցահանդեսի կազմակերպիչ Ահարոն Թադեւոսյանն ասաց, որ ծաղիկները հավաքվել են վայրի բնության գրկից՝ Հայաստանի ամենատարբեր մարզերում։ Տարիներ շարունակ Նունեն հավաքել է դրանք։ 2005 թվականին նա ներկայացրեց իր ծաղկաթերթիկներով պատրաստած կտավների առաջին հավաքածուն, այնուհետ 2006-2010 թվականներին հավաքեց եւ պատրաստեց այս հավաքածուն,-ասաց Թադեւոսյանը։


Նրա խոսքով՝ նկարներում ներկանյութեր օգտագործված չեն. չորացրած ծաղիկների բնական գույներն են։

Ցուցահանդեսին կներկայացվեն ծաղկաթերթիկներով պատրաստված 32 հայկական տարազ, ինքնադիմանկարներ եւ թեմատիկ հորինվածքներ: Ցուցահանդեսը կգործի մարտի 15-20-ը:

Պատրաստեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE